Նորություններ

«Բաքուն ստեղծում է վախի և տագնապի շարունակական մթնոլորտ՝ փորձելով խաղաղության պայմանագրի քողի ներքո հասնել իր ձեռք բերած հաջողության մաքսիմալ կապիտալիզացիայի»

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի ախորժակը շատ ավելի մեծ է, և նրա բոլոր ելույթները, հրապարակումները, գործողությունները դրա վառ ապացույցն են: Ադրբեջանը գնում է լարվածության նոր օջախների ստեղծմանը՝ ի հեճուկս այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք  են բերվել նոյեմբերի  9-ի և հունվարի  11-ի եռակողմ հայտարարությամբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Իմքայլական պատգամավորը, անդրադառնալով երեկվա կառավարության նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ կապված Ալիևի հայտարարության հետ, նշեց.

«Նիկոլ Փաշինյանը երեկ հստակ դիտարկումներով ներկայացրեց Ալիևի նպատակների մասին, որոնք հետապնդում է Ադրբեջանը»:

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է արձագանքի հայկական կողմը Ալիևի  տարածքային հավակնությունների վերաբերյալ հայտարարություններին այն պարագայում, երբ փաստացի մեր արտաքին գերատեսչությունն ավելի քան մեկ ամիս կազմալուծված վիճակում է:

Հարցադրմանն անդրադառնալով՝ Հայրապետյանը հայտարարեց.

Տաթևիկ Հայրապետյան

«Ցավոք, ԱԳ նախարարի և փոխնախարարների հրաժարականից հետո այդ դաշտը բավականին բաց է մնացել:

Ես հույս  ունեմ, որ առաջիկայում խորհրդարանի  և  կառավարության վերջնական ձևավորումից հետո ԱԳՆ-ն գործի կանցնի:

Կարծում եմ, որ գլխավոր պատասխանը մեր կողմից, Ադրբեջանի  նկրտումների  նկատմամբ պատասխանը բանակի հզորացումն է, որովհետև 30 տարիների ընթացքում Ադրբեջանի հիմնական զսպիչ ուժը եղել է հայկական բանակը:

Եվ միայն Թուրքիայի բացարձակ աջակցության շնորհիվ Ադրբեջանը կարողացավ ապահովել ռազմական  հաջողություն: ՀՀ անվտանգության երաշխավորը եղել և շարունակում է մնալ ՀՀ զինված ուժերը»,- ընդգծեց պատգամավորը:

Սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանը լարում է իրավիճակը, օրերս հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհ  ունեցանք: Ադրբեջանը մի քանի օր է կեղծ լուրեր է տարածում, որ իբր հայկական զինուժը կրակոցներ է արձակել Շուշիի ուղղությամբ: Ինչի՞ է ուզում սրանով հասնել Ադրբեջանը, ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում:

Տաթևիկ Հայրապետյանի  կարծիքով՝ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելով՝ գնացել է սադրանքների:

«Ադրբեջանական  զինված ուժերը ոչ միայն դուրս  չեն գալիս ՀՀ ինքնիշխան տարածքից, ավելին՝ փորձում են ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Բաքուն ստեղծում է վախի և տագնապի շարունակական մթնոլորտ՝ փորձելով խաղաղության պայմանագրի քողի ներքո հասնել իր ձեռք բերած հաջողության մաքսիմալ կապիտալիզացիայի:

Բաքուն փորձում է  իր համար կարևորագույն խնդիրներ լուծել: Ալիևն իր վերջին ելույթում իր խաղաղության պայմանագրի չկնքմանը ի պատասխան սպառնում է նոր պատերազմով: Սա  ի՞նչ է նշանակում, մի՞թե պետությունները գնում են խաղաղության՝ պատերազմի սպառնալիքի ներքո, նման  կերպ չի կարող խաղաղություն  լինել:

Հայկական կողմը բազմիցս խոսել է դրա մասին, երեկ նաև խոսել է երկրի ղեկավարը, որ պատրաստ է իսկապես խաղաղություն կառուցել տարածաշրջանում:

Իմ համոզմամբ միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել, իսկ ադրբեջանական կողմն ակնհայտորեն գնում է նորանոր էսկալացիաների  և շարունակում իր հակահայկական քարոզչությունը ամենաբարձր մակարդակով»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը:

Անահիտ Չալիկյան   

Back to top button
Close