«Ռուս խաղաղապահների առկայությունն ինչ-որ առումով մեղմացնում է լարվածությունը, բայց դա լիակատար երաշխիք չի կարող լինել». Ա.Վարդանյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին աշխատանքային այցով Մոսկվայում էր և հանդիպել է ՌԴ նախագահի հետ: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, Փաշինյանն ավելի հաճախ է մեկնում ՌԴ, նաև ավելի հաճախ է հեռախոսազրույցներ ունենում Պուտինի հետ:
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հաճախակի դարձած հանդիպումները պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը փորձում է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմում ներառել Ադրբեջանին, և դրա համար Հայաստանին լրացուցիչ ճնշումների է ենթարկում:
«Իմ խորին համոզմամբ Հայաստանը պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ, սահմանների հարցը պիտի լուծվի, որից հետո Ադրբեջանը նոր կկարողանա մտնել այդ կառույց: Ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի վրա ճնշումներ կան, և հենց դրանով է պայմանավորված ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ նախագահի հանդիպումները»։
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան սահմանի անկայուն իրավիճակին: Սյունիքում ի՞նչ գործընթացներ կարող են տեղի ունենալ, և, ընդհանրապես, ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ այդ հանդիպումից:
Հարցադրմանն ի պատասխան՝ Արմեն Վարդանյանը հայտարարեց.
«Կարծում եմ, որ Ադրբեջանն անընդհատ պրովոկացիաների կգնա, քանի որ շատ լավ է հասկանում, որ Հայաստանը ներկա դրությամբ թույլ է, և օգտվելով այդ հանգամանքից՝ փորձում է հավելյալ բաներ կորզել:
Այնպես որ, չի բացառվում, որ սահմանին նոր լարվածություն կստեղծվի, որից հետո Ադրբեջանը կխուսափի իր վրա վերցրած պարտավորություններից:
Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն անընդհատ սադրանքներ է հրահրում սահմանին, և այս «փխրուն» վիճակը ժամանակավոր է, որովհետև այս «փխրուն կայունությունը» Ադրբեջանի սրտով չէ»:
Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական զինված ստորաբաժանումները ՀՀ ինքնիշխան տարածքում են, Ադրբեջանը մերթընդմերթ սադրանքների է դիմում, Վերին Շորժայի հատվածում փոխհրաձգություն էր օրերս տեղի ունեցել: ՀԱՊԿ-ից արձագանքեցին, որ սա սահմանային միջադեպ է: Գեղարքունիքի մարզպետն էլ հայտարարել էր, որ ռուս զինծառայողների տեղակայումից հետո ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն այդ հատվածներից: Տվյալ սահմանային հատվածում ռուսական զորքի ներկայությունը անվտանգային ի՞նչ երաշխիքներ կարող է տալ մեզ:
Հարցադրմանն անդրադառնալով՝ քաղաքագետը հայտարարեց.
«Ռուսական զորքի ներկայությունը, իհարկե, լրացուցիչ երաշխիք է, բայց չի կարելի ամբողջ հույսը դնել ռուս խաղաղապահների վրա:
Հայաստանը արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո պետք է վերականգնվի, արդիականացնի իր բանակը, այլապես կշարունակի մնալ ոչ թե գործոն, այլ պարզապես գործիք Ռուսաստանի և մյուս երկրների համար:
Ռուս խաղաղապահների առկայությունն ինչ-որ առումով մեղմացնում է լարվածությունը, բայց դա լիակատար երաշխիք չի կարող լինել, որ սահմանին ամեն ինչ նորմալ կլինի»,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Անահիտ Չալիկյան