«100-130 բնակելի տուն է կառուցվում. փորձում ենք նաև հրետակոծված տները վերանորոգել». Կարմիր շուկայի գյուղապետ

«Վերջին 2 ամիսներին մեր գյուղում նորմալ է, առաջ թե ժամանակ առ ժամանակ կրակոցներ կային՝հիմա չկա, էս պահին հանգիստ է գյուղում: Դե գիտեք, որ հիմա գյուղատնտեսական աշխատանքների սեզոն է, մարդիկ հիմնականում էդ աշխատանքներով են զբաղված»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը:
Նրա խոսքով՝ իրենց գյուղում հասկանալի պատճառով վարելահողերը քչացել են, բայց ինչ մնացել է իրենց վերահսկողության տակ, այդտեղ հացահատիկային մշակաբույսեր են աճեցնում:
«Խոտն առանց խնդրի կարողացել ենք հնձել, միջադեպեր, կամ որ ասեմ թշնամին սադրանքի դիմեց, չեղավ նման բան:
Գյուղում ուղղակի խնդիրն այն է, որ ջուր չկա և ոռոգումը խնդիր է մեզ համար»,-նշեց Աթայանը:
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում սկսվել են բնակարանաշինարարական աշխատանքներ՝ հարևան Թաղավարդ համայնքի բնակիչների համար, ովքեր նոյեմբերի 9-ից հետո կորցրել են իրենց տները:
Գյուղում նաև փորձում են վերանորոգել հրետակոծության ենթարկված տները:
«Մոտավորապես 100-130 բնակելի տուն է կառուցվում, հիմնականում Թաղավարդից տեղահանված բնակիչների համար են կառուցվում բնակարանները:Աշխատանքները դեռևս ընթանում են, փորձում ենք նաև հրետակոծված տները վերանորոգել»:
Համայնքապետի խոսքով՝ մինչև պատերազմը բազմաբնակարան 2 շենքեր կային, պատերազմից հետո շարունակվում է այդ շենքերի կառուցումը:
Անահիտ Չալիկյան