Նորություններ

«Կա նաև պատերազմի ակտիվ փուլ սկսելու հավանականություն». ռազմական փորձագետ

Հունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ դրանք ավելի շատ զորախաղեր են, քան զորավարժություններ:

«Այսինքն՝ առավելագույնս նմանեցված է իրական գործողություններին, այստեղ ավելի քիչ է օգտագործվում զենք-զինամթերք: Սա իրենից ենթադրում է նաև հերթական համատեղ զորախաղ, որտեղ մեկը լրացնում է մյուսին:

Օրինակ՝ թուրքական գեներալները կամ հրամանատարները պետք է տան հրամաններ, իսկ ադրբեջանական բանակը պիտի այդ հրամանները ի կատար ածի: Այսինքն՝ փոխկապակցված զորախաղեր են տեղի ունենում: Իրականում Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն այս զորախաղերով, զորավարժություններով հստակ հասկացնում են, որ իրենք մտադիր չեն սահմանափակվել նրանով, ինչը որ հիմա կա, և մտադիր են, որ որոշակի հարցեր լուծեն ռազմական ճանապարհով, այսինքն՝ ուժի միջոցով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետը:

Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով արցախյան պատերազմից հետո պարբերաբար տեղի ունեցող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, հայտարարեց.

«Մենք պետք է հստակ հասկանանք և գիտակցենք, որ նոյեմբերի 10-ի այդ տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը և Թուրքիան միայնակ անցկացրել են այնքան զորավարժություն, որքան չէր անցկացվել անցած 2 տարիներին միասին վերցված:

Մենք այստեղ պետք է հստակ հասկանանք, որ Ադրբեջանը պատերազմից հետո ունի խնդիրներ բանակի մարտունակության և բարոյահոգեբանական վիճակի հետ, և Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի վերականգնի բանակի մարտունակությունը:

Զորավարժությունների նպատակը բացառապես նպատակ է հետապնդում որոշ հարցեր ռազմական ճանապարհով լուծելու համար:

Նրանք մտածում են, որ հարցը եթե բանակցությունների միջոցով չի լուծվում, ապա իրենք դա ռազմական ճանապարհով կլուծեն»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Փորձագետի խոսքով՝ միշտ էլ լայնածավալ պատերազմի վտանգը կա, և այնպես էլ չէ, որ պատերազմն ավարտվել է:

«Ճիշտ է, այս պահին չեն կրակում, բայց պատերազմը, միևնույն է, շարունակվում է, որովհետև պատերազմից հետո էլ ադրբեջանցիները հայ զինծառայողների են գերեվարում, և ընդհանրապես այդ փաստաթղթի ստորագրումից հետո նրանք ՀՀ սուվերեն տարածքում են այս պահին գտնվում:

Ստացվում է, որ պատերազմը դեռ շարունակվում է, կա նաև պատերազմի ակտիվ փուլ սկսելու հավանականություն»,- եզրափակեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close