Նորություններ

Ադրբեջանցիները լուրջ սարքավորումներ են տեղադրել ու Տեղ համայնքի ամենախորը տարածքները գտնվում են նրանց տեսադաշտում. համայնքի ղեկավար. Փաստինֆո

Ադրբեջանական ԶՈՒ-երը մայիսի 12-ից տեղակայված են Սյունիքում ու հենց առաջին օրերից էլ սկսել է ինժեներական ամրաշինական աշխատանքներ իրականացնել. Այս պահին աշխատանքները չեն շարունակվում։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ կարծես աշխատանքների մեծ մասն արդեն արված է։

«Չգիտեմ իրենց պլանով ինչքան է նախատեսված եղել անել, բայց, իմ կարծիքով, երևի 70-80 տոկոսի չափով աշխատանքներն արդեն արել են։ Բայց հիմա ինձ թվում է, որ պայմանավորվածություն կա, որ երկկողմանի ինժեներական աշխատանքներ չարվեն՝ դադարեցվեն, բայց ինչ պետք եղել է՝ իրենք արդել վերջացրել են՝ էլ ի՞նչ անեն։ Իրենց մոտ լուրջ ինժեներական աշխատանքներ էին»։

Տեղ համայնքում սկսվել են բերքահավաքի, խոտհարքի աշխատանքները։ Բնակիչները՝ չնայած սահմանային հարցերին, շուտով կսկսեն նաև գար ու հունձ անելը։ Տեղ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ հետընտրական շրջանում լուրջ խնդիրներ ադրբեջանական կողմի հետ չեն եղել։

«Մանր-մունր բաներ լինում են, դրանք տեղում հարթում ենք։ 60 տոկոսով ավարտվել է խոտհունձը»,- ասաց Շադունցը։

Սահմանագծին մոտ տարածքներում, որտեղ խոտհունձ է կատարվում, տեղակայված են հայ սահմանապահ զորքերը։ Համագործակցում են նաև ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ, ովքեր միջադեպերի դեպքերում արագ արձագանքում են։

«Մեր գյուղի տղաներն էլ են զբաղվում այդ գործերով, որպեսզի լուրջ միջադեպերի դեպքում արագ արձագանքման խումբը միանգամից հասնի։ Մեր հողերը այս պահին՝ ցորենի, գարու դաշտերը մնացել են սահմանից այն կող։ Դրանց հետ կապված որևիցե աշխատանքներ չեն տարվում, հույս էլ չկա, որ այդ դաշտերը այս պահի դրությամբ կարող է բերքահավաք արվի»։

Սև լճի հարևանությամբ գտնվող Խոզնավարի ներքևի հատվածում՝ մոտավորապես 200 հա արոտավայրերը, խոտհարքները անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, նեկայումս խոշորացված համայնքը մոտ 150 հա տարածքում պետք է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնի՝ թե որպես համայնքային սեփականություն, թե՛ որպես սեփականաշնորհված հողատարածքներ։

«Ամեն գյուղում 22, 23, 25 հա տարածքներ կան»,- ասել է Շադունցը։

Հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմը դիտարկում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչներին, նրանց աշխատանքը՝ Շադունցը նշեց, որ դրա կարիքը չունեն՝ ամեն ինչ տեսնում են.

«Դիտարկման հետ կապված որևիցե խնդիր չունեն իրենք, որովհետև իրենց մոտ այս պահին լուրջ սարքավորումներ են տեղադրված, մեր տարածքի ամենախորքերն էլ գտնվում են իրենց տեսադաշտում, դիտարկման խնդիր չունեն։ Ոնց կռվի մեջ՝ իրենք սաղ տեսնում են, իրենք խնդիր չունեն»։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close