Նորություններ

«Եթե սահմանին տեղակայվում են ռուսական զորքեր, մենք պիտի հասկանանք, որ Հայաստանի սահմանի հարցը, ըստ էության, որոշվելու է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններով»

«Ցանկալի է, որ սահմանային խնդիրները բացառապես լուծվեն դիվանագիտական ճանապարհով, բայց այստեղ հայկական զինուժը հստակ անելիքներ ունի, և պետք չէր թույլ տալ, որ ադրբեջանցիներն առաջանային մեր սուվերեն տարածք: Հետո նոր մտածել հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու մասին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները բավականին  անատամ գտնվեցին և հիմա էլ բավականին անատամ են գործում, և Ադրբեջանն էլ անընդհատ օգտվելու է դրանից:

«Հարցը, այո, կարելի է լուծել  բանակցությունների  միջոցով, բայց այլ հարց է, թե Հայաստանի իշխանությունները կարո՞ղ են այս հարցը լուծել բանակցություններով, թե՞ ոչ:

Եթե Հայաստանի առաջին դեմքը հայտարարում է, որ դրանք անբնակ, անպետք տարածքներ էին, որովհետև տարվա 6 ամիսը ձյուն է, բնականաբար, այդ իշխանությունը չի կարող ՀՀ սահմանների վերաբերյալ բանակցել: Այսինքն՝ սա է մեր պրոբլեմը, և այդ պրոբլեմը մեր ներսում է»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Քաղաքագետը, անդրադառնալով Հայաստանի դիմումի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքին, հայտարարեց.

«ՀԱՊԿ-ի նման արձագանքը միանգամայն սպասելի էր, բայց այստեղ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ը մեր դիմումին արձագանքել է մոտ մեկ ամիս անց, ինչը նշանակում է, որ   անգամ եթե Հայաստանի սահմաններին լուրջ ագրեսիա լինի, որևէ երաշխիք չկա, որ  ՀԱՊԿ-ի պատասխանը այլ կլինի, և ամենայն հավանականությամբ ՀԱՊԿ-ը էլի  կպատասխանի շատ ուշացումով:

Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան հետևություններ անեն»:

Վերջինիս խոսքով՝ սա առաջին հերթին Հայաստանի, իշխանության խնդիրն է, և պետք չէ մեղքը բարդել հնարավոր կամ փաստաթղթերով դաշնակիցների  վրա:

«Սա առաջին հերթին ՀՀ իշխանությունների ձախողված և անատամ քաղաքականության արդյունքն է:

ՀՀ վարչապետը ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորն է, և նա պարտավոր է ապահովել դա, և եթե նա չի կարող ապահովել դա, ապա նա իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը:

Քաղաքական դաշտը պիտի բարձրացնի այս  հարցերը, պիտի վարչապետից  պարզաբանումներ պահանջի՝ ինչ է մեզ սպասվում, ինչ կարող ենք ակնկալել Հայաստանի իշխանություններից, և ինչը նրանք վստահաբար չեն կարողանալու անել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ անորոշությունն է պատճառը, որ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ  չգիտենք՝ վաղը մեզ  ինչ է սպասվում:

Քաղաքագետը, անդրադառնալով հայտարարություններին, որ  հայ-ադրբեջանական սահմանին պիտի  ռուսական զորքեր տեղակայվեն, նշեց.

«Հայաստանի Հանրապետության սահմանները պիտի  պաշտպանեն հայկական զորքերը, եթե սահմանին տեղակայվում են ռուսական զորքեր, մենք պիտի հասկանանք, որ Հայաստանի սահմանի հարցը, ըստ էության, որոշվելու է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններով, և Հայաստանը էապես զիջելու է իր ինքնորոշումը, ինչն անթույլատրելի է:

Մենք  ինքներս պետք է պաշտպանենք մեր տարածքային ամբողջականությունը և  մեր  սահմանները: Ես վստահ եմ, որ հայկական բանակն այդքան ներուժ ունի, որովհետև  հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 25.000-30.000 զորք եմ փրկել, հետո պարզվում է, որ մենք բավարար զորք չունենք մեր սահմանները պաշտպանելու համար:

Բոլոր հարցերում Հայաստանի իշխանությունները պետք է հստակ պարզաբանումներ ներկայացնեն և չփորձեն իրենց թերացումները բարդել ուրիշների վրա»,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close