Նորություններ

«200 հայ գերիներից 60-ի կարգավիճակը պաշտոնապես ընդունվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ շուրջ 140-ի պարագայում, թե ինչպիսի ճակատագրի են արժանացել, հայտնի չէ»

Նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարությունից 7-8 ամիս անց Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները (մասնավորապես խոսքը հայտարարության 8-րդ  կետի մասին է, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ռազմագերիներին, գերիներին և գերեվարության մեջ գտնվող այլ անձանց անհապաղ վերադարձներ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով), այլ շարունակում է հայտարարել, որ Ադրբեջանում հայ գերիներ  չկան, իսկ ովքեր գերեվարվել են նոյեմբերի 10-ից հետո, «դիվերսանտներ» են, և նրանց նկատմամբ սկսվել են դատական գործընթացներ:

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ եթե դատական գործընթացներ են սկսվել, դա չի նշանակում, որ այդ անձինք զրկվում են ռազմագերու կարգավիճակից:

«Ադրբեջանն էլ չի հերքում, որ նրանք ռազմագերիներ են, բայց այլ հարց է, որ միջազգային փաստաթղթերը, պայմանագրերը թույլատրում են ռազմագերիներին կանգնեցնել դատարանի առջև, եթե պատերազմին մասնակցելուց և պատերազմի օրենքներին թույլատրվող գործողություններից զատ վերջիններս ներգրավվել են արգելված գործողությունների կատարման մեջ, օրինակ՝ խաղաղ բնակչությանը թիրախավորելը, քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելը, պատերազմական հանցագործություններ կատարելը և այլն:

Մեզ բոլորին, ինչպես նաև միջազգային հանրությանը հայտնի է, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիները պատերազմի  սովորական  մասնակիցներ են: Ընդ որում, նրանց մի մասն ակտիվ հակամարտության մասնակիցներ  չեն, այլ ընդամենը իրականացրել են դիրքային ծառայություններ, անգամ գործողություններ չեն իրականացրել Ադրբեջանի ԶՈՒ նկատմամբ: Իրականության մեջ նրանք արգելված գործողություններ չեն կատարել, այլ խնդիր է, որ այդ բեմականությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելը, Ադրբեջանի արտաքին  քաղաքականության գծի մեջ  է տեղավորվում, և այդ նպատակով չարաշահում են ռազմագերիների մի շարք իրավունքներ, ապա նաև ապօրինի կերպով կանգնեցնում են դատարանի առջև: Խնդիրը այն է, որ միջազգային գործընկերները պետք է ճնշում բանեցնեն Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի հրաժարվի այդ ապօրինի գործընթացներից:

Այս պահին ընթանում են գործընթացներ, բայց դրանք ժամանակատար են, որովհետև ցանկացած իրավական գործընթացի հետևում կան դատական ֆորմալ պրոցեսներ, ապացույցներ, դիրքորոշումների ներկայացում. սրանք ծանրաբեռնված գործընթացներ են, և հասկանալի է, որ ամիսների ընթացքում չեն կարող լուծում ստանալ:

Կարծում եմ Եվրադատարանը վերջնականորեն ճանաչելու է, որ այդ դատավարությունները չեն բխելու ապացույցներից, փաստերից, և մենք  գործ ունենք քաղաքական նպատակներով հետապնդումների հետ»,- ԳԱԼԱ-ի  հետ  զրույցում հայտարարեց Սիրանուշ Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ գերիների  վերադարձի ձգձգումը պայմանավորված է  և՛ պետության թուլության, և՛ իշխանությունների թույլ բանակցային դիրքով:

«Միջազգային  հարաբերություններում ուժի  գործոնը շատ ազդեցիկ է, և եթե գործ ունեն դիրքավորված, նաև լավ միջազգային շփումներ ունեցող պետությունների հետ, ապա հաշվի  են նստում այդ պետության քաղաքացիների և շահերի հետ:

Եթե գործ ունեն չպաշտպանված պետության և նրա քաղաքացիների հետ, այդ պարագայում գործում են ավելի սանձարձակ, և դա հատկապես բնորոշ է ավտորիտար ռեժիմներին՝ ինչպիսին  Ադրբեջանն է, որը ունենալով Թուրքիայի աջակցությունը՝ անպատժելիության մթնոլորտում ցանկանում է գործել»,- շարունակեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը:

Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ հստակ ապացույցներով շուրջ 200 հայ անձինք գերեվարված են եղել Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

«Նրանք  պետք է ողջ գտնվեին Ադրբեջանում, այդ անձինք ռազմագերիներ են և ողջ վերադարձման են ենթակա: Եթե նրանց մի մասը չվերադարձվի, ապա մենք հետևություններ ենք անելու, որ միտումնավոր  կատարվել են պատերազմական հանցագործություններ մեր ռազմագերիների նկատմամբ, նրանց դիտավորյալ զրկել են կյանքից:

Մենք խոսում ենք  200 անձանց մասին, նրանցից 60-ի կարգավիճակը էապես տարբեր է, որովհետև նրանք պաշտոնապես ընդունվել են  Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ մյուս շուրջ 140-ի պարագայում, թե  ինչպիսի ճակատագրի են արժանացել, հայտնի չէ: Փաստերի, ապացույցների ուսումնասիրությամբ մենք գիտենք, որ շատ դեպքերում նրանք սպանվել են, իսկ այս պահին քանիսն են ողջ, չենք կարող առնվազն  հրապարակայնացնել»,- եզրափակեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button