Նորություններ

«Լայնածավալ պատերազմական գործողությունները կարող են Ադրբեջանի համար ցավալի հետևանքներ ունենալ. այն աշխարհաքաղաքական առավելությունները, որ կային անցած տարի, այլեւս չկան»

Արդեն մի քանի օր է պաշտոնական Բաքուն լարվածություն է ստեղծում և ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախիջևանի ուղղությամբ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի: Սահմանային լարված իրավիճակի և դրանից բխող  հնարավոր զարգացումների  վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

«Այս պահին կարելի է ենթադրել, որ սահմանային լարված իրավիճակը կապված է այն բանակցությունների հետ, որոնք տեղի են ունենում Ալիևի և Եվրամիության ներկայացուցիչների հետ, և նաև սպասվող Ալիև-Պուտին հանդիպման հետ:

Ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստը պետք է մեր աչքի առաջ ունենանք և հասկանանք, որ նախկինում էլ Ալիևը սահմանային միջադեպերը միշտ օգտագործել է իր քաղաքական խնդիրները լուծելու համար և երբեմն ճնշում էր բանեցնում կամ ակտիվ էր պահում Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցելիս:

Սարո Սարոյան

Հիմա էլ մենք տեսնում ենք, որ այդ բանակցությունները գնում են, և տարածաշրջանում ուժերի վերաբաշխումներ են տեղի ունենում, և այդ տեսանկյունից Ալիևը շարունակում է նախորդ տասնամյակներում տեղի ունեցող իր քաղաքական գծի շարունակությունը: Կարելի է ասել, որ անկլավների խնդիրը հիմա իսկապես Ադրբեջանի քաղաքական օրակարգում դրված է, և հաստատ դրա հետ կապված զարգացումներ այդ բանակցություններում կան, և նաև դրանով կարող ենք պայմանավորել ստեղծված իրավիճակը»,- հայտարարեց Սարոյանը:

Թե ինչու է անկլավների թեման հիմա մտել քննարկման օրակարգ, քաղաքագետը հայտարարեց.

«Անկլավների մասին մինչ այժմ չի խոսվել, որովհետև 90-ականների սկզբին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև այդ հարցում կային որոշակի համաձայնություններ, և անկլավների թեման օրակարգից դուրս էր հայտնվել: Ընդհանուր առմամբ այդ համաձայնությունները կայացվել են ինչ-որ առումով գաղտնի, բայց այն, ինչ որ  գոնե  փորձ էր արվում մատուցել հանրությանը, հանգում էր նրան, որ տեղի է ունեցել փոխանակում Արծվաշենի և ադրբեջանական մի քանի գյուղերի միջև, որոնք գտնվում էին ՀՀ տարածքում: Ադրբեջանը երբեք այդ խնդիրները չէր էլ փորձում բարձրացնել, և դրա կարիքն էլ չկար: Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի ախորժակը, բնականաբար, շատ մեծ է, և անկլավների հարցը բարձրացնում է, որովհետև Հայաստանին այդ խնդիրները իսկապես ծնկի են բերում:

Պատահական չէ, որ այդ անկլավները ստեղծվել են ժամանակին, այդ անկլավները ստեղծվել են, որպեսզի Հայաստանի կարևոր տրանսպորտային երակները գտնվեն վերահսկողության տակ, կամ խորհրդային իշխանությունների կողմից ինչ-որ առումով այլընտրանքային վերահսկողություն սահմանվի Բաքվի ձեռքում: Հիմա այդ գյուղերը դրանով են շատ կարևոր»,- հայտարարեց Սարոյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ–ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Դուք իրատեսակա՞ն եք համարում ռազմական նոր գործողությունները:

Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքագետ  Սարո Սարոյանը հայտարարեց.

«Պատերազմները տեղի են ունենում քաղաքական որոշումներով և հետո նոր ռազմական բախման են բերում և ունենում են քաղաքական շահառուներ:

Հարցը հետևյալի մեջ է. աշխարհաքաղաքական այն դասավորությունը, որը հիմա է, այսինքն՝ արցախյան երկրորդ պատերազմից 7-8 ամիս հետո, Ադրբեջանը իրեն թույլ կտա՞ լայնածավալ պատերազմական գործողություններ իրականացնել: Ես կարծում եմ, որ այդպիսի պատերազմները կարող են Ադրբեջանի համար ցավալի հետևանքներ ունենալ: Այն առավելությունները, որ կային անցած տարի, այդ առավելությունները չկան. խոսքը աշխարհաքաղաքական առավելությունների մասին է և ոչ ռազմական: Քաղաքական դասավորությունները, որ հնարավորություն տվեցին, որպեսզի նման պատերազմ լինի, հիմա այլևս չկան, և այդ տեսանկյունից կարելի է ասել, որ եթե անգամ պատերազմական ինչ-որ գործողություններ լինեն, ապա չի լինի այնպիսի հաջողություններով, ինչպիսին Ադրբեջանն ունեցել է անցած տարի:

Զուտ ռազմական տեսանկյունից Հայաստանը իհարկե պատրաստ չէ պատերազմի և շատ ավելի անպատրաստ է, քան արցախյան երկրորդ պատերազմից առաջ:

Նման կարգի պատերազմները չեն ծագում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի սուբյեկտիվ որոշումներով, դրանք շատ այլ գործոններով են պայմանավորված, և այդպիսի գործոնները այսօր էլ շատ-շատ են»,- եզրափակեց քաղաքագետ Սարո Սարոյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close