Նորություններ

«Մարդիկ իրենց անվտանգությունից ելնելով՝ վաճառել են իրենց անասունները». Շուռնուխի գյուղապետ

Սահմանամերձ դարձած Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ չնայած այս պահին գյուղում իրավիճակը հանդարտ  է, թշնամին սադրանքների չի դիմում, բայց շուռնուխցիները վաճառել են իրենց անասունները, որովհետև անասուններին կերակրելը գյուղում խնդիր է դարձել:

«Անհնարին է դարձել անասուն պահելը, անասունները որտեղ միշտ տարել են արածեցնելու, հիմա դրանց վերահսկողության տակ է գտնվում: Մեր անասունները մի քանի ամիս առաջ անցել էին իրենց  տարածք, ու այդպես էլ 19 գլուխ անասուն չվերադարձրին:

Մարդիկ իրենց անվտանգությունից ելնելով՝ վաճառել են իրենց անասունները:

Այսօր մի բարերար օգնություն է տալիս, մարդիկ յոլա են գնում, մինչև տեսնենք գլխներիս ինչ կգա»,- հայտարարեց Շուռնուխի գյուղապետը:

Արշակյանն  ասում է, որ ճիշտ է, հիմա այնպես է դասավորվել, որ թուրքը  հասել է իրենց  տների դիմացը, բայց  մարդիկ  չեն մտածում գյուղը  լքելու կամ նրանց թողնելու մասին:

«Գյուղից մի 3 ընտանիք բացակա են, իրենց  տները թուրքին է անցել, և մնալու տեղ չունեն, Գորիսում են մնում: Մարդիկ սպասում են, որ իրենց կորցրած տների դիմաց  փոխհատուցում ստանան, և այդ 3 ընտանիքներն էլ կվերադառնան:

Մեր վարչական շրջանի ամբողջ ներքևի թաղամասն իր տնամերձներով անցել է թշնամու վերահսկողության տակ»,- շարունակեց գյուղապետը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ հիմա թշնամին հանդարտ է, բայց ո՞վ կարող է ասել՝ ինչ կարող է լինել հաջորդ վայրկյանին:

Ասում է՝ գյուղում երեխեք կան, ուզում են խաղալ, երեխեն ի՞նչ  է հասկանում, որ դիմացը թուրք է:

«Երեխան մնում է երեխա, վագր էլ լինի, կմոտենա մինչև որ ձեռքը չկծի»,- եզրափակեց Շուռնուխի գյուղապետը:

Անահիտ Չալիկյան

Back to top button