ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Կարենս իմ մինուճար որդին էր. ես սպասում էի, որ պապայի ծնունդն է, ինչ էլ լինի, կզանգի… չզանգեց». 19-ամյա հերոսը զոհվել էր հոր ծննդյան օրը

Երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը, Կարեն Նորիկի Ավագյանը 2 ամսվա ծառայող էր: Զինվորական ծառայությանը նոր-նոր ընտելացած, զենքի հմտություններին ոչ լիարժեք տիրապետող նորակոչիկների ուսերին էր դրված ամենաթեժ հատվածներում կռվելու, պայքարելու ու դիրքը պահելու բեռը:

Կարեն Նորիկի Ավագյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 23-ին Էջմիածին քաղաքում: Ժամկետային զինծառայողը հրետանավոր էր, մինչև հոկտեմբերի 17-ը կռվել է Մարտակերտի և Մատաղիսի պաշտպանության համար: Հերոսաբար զոհվել է իր հոր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 17-ին:

«Կարենս իմ մինուճար որդին էր. էնքան պարզ, մաքուր, ուրախ մարդ էր: Մի ուրիշ բան էր կյանքը իր համար, շատ էր սիրում կյանքը: Կարենս ինչ-որ հատուկ չէր պլանավորում, որ սա անեմ, նա անեմ. ինքն իր օրն էր ապրում:

Մեքենա վարել էր շատ սիրում, հերիք է մեքենայի բանալիները տայիր, ու աշխարհը իրենն էր դառնում:

Բարի էր, կամեցող… չնայած մեր զոհված բոլոր երեխեքն էլ յուրահատուկ էին, և դրա համար էլ երևի Աստված հենց նրանց տարավ:

Դպրոցն ավարտելուց 6 ամիս անց զորակոչվեց բանակ, չէր դժգոհում ծառայությունից, ամուսինս գնացել էր Ջաբրայիլ՝ Ջրական: Իր տեսակով ինքը հարմարվող երեխա էր: Անգամ պատերազմի օրերին ինձ ու հորը հանգստացնելու համար ասում էր՝ մամ ջան, մենք ապահով վայրում ենք, հանկարծ չմտածես: Մեզ չէր ասում, որ մինչև ամենաթեժ հատվածում է կռվել՝ Մարտակերտ, Մատաղիս»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանի մայրը՝ Նելլի Ավագյանը:

Տիկին Նելլին պատմում է, որ պատերազմի օրերին ամենօրյա հաճախականությամբ կապի մեջ են եղել իրենց որդու հետ: Քանի որ այդ օրերին բջջային հեռախոսից օգտվելը վտանգավոր էր, Կարենի ծնողներն իրենց որդու անվտանգությունից ելնելով՝ որոշում են, որ պիտի կապը լինի ոչ թե ամենօրյա, այլ՝ օրընդմեջ:

«Կարենս ասաց՝ լավ, մամ, օրընդմեջ կզանգեմ: Հոկտեմբերի 15-ին զանգեց, խոսեցինք… մտածում էի ամսի 17-ին հենց զանգեց, կհիշեցնեմ, որ պապայի ծնունդն է. դե երեխես պատերազմի մեջ էր, կարող ա մտքից թռած լիներ: Անկախ ամեն ինչից՝ ես սպասում էի, որ պապայի ծնունդն է, ինչ էլ լինի, Կարենը կզանգի: Չզանգեց, իմ ու ամուսնուս աչքերից արցունքը թափվում էր: Մեր աչքին հաց սարքել, հաց ուտել չէր գալիս… ամուսնուս հորաքրոջ տղան մեզ հրավիրեց իրենց տուն, ասաց՝ եկեք նստենք մի կտոր հաց ուտենք: Գնացինք, սեղանին նստած՝ իմ ու ամուսնուս աչքերից արցունքը թափվում էր, ոչ հացն էր կուլ գնում, ոչ էլ կարող էինք խոսել: Բայց անկախ ինձանից ասացի՝ պատերազմն ավարտվի, գառ եմ մատաղ անելու, հորաքրոջ տղան ասաց՝ 3 հատ գառ ես եմ մատաղ անելու, միայն թե Կարենը զանգի ասի, որ պատերազմը ավարտվել է: Մի 15-20 րոպե մնացինք, հետո տպավորություն էր, որ ինքներս մեզնից ենք փախչում: Մենք սպասում էինք՝ երբ է լույսը բացվելու, որ առավոտ Կարենը մեզ զանգի:

Կարենս սովորաբար ժամը 1-ից հետո էր զանգում, ես ամեն օր գնում էի եկեղեցի, աղոթքս էի անում, ասում էի՝ Աստված ջան, բալիս քեզ եմ տվել, դու պիտի տիրություն անես:

Սիրտս տրաքում էր, ժամը տասից զանգել եմ այն համարներով, որոնցով Կարենը մեզ էր զանգել: Զանգում եմ, անջատում են, դե մոր սիրտը ուրիշ է, մոր սիրտը միշտ զգում է:

Հետո տալիս տղան զանգեց ամուսնուս հետ խոսեց, իրենք արդեն իմացան՝ ինչն ինչոց է, ինձ չէին ասում: Հետո ամուսնուս, տալիս տղային ասել են, որ մաման անընդհատ զանգում էր, մենք ո՞նց ասենք, որ իր տղեն չկա:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ հենց հոր ծննդյան օրը, զոհվել է Մարտակերտ-Մատաղիս հատվածում՝ թեժ մարտերի ժամանակ:

Կարենս շատ դուխով տղա էր, իմ որդին մինչև վերջ կռվել է, չի փախել: Երբ հետը խոսել ենք, ձայնի մեջ որևէ փոփոխություն չենք զգացել, մեզ միշտ հանգստացրել է՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, մեզ հույս էր տալիս, թե լավ է լինելու: Ասում էր՝ հեսա կվերջանա պատերազմը, ասում էի՝ հա, բալես, հա»,- պատմում է հերոսի մայրը:

Տիկին Նելլին ասում է, որ ինքը ուրիշ ծնողների նման հպարտություն չի զգում, որ ինքը հերոսի մայր է.

«Մենք հերոսներ շատ ունենք… միշտ աղոթել եմ, ասում էի՝ Տեր Աստված, ինձ հերոս չտաս: Ես հերոս չէի ուզում… Իմ տղեն զոհվել է, և եթե դու քո տան մեջ չես կարողանում քայլել, տղայիդ սենյակ չես կարող մտնել, քո տան մեջ չես կարող ապրել, քո տան լույսը մարել է, քո տան ուրախությունը չկա, դու հպարտ կլինե՞ս: Ես էն ժամանակ հպարտ կլինեի, որ նա թեկուզ առանց ոտքերի գար, և այն ժամանակ կգոռայի, որ ես հերոսի մայրն եմ, իմ հերոս տղեն տանն է: Հիմա ես ամեն օր իմ հերոսի տունն եմ գնում՝ սպիտակած մազերով ու սև շորերով:

Կուզեի՝ ինձ համար բոլոր դռները փակ լինեին, բայց տանս մեջ մամա ասող լիներ, եփածս ճաշը ուտող լիներ: Մենք չունենք նրան, որ մտնի տուն ասի՝ պապ, մաման ո՞ւր է: Գալիս էր տուն, ասում էր՝ մերս, հաց դիր, ուտեմ, շորերս դիր, որ գամ հագնեմ: Մինչև հիմա Կարենիս շորերը ինքը ոնց կախել էր, էդպես էլ դրված է»,- 19-ամյա հերոս Կարեն Ավագյանի մայրը՝ Նելլի Ավագյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close