«Ժամանակակից Ռուսաստանը Թուրքիայի հետ խոսում է քննարկումների, բանակցությունների, առևտրի լեզվով, և Թուրքիան էլ օգտվում է այդ հանգամանքից`փորձելով ավելի շատ բաներ կորզել». Ռ.Սաֆրաստյան
Երեկ Անթալիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում է տեղի ունեցել, և դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան արցախյան երկրորդ պատերազմից հետո ուժեղացնում է իր ազդեցությունը մեր տարածաշրջանում:
Նրա խոսքով՝ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները հիմա այնպիսի որակ են ստացել, որ այդ հարաբերությունները վերաբերում են շատ տարածաշրջաններին՝ Ուկրաինա, Ղրիմ, Լիբիա, Սիրիա և իհարկե նաև Հարավային Կովկաս: Աշխարհաքաղաքական առումով ևս այս երկու երկրները շատ խնդիրներ ունեն:

«Ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիան շատ ավելի մեծ առավելություններ էր փորձում ստանալ արցախյան վերջին պատերազմից հետո: Թուրքիան ձգտում էր, որ թուրք խաղաղապահները ռուս խաղաղապահների հետ համատեղ իրականացնեին խաղաղապահ առաքելությունը, բայց դա չստացվեց:
Նրանք ցանկանում էին՝ համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն իրավունք ստանա մոնիթորինգ իրականացնել նաև Արցախի տարածքում, բայց դա էլ չստացվեց:
Այսինքն՝ Թուրքիան շատ ավելի մեծ խնդիրներ է իր առջև դնում, քան նրանք ստանում են:
Ես գտնում եմ, որ այս երկու երկրները համագործակցում են Հարավային Կովկասում՝ կոմունիկացիաների և արցախյան հարցի բանակցությունների առումով:
Չեմ կարծում, որ նրանք միայն դրանով են սահմանափակվում իրենց քննարկումների ժամանակ: Կարծում եմ, որ քննարկումների ժամանակ եղել են նաև այլ խնդիրների հետ կապված քննարկումներ, մասնավորապես այն, որ Թուրքիան հայտարարել է, որ պետք է ռազմաբազա ստեղծի Ադրբեջանում: Ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կհասկանանք՝ ինչ են քննարկել երկու երկրների արտգործնախարարները, բայց դրա համար ժամանակ է պետք:
Ժամանակակից Ռուսաստանը այլևս ո՛չ ցարական Ռուսաստանն է, ո՛չ էլ Սովետական Միությունն է, որ կարողանա Թուրքիայի հետ խոսել ուժի դիրքերից: Ժամանակակից Ռուսաստանը Թուրքիայի հետ խոսում է քննարկումների, բանակցությունների, առևտրի լեզվով: Ռուսաստանի դիրքը հիմա այդպիսի քաղաքականություն է թույլ տալիս վարել Թուրքիայի նկատմամբ, և Թուրքիան էլ օգտվում է այդ հանգամանքից և փորձում է բանակցությունների ընթացքում ավելի շատ բաներ կորզել Ռուսաստանից: Կամ էլ ընդհանրապես չի հարցնում Ռուսաստանի թույլտվությունը, ինչպես դա արեց մասնակցելով և ղեկավարելով արցախյան երկրորդ պատերազմ, վարձկաններ տեղափոխելով տարածաշրջան և այլն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ժամանակակից աշխարհում շատ բաներ փոխկապակցված են իրար: Թուրքիան փորձում է ցույց տալ, որ իր վարած քաղաքականությունը ոչ միայն իր շահերից է բխում, այլ նաև փորձում է իր շահերը համակցել նաև Արևմուտքի և ԱՄՆ-ի շահերին»,- հայտարարեց թուրքագետը:
«Թուրքիան փորձում է ակտիվ դերակատարում ստանձնել նաև Հարավային Կովկասում, և Շուշիի հռչակագիրը արտահայտում է Թուրքիայի ձգտումները, ամբիցիաները, մեր տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու, Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու առումով:
Բացի դրանից, Շուշիի հռչակագիրը վկայում է նաև այն մասին, որ Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերը մնում են ուժի մեջ, և դրանք ավելի են զարգանում:
Այստեղ ես տեսնում եմ ուղերձ նաև թուրքալեզու աշխարհին, դրանով ցույց է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը:
Այնպես որ, Շուշիի հռչակագիրը մի նոր էջ է բացում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ, և այդ էջի առանձնահատկությունը այն էր, որ հռչակագրի ստորագրումից հետո Էրդողանը հայտարարեց, որ քննարկվում է նաև Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու խնդիրը:
Ես տարիներ շարունակ նշել եմ, որ Թուրքիան նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, իսկ հիմա մենք արդեն տեսնում ենք, որ այդ նախապատրաստական աշխատանքներն անցել են մի նոր փուլ, և երկրի բարձրագույն ղեկավարությունն է դրա մասին հայտարարում:
Այսինքն՝ Թուրքիայի ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում չի սահմանափակվում տնտեսական, քաղաքական ոլորտներով, այլ հիմա արդեն նաև մտնում է ռազմական ոլորտ, և սա նոր որակ է հաղորդում Թուրքիայի ծավալապաշտականությանը և շատ ավելի մեծ վտանգ է պարունակում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Անահիտ Չալիկյան