«ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրաժարվելով դեսպանների մակարդակով Ալիևի հրավերից, արձանագրում են, որ ոչինչ որոշված և հաստատուն ամրագրված չէ». քաղաքագետ
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված 46 դեսպաններ մեկնել էին Շուշի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել էին այցելել Շուշի:
Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:
«ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրաժարվելով դեսպանների մակարդակով Ալիևի հրավերից, պարզապես արձանագրում են, որ ոչինչ որոշված և հաստատուն ամրագրված չէ, քանի դեռ առաջին հերթին որոշված չէ Արցախի կարգավիճակը:
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանն ունեն այսպիսի դիրքորոշման որոշակիորեն ընդհանուր, բայց նաև զգալիորեն տարբեր մոտիվներ: Սակայն 3 երկրների համար էլ կարևոր է արձանագրել, որ ոչինչ որոշված չէ և ըստ այդմ էլ առանձին դետալները չեն կարող ստանալ քաղաքական, առավել ևս իրավաքաղաքական ամրագրում կամ արձանագրում:

Ալիևի հրավերը մերժել են նաև առաջատար այլ երկրների դեսպաններ՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների դեսպանների մասին կային հակասական տեղեկություններ. սրանք իհարկե դետալային հարցեր են, սկզբունքային նշանակություն չեմ կարծում, թե ունեն:
Մենք տեսանք, որ այնտեղ եղել են այնպիսի երկրների դեսպաններ, ինչպիսիք են Հունաստանը, որը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, Չինաստանը, և այս հանգամանքը պայմանավորված է այդ երկրների Ադրբեջանի հետ հարաբերությունների գնահատմամբ:
Մենք պետք է արձանագրենք, որ անկախ ամեն ինչից, որևէ երկիր պատրաստ չէ Ադրբեջանի հանդեպ դիրքավորվել այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում կամ մենք ենք ուզում:
Ադրբեջանի հետ հարաբերվելու են, աշխատելու են, և այս իմաստով մենք պետք է պատրաստ լինենք դրան և պատրաստ լինենք մրցակցել այդ երկրների հետ և ինքներս այդ երկրների հետ տարբեր ոլորտներում հասնել սերտ հարաբերության»,- հայտարարեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
Բադալյանի խոսքով՝ Ալիևը, նման հրավերներ կազմակերպելով, փորձում է քարոզչական դաշտում լուծել իր խնդիրներն իր հասարակության հետ:
«Հասկանալի է, որ ռազմական հաղթանակով Ալիևը կարողացավ որոշակիորեն լուծել իր և հասարակության միջև եղած խնդիրները՝ ցույց տալով, որ ինքը հաղթող նախագահ է, որ այսքան տարի Ադրբեջանի հասարակությունը զրկանքներ էր կրում, որպեսզի հաղթանակ տանի:
Այդուհանդերձ պարզ է, որ ադրբեջանցիները շարունակելու են ապրել Ալիևի կոռումպացված ռեժիմի և հարստահարման պայմաններում, և ժամանակի ընթացքում հաղթանակի ռեսուրսը կսկսի զրոյանալ: Ալիևը փորձում է այսպիսի քարոզչական շարժերով հասնել մի իրավիճակի, երբ ներքին խնդիրները հնարավորություն կունենա լուծել և դրանք հնարավորինս ուշ դրսևորել իր և հասարակության միջև»,- ընդգծեց Հակոբ Բադալյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է սերտորեն աշխատի Ռուսաստանի հետ՝ անվտանգության առանց այն էլ խափանումներով գործող համակարգը նոր խափանումների չբերելու համար:
«Այս համատեքստում մենք պետք է օբյեկտիվորեն աշխատենք Ռուսաստանի հետ և միևնույն ժամանակ առանց Ռուսաստանի մոտ վախեր առաջացնելու և վախեր արթնացնելու՝ մենք պետք է ինտենսիվ աշխատենք ժամանակային հեռանկարում այլընտրանքներ ձևավորելու ուղղությամբ, ընդ որում ոչ միայն անվտանգային ոլորտի այլընտրանքներ, այլ նաև՝ տնտեսական զարգացման, պետության արդիականացման:
Շատ կարևոր է այդ աշխատանքը անել այնպես, որպեսզի Ռուսաստանի մոտ չառաջանան վախեր՝ Հայաստանին կորցնելու վախեր:
Ռուսաստանը հիմա գտնվում է չափազանց բարդ, զգայուն և նյարդային փուլում, և Հայաստանը վախեր առաջացնելով՝ կարող է հայտնվել Ռուսաստանի նյարդային վիճակի ագրեսիվ դրսևորումների հարվածի ներքո: Մեզ դա բացարձակապես պետք չէ, և այս իմաստով այլընտրանքների հետ աշխատանքը պետք է տանենք Ռուսաստանի հետ աշխատանքի համադրմամբ, ավելորդ ռիսկերի մեջ և հարվածների տակ չհայտնվելու համար»,-եզրափակեց Հակոբ Բադալյանը:
Անահիտ Չալիկյան