ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ես հիմա ամեն օր գնում եմ Արտյոմիս տուն…». 19-ամյա հերոսի մոր պատմությունը

Գյումրեցի Արտյոմ Լոգյանը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Սկզբում Կապանում է անցել ծառայությունը, պատերազմից մեկ ամիս առաջ զորավարժությունների նպատակով տեղափոխել են  Ջաբրայիլ՝ Ջրական: Ժամկետային զինծառայողը տիրապետել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին:

«Արտյոմս չէր  դժգոհում իր ծառայությունից, բայց երբ մենք իր երդմնակալության արարողությանը գնացինք, ես որպես  մայր տխրություն տեսա  աչքերին. չգիտեմ, կարոտից էր գուցե: Ընդհանրապես որդիս չխոսկան էր, երբ հարցեր էի տալիս, ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է: Սեպտեմբերի  26-ին, երբ հետը խոսեցի, ասացի՝ Տյոմ ջան, ե՞րբ ես արձակուրդ գալիս, ասաց՝ մա՛մ, ինձ ասել են՝ 15 օրով «օտպուսկ են տալիս», հոկտեմբերին գալիս եմ:

Շատ էինք  ուրախացել, ինքն էլ էր անհամբեր սպասում, որ  պիտի արձակուրդ գար: Երբ հետը խոսում էինք, ասում էր՝ լավ մնացեք, ես շուտ  կգամ. մամ ջան, չմտածես: Ասում էի՝ Տյոմ, հանկարծ կռիվ բան հո չե՞ս անում, ասում էր՝ այ մամ ջան, ի՞նչ կռիվ:

Արտյոմս լավ  էր ծառայում, կարգապահ զինվոր  էր: Մի անգամ զանգել էր, ձայնից զգացվում էր, որ հիվանդացել էր,  գրիպ էր մոտը սկսվել, ասացի՝ գնա թող բուժքույրը դեղ տա քեզ, մեռնեմ ջանիդ, ասաց՝ մամ, չայ եմ խմել, ամեն ինչ նորմալ է:

Ամսի 26-ին, որ խոսեցի Արտյոմիս հետ, անհանգստություն չեմ զգացել, անգամ չէի էլ մտածում, որ պատերազմ պիտի լինի:

Սեպտեմբերի 27-ին ասացին պատերազմ է, ես չհավատացի: Ասացի՝ ես երեկ եմ Արտյոմիս հետ խոսել, ի՞նչ պատերազմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Լոգյանի մայրը՝ Լենա Արղամանյանը:

«Համեստ, զուսպ, պատասխանատու, կարգապահ». գյումրեցի հերոսի մայրն այսպես է նկարագրում որդուն:

«Երդմնակալության արարողությունից առաջ էր, զանգեցի ասացի՝ քանիսի՞ն ես զարթնել, Տյոմ ջան, ասաց՝ մամ, 5:30: Ասացի՝ ինչի՞ 5:30, ասաց՝ մամ, որ ամեն ինչ հասցնեմ, ամեն ինչ ճիշտ լինի:

Բնավորությամբ շատ ծանր էր, ծառայությունը չէր փոխել իմ տղային: Մնացել էր այնպես, ինչպես կար: Միայն ձայնի տոնայնությունն էր փոխվել, մեծացել էր:

Շատ ուշադիր էր բոլորիս հանդեպ: Ինձ ծաղիկներ էր բերում, և միշտ չէ, որ դրա համար ինչ-որ հատուկ առիթ էր պետք:

Ոսկերչություն էր սովորել, բոլոր ընկերուհիներիս արծաթյա մատանի էր նվիրել: Ասում էր՝ ոսկերիչ դառնամ, որ, մամ ջան, քեզ ոսկյա իրեր նվիրեմ, ոչ թե արծաթից:

Արտյոմն իմ կրտսեր որդին է… Արտյոմս ծնվեց 5 կգ, ուրախացել էի, 5 կգ տղա եմ լույս աշխարհ բերել:

Արտյոմս նույնիսկ ծնվելուց ինձ ցավ չի պատճառել… մի օր ես իր վրա չեմ ջղայնացել, թույլ չի տվել, որ գլուխս կախեմ իր պատճառով:

Շատ  նվիրված էր նաև իր ընկերներին, ես անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ Տյոմս էդքան ընկերներ ունի, ինքը փակ մարդ էր:

Շատ զուսպ էր, իրեն ծիծաղելուց հազվագյուտ կարելի էր տեսնել, ծիծաղում էր թեթևակի, քթի տակ:

Օգնող էր, հասնող, շիտակ  ու ամեն ինչի մեջ էր մաքուր ու կարգապահ. իմ տղեն յուրահատուկ էր, ու ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ իմ տղեն է, այլ դա իսկապես այդպես է: Իմ երկու որդիներն էլ լավն են, բայց նրանց մեջ տարբերություն կա:

Շատ հազվադեպ էր, որ բառերով արտահայտվում էր. իր սերն արտահայտում էր իր ուշադրությամբ:

Արտյոմիս զոհվելուց հետո մի պահ կորցրեցի ինձ, բայց հասկանում եմ, որ էլի որդի ունեմ և պիտի ապրեմ մյուս որդուս համար:

Ես իմ Արտյոմով  միշտ եմ հպարտացել, գիտե՞ք՝ մենք  պատերազմից առաջ  էնքան ուրախ ենք ապրել, իսկ հիմա մեր կյանքը գլխիվայր շրջվել է, ամեն ինչ դատարկվել է:

Ես հիմա ամեն օր գնում եմ Արտյոմիս տուն…»:

Հերոսի  մայրն ասում է, որ  հիմա իրենց  ապրելու ուժը Արտյոմի երազանքներն են, Արտյոմի հուշերն ու երազներում հաճախակի դարձած մոր և որդու հանդիպումը:

Արտյոմ Էդվարդի  Լոգյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 15-ին Գյումրիում: 19-ամյա ժամկետային զինծառայողը մասնակցել է Ջրականի համար մղվող  մարտերին, զոհվել է սեպտեմբերի 30-ին:

Արտյոմ Լոգյանը հետմահու  պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close