Նորություններ

«Նոր ձևավորվող կառավարության ձեռքում է արտագաղթի ցուցանիշների կամ աճը, կամ նվազումը». ժողովրդագետ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ արտագաղթի միտում կա Հայաստանում: Սոցիալ-տնտեսական և ներքաղաքական այս անկայուն իրավիճակում արդյո՞ք կա մտավախություն, որ արտագաղթի տեմպերի աճ կունենանք:

Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ:

«Մեր երկրում արտագաղթը երբեք կանգ չի առել, ճիշտն ասած՝ չգիտեմ նախարարի պաշտոնակատարը ինչի հիման վրա է հայտարարությունն արել: Ես մշտական մեկնողների վերաբերյալ տեղեկություն չունեմ, և դրա վերաբերյալ նույնիսկ հետազոտություն չի անցկացվել: Այս պահին գործ ունենք բավականին մեծ աշխատանքային միգրացիայի հետ, որը սկսվեց փետրվար ամսից: Մեր հայրենակիցները մեկնում են ժամանակավոր աշխատանքի, բայց կոնկրետ մշտական միգրացիայի առումով դեռևս չկան տվյալներ, որ աճ ունենք»,- հայտարարեց Մարկոսյանը:

Ժողովրդագետի կարծիքով՝ մտավախություն կա, որովհետև մենք դեռ այնպիսի խնդիրներ ունենք, որոնք լուծում չեն ստացել:

Արտակ Մարկոսյան

«Այսօր ամենակարևոր խնդիրն անվտանգային միջավայրի ապահովումն է, նույնիսկ ավելին, քան սոցիալ-տնտեսական խնդիրները: Մենք այնքան խնդիրներ ունենք կուտակված, որ դրանք չլուծելու դեպքում կարող է հանգեցնել արտագաղթի»:

Պատերազմից հետո կանխատեսումներ կային, որ հիասթափության ֆոնի վրա արտագաղթ կլինի, ի՞նչ դիտարկումներ ունեք, կա՞ նման միտում:

Հարցին ի պատասխան՝ Արտակ Մարկոսյանը հայտարարեց.

«Այդպիսի դիտարկումներ դեռևս չկան. հիասթափության ֆոնին մենք չունենք մասսայական արտագաղթ: Քանի որ ներքին անկայունությունը որոշակի իմաստով հանդարտվել է, կարծում եմ՝ ամեն ինչ գտնվում է նոր ձևավորվող կառավարության ձեռքում: Այսինքն՝ այն խնդիրները, որոնք առկա են, դրանց արագ լուծումը կարող է կանխարգելել արտագաղթը, և դրանից է կախված լինելու արտագաղթի ցուցանիշների կամ աճը, կամ նվազումը»,- ընդգծեց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը:

Ի՞նչ ժողովրդագրական խնդիրների առջև է այսօր Հայաստանը կանգնած, ինչպիսի՞ ծրագրեր պետք է իրականացվեն խնդիրների լուծման ուղղությամբ:

Հարցադրմանն անդրադառնալով՝ ժողովրդագետը հայտարարեց.

«Հիմնական խնդիրները մարզերում են, և մենք պետք է միջոցներ ուղղենք մարզերի սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական զարգացմանը, քանի որ Երևանը առանձնանում է հանրապետության մյուս բնակավայրերից: Մեր խնդիրն է՝ ունենալ հավասարաչափ զարգացած շրջաններ, մարզերը պետք է մոտեցնել Երևանին: Մեր հիմնական զարգացման ուղղությունը պետք է լինեն մարզերը:

Մյուս կարևոր խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի իրենց աշխատանքով հոգալ իրենց ապրուստը:

2020թ. հունիսի 1-ից բազմաթիվ ծրագրեր են սկսել իրագործվել, ամենակարևորներից մեկը՝ գյուղական բնակավայրերում վարձու աշխատող չհանդիսացող ծնողը սկսեց ստանալ երեխայի խնամքի նպաստ: Մենք լրջագույն խնդիր ունենք գյուղական բնակավայրերում, քանի որ 2012թ.-ից հետո գյուղական բնակավայրերում ծնելիության անկում էր, որը հանգեցրեց ընդհանուր թվաքանակի անկմանը:

Այս տարի կարելի է ասել, որ ծնելիության ցուցանիշը նորմալ է, քանի որ արդեն մշակված քաղաքականությունը կա, կարող ենք ասել, որ առաջին 4 ամիսների կտրվածքով նորմալ աճ գրանցած ոլորտներից է:

Հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով նախորդ տարվա համեմատությամբ աճ ունենք, ծնունդների բացարձակ թիվն աճել է 1288 երեխայով»,- եզրափակեց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close