Նորություններ

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

Արդեն քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Թարթառ գետի հունը փոխելու լուրերը։ Մասնագետները դա լիովին իրատեսական:

Եթե Ադրբեջանը փոխի Թարթառ գետի հունը, ապա դա լուրջ խնդրի առաջ կկանգնեցնի ինչպես մեզ, այնպես էլ Ադրբեջանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։

Նշենք, որ արդեն երկու օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը։ Նրանք արդեն իսկ մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա են տարածքում կուտակում։ Նշենք, որ գետի ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն. խմ ծավալ։ Թարթառի հունը փոխելու դեպքում կարող է ոռոգման նպատակով կիրառվող Սարսանգը ցամաքել։

«Գետի հունը փոխելը տեխնիկապես դժվար բան չէ, դա հնարավոր է։ Երբ փոքր ՀԷԿ–եր ենք կառուցում և շրջում ջրահոսքն ինչ-որ ուղղությամբ, դա նույնպես գետի հունի փոփոխման գործընթաց է, ուղղակի փոքր չափով։ Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ նույնիսկ փոքր միջամտության դեպքում արդեն իսկ էկոհամակարգի փոփոխություն է լինում»,–ասաց Զառաֆյանը։

Նրա խոսքով` գետը որպես այդպիսին առանձին բջիջ չէ, այն անպայման մտնում է մի գետային ավազանի մեջ, այսինքն` գետի հունը փոխելը կազդի ամբողջ ավազանի վրա։ Բացի այդ, վտանգի առաջ կհայտնվեն գետի ձկնաշխարհն ու բուսական աշխարհը, նաև ափամերձ հատվածների բուսական աշխարհը։ Բնապահպանը նշում է, որ գետի հունի փոփոխությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ նաև հողային շերտի վրա` կարող է էրոզիա սկսել։

Մասնագետը նշում է` եթե Թարթառի հունը փոխելու փորձ նկատվի, պետք է հստակ գնահատական տրվի այդ ամենին, քանի որ սա ոչ միայն Սարսանգի համար կարող է բացասական ազդեցություն ունենալ (այն կդատարկվի։ Գետի հունը փոխելը լուրջ վնասներ կարող է պատճառել նաև Ադրբեջանի ինչպես օկուպացրած, այնպես էլ այլ տարածքներին։

«Հունի փոփոխմամբ գետի էկոհամակարգը կխախտվի, այսինքն` կկորցնենք այնտեղ եղած կենսաբազմազանությունը։ Չի կարելի գետի հունը փոխել` առաջնորդվելով քաղաքական խնդիրներով»,–ասաց Զառաֆյանը։

Մասնագետը պնդում է` որպեսզի ջրային խնդրի առնչությամբ փաստի առաջ չկանգնենք, առաջին հերթին պետք է ճիշտ կառավարենք մեր ջրային ռեսուրսները, իսկ մենք լուրջ խնդիր ունենք այդ առումով։ Պետք է հասկանանք, թե ինչպես ենք պահպանելու մեր ջուրը. վառ օրինակ է Արարատյան դաշտավայրի հարցը, որտեղ ձկնաբուծարաններն ամբողջ ջուրը վերցնում են, ջրի մի մասն էլ հոսում է հարևան երկրներ, իսկ Արմավիրի, ինչպես նաև Արարատի և Արագածոտնի մարզերում արդեն իսկ ջրի սով ունենք։

Զառաֆյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ պետք է բոլոր ռեսուրսները կիրառենք, որպեսզի թույլ չտանք Թարթառ գետի հունը փոխել, քանի որ գետային համակարգի համար սա լուրջ միջամտություն կլինի։

Արցախի բնապահպանության կոմիտեի ջրային կենսառեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետ Աշոտ Հարությունյանն էլ հայտնեց` դեռ հստակ լուր չկա այդ մասին, իրենք էլ համացանցից են այդ տեղեկությունը ստացել։

«Տեխնիկապես ամեն ինչ էլ հնարավոր է իրականացնել, սակայն եթե դա կյանքին կոչեն, էկոլոգիական աղետ կլինի։ Պատկերացրեք, որ Սարսանգը միայն դրանից է ջուր ստանում, իսկ Սարսանգի ջրամբարի ջուրն օգտագործում ենք ոչ միայն ոռոգման նպատակով, այլ նաև դրա միջոցով էլեկտրաէներգիա ենք ստանում։ Սարսանգի վրա երկու մեծ գեներատոր ունենք, որոնք Ղարաբաղի կեսը կարող են հոսանքով ապահովել»,–ասաց Հարությունյանը։

Նա հայտնեց նաև, որ գետի հունը փոխելու դեպքում մեծ աղմուկ կբարձրանա` «իրենք իրենցով» միայն չեն կարող որոշում կայացնել, քանի որ դա կատակ բան չէ։

Ի դեպ, 220 կմ երկարությամբ Թարթառ գետն անցնում է Մարտակերտի և Քարվաճառի շրջաններով: Թարթառի վրա կառուցվել էր Մադաղիսի ՀԷԿ-ը, որը նույնպես Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

Sputnik Արմենիա

Back to top button
Close