ՆորություններՏնտեսական

«Կարևոր է ոչ միայն աշխատատեղերի թիվը, այլև աշխատավարձի մեծությունը, որը պետք է ավելի արագ աճի, քան գնաճը». տնտեսագետ

«Այս տարվա 5 ամիսների հաշվարկով մենք ունենք 4,3% տնտեսական ակտիվություն. այս ակտիվությունը պայմանավորված է անցած տարվա ապրիլ, մայիս ամիսների ցածր տնտեսական ցուցանիշներով: Այսինքն՝ անցած տարի ունեցել ենք 0-ին մոտ թիվ, և այս տարի ճգնաժամից դուրս ենք եկել, և բնականաբար նման  ցուցանիշներն ակնկալելի էին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճին:

Տնտեսագետի խոսքով՝ 4,3% տնտեսական աճը պայմանավորված է շինարարության և հանքարդյունաբերության ոլորտով:

«Պետական ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինության համար գումարներ է ներդրվել:

Հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա ընթացքում երկնիշ աճ է արձանագրվել, որը նաև մեծ ազդեցություն է թողնում արտահանման վրա: Այս տարվա մեր արտահանման 20% աճը այս հանքահումքային արտադրանքի արտահանմամբ է պայմանավորված, քանի որ պղնձի, մոլիբդենի գինը համաշխարհային շուկայում բարձրացել է»,- հայտարարեց Պարսյանը:

Սուրեն Պարսյան
Սուրեն Պարսյան

Սուրեն Պարսյանի խոսքով՝ այս տարի ունենալու ենք տնտեսության  վերականգնման տարի, բայց այդ վերականգնումը կարող է տևել 1-2 տարի, և այդ տարիների ընթացքում պետությունը պետք է մեծ գումարներ ներդնի տնտեսության մեջ, որպեսզի աշխուժացնի տնտեսությունը:

Նրա պնդմամբ՝ մենք այս պահին նստած ենք հանքարդյունաբերության և շինարարության վրա, և այս պայմաններում չենք կարող խոսել որակյալ տնտեսական զարգացման, որակական փոփոխության մասին:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ առաջիկայում խոշոր ներդրումներ են լինելու, և  նաև աշխատատեղերի թվի աննախադեպ աճ է  արձանագրվել: Ինչի՞ հաշվին է եղել աշխատատեղերի թվի ավելացումը, և ինչքանո՞վ է իրատեսական, որ մեր երկրում  կարող են խոշոր ներդրումներ լինել։

Հարցադրմանն ի պատասխան՝ Պարսյանը հայտարարեց.

«Աշխատատեղերի աճը  հիմնականում պայմանավորված  է ընտրություններով: Ընտրություններին մեծ թվով  մարդկանց գրանցում են, որպեսզի ընտրական պրոցեսներ իրականացնեն, և դա  ազդեցություն է թողել աշխատաշուկայի վրա: Պետք է  նշեմ, որ միջին անվանական աշխատավարձն ավելի ցածր է աճել, քան գնաճը: Միջին անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ 2,5%-ով, իսկ գնաճը 5,5% է կազմում: Մեզ համար կարևոր է ոչ միայն աշխատատեղերի թիվը, այլև աշխատավարձի մեծությունը, որը  պետք է ավելի արագ աճի, քան գնաճը:

Խոշոր ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ են պետական անվտանգության, սպասարկման երաշխիքներ, համապատասխան թիմ, ով ունակ է խոշոր ներդրումային ծրագրեր սպասարկել: Օրինակ՝ եթե X ընկերությունը ցանկանում է Հայաստանում խոշոր ներդրում կատարել, այստեղ պետք է լինեն պետական ինստիտուտներ, որոնք ի վիճակի են սպասարկել տվյալ ներդրումային ծրագիրը:

Ո՛չ էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ կառավարությունը ներդրումային ծրագրեր  սպասարկելու ոչ փորձառություն ունեն, ոչ կարողություն:

Նշեմ, որ մեր տնտեսական, կրթական համակարգը ևս պատրաստ չեն այս պահին խոշոր ներդրումային ծրագրեր սպասարկել:

Մենք պետք է հասկանանք, որ այս աշխատանքը 1-2 ամսվա գործ չէ, մի քանի տարվա համակարգված աշխատանք է պետք, հակառակ դեպքում կունենանք իրավիճակային արդյունքներ»,- ընդգծեց տնտեսագետը:

Դրամն արժևորվում է դոլարի նկատմամբ, ի՞նչն է պատճառը, որ դրամի արժևորման հետ մեկտեղ դեռևս շուկայում գնանկում չի նկատվում:

Հարցին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանը հայտարարեց.

«Դա  պայմանավորված է մեր շուկաների մենաշնորհային վիճակով: Վերջին 3 տարիների ընթացքում մեր շուկաներն ավելի են մենաշնորհացվել, և տնտեսվարողները, օգտվելով իրենց  դիրքից, ապրանքի գինը չեն իջեցնում:

Եթե  շուկան լիներ  մրցակցային, ապա նրանք դրամի փոխարժեքի  փոփոխության հետ իրենց վերահաշվարկները կկատարեին: Այս  պայմաններում, որտեղ կան գերիշխող դիրք  ունեցող կազմակերպություններ, ուղղակի չարաշահում են իրենց դիրքը և շարունակում են ստանալ գերշահույթ»,- եզրափակեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button