Նորություններ

«Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ պիտի գնա Մոսկվա ինչ-որ հաշվետվություն տա, իրեն ասեն՝ գո՞հ են, թե՞ դժգոհ». քաղաքագետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականից  ավելի քան մեկ ամիս անց ՀՀ գլխավոր դիվանագետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ:

Պատերազմից հետո, երբ Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, այդ թվում անվտանգային,  ի՞նչ վտանգներով է հղի, որ մեր երկրում այս պահին ԱԳՆ-ն կիսակազմալուծված վիճակում է:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ ավելի մեծ վտանգ,  քան Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության ծրագրի իրականացումն է, չկա:

«Պարզ է, որ դիվանագիտական հանրությունը Նիկոլ Փաշինյանի վարած  արտաքին քաղաքականության գծի հետ համաձայն չէ, խոսքը մասնավորապես  վերաբերում է Ադրբեջանի հետ հաշտեցմանը, որը կապիտուլյացիայի օրինականացման ակնհայտ ծրագիր է:

Արմեն Հովհաննիսյան

Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ստացավ մանդատ, դա ժողովրդի մի մասի կողմից  միանձնյա, միապետական կառավարման «պողպատյա» մանդատ էր: Կարելի է հիմա ասել, որ ՀՀ ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանն է, և իր հիմնական ծրագրային դրույթը, նպատակը  2020թ.-ի կապիտուլյացիայի օրինականացումն է, և այն իրականացնելիս  հաշվի  չի  առնվելու այլ  կարծիքներ և դիմադրություն»,- ընդգծեց քաղաքագետը:

Ըստ Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ԱԳ նախարար ունենալ-չունենալը այդքան էլ կարևոր չէ, ինչ-որ մեկին կնշանակեն այդ պաշտոնին,  դա խնդիր չէ:

«Մենք հիմա ընկել ենք մանր-մունր դետալների հետևից, այսինքն՝ ԱԳՆ ունենք-չունենք, այդ  ամեն ինչը պետք է նայել ընդհանուր գծի վրա:

Մենք ունենք մարդ, ով  ընտրություններին ստացել է մանդատ և ով  լի  է վճռականությամբ իրականացնել մի  ծրագիր, որը, ըստ  իրեն, իբր խաղաղություն կապահովի մեզ և  մեր սերունդներին, բայց ցանկացած փորձագիտական կարծիքի տեսակետից  սա պարզապես Հայաստանի վերջը ապահովող և վերջին  մոտեցնող ծրագիր է:

Իսկ թե կունենանք ԱԳ նախարար, չենք ունենա, արդեն մանր-մունր դետալներ են, ինստիտուտները ոչինչ  չեն նշանակում, կարևորը  ժողովրդի մանդատն է, ռուս-թուրքական տանդեմի պահանջներին ենթարկվելը. սա է ամբողջ գաղափարախոսությունը»,-ընդգծեց Արմեն Հովհաննիսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ պիտի գնա Մոսկվա ինչ-որ հաշվետվություն տա, իրեն ասեն՝ գո՞հ են, թե՞ դժգոհ:

«Ինչպես  պիտի իրեն պահի արևմտյան գործընկերների հետ, ինչպես պետք է պահի Ադրբեջանի հետ:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մտահոգված է արևմտյան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ Եվրամիության երկրների ակտիվությամբ:

Այնպես որ, պարոն Փաշինյանը մանրամասն կհրահանգավորվի, թե  ինչպես պետք է դրանք ի չիք դարձնել՝ գոնե դրանց  արդյունավետությունը իջեցնելով»,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր  ներկայացրել, հրաժարականի հիմնավորումների մեջ մասնավորապես գրել է. «Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:

Թե՛ Զոհրաբ Մնացականյանի, թե՛ Արա Այվազյանի պաշտոնանկության վերաբերյալ որևէ պատշաճ պարզաբանում կամ հիմնավորում չի տրվել, բայց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել՝ մատնանշելով, օրինակ, գերիների հարցը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close