ՄիջազգայինՆորություններ

«Գավրիլովի գիշեր». 2 տարի անց. ի՞նչ տեղի ունեցավ հունիսի 20-ին Վրաստանում

Երկու տարի է անցել Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի դիմաց, հակաօկուպացիոն ցույցը ցրելուց, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, տուժել է 275 մարդ, որոնցից մի քանիսը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, կորցրել են աչքը և տեսողությունը:

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

2019 թվականի հունիսի 19֊ին Վրաստանում մեկնարկեց Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստը, ինչը բազմիցս արժանացել էր Վրաստանի ընդդիմության քննադատությանը։ Պատճառն այն էր, որ նշված վեհաժողովի նախագահ էր ընտրվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը բազմիցս խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին օրենքը:

Ի՞նչ տեղի ունեցավ հունիսի 20-ին

Հունիսի 20-ին վեհաժողովի մասնակիցները տեղափոխվեցին Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ, որտեղ հերթական հանդիպումը պետք է անցկացվեր: Հանդիպման սկզբին ռուս պատգամավորը զբաղեցրեց խորհրդարանի նախագահի աթոռը, ինչից հետո բողոքի մեծ ալիք բարձրացավ թե՛ ընդդիմության, և թե՛ հասարակության կողմից:

Ընդդիմադիր պատգամավորները ներխուժեցին նիստերի դահլիճ և թույլ չտվեցին շարունակել նիստը, քանի որ Վրաստանի համար մեծ վիրավորանք էին համարում Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովին  խորհրդարանի նախագահի աթոռին տեսնելը: Այս իրադարձություններին զուգահեռ խորհրդարանի հարակից տարածքում հավաքվում էին քաղաքացիական ակտիվիստները «Ռուսաստանը օկուպանտ է» և «Հեռացիր և դուրս հանիր ռուսական զորքերը» վերտառությամբ պաստառներով:

Բողոքի ակցիան և բախումները

Հունիսի 20-ի ժամը 19:00-ին արդեն մեկնարկեց բազմահազարանոց ակցիան, որտեղ քաղաքացիները բողոքում էին ռուսական պատվիրակության այցի դեմ։ Ցուցարարները պահանջում էին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը:

Երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ սկսվեցին: Ակցիայի մասնակիցները փորձում էին խորհրդարան մտնել: Կեսգիշերին ներքին գործերի նախարարության հատուկ ուժայինները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառեցին ցուցարարներին ցրելու համար: Գիշերը ժամը 03:00-ի սահմաններում օգտագործվեց նաև ջրցան մեքենա, որը վերջնականապես ցրեց ցուցարարներին:

Խորհրդարանի նախագահի հրաժարականը

Ցուցարարները ակցիայի ընթացքում պահանջում էին վարչապետի, ՆԳ նախարարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը: Ակցիան ցրելուց մի քանի ժամ անց միայն խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց:

Հունիսի 20-ի ակցիան թվերով

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը իրադարձությունները թվերով հետևյալ տեսքն ունեին.

  • Առողջապահության նախարարության տվյալներով՝ կլինիկա էր տեղափոխվել 240 մարդ,
  • վիրավորվել էր 34 լրագրող, 80 ոստիկան,
  • վիրավորներից 2-ը կորցրել էր աչքը,
  • ՆԳՆ ձերբակալել էր ակցիայի 305 մասնակցի:

Ի՞նչ եղավ հունիսի 20-ից հետո

Վրաստանում հակառուսական ակցիաներից հետո Ռուսաստանը հուլիսի 8-ից դադարեցրեց Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթները, որոնք  վերականգնված չեն մինչև այժմ էլ:

Հունիսի 20-ի ակցիան միակ մարդաշատ ակցիան չէր: Մի քանի օր շարունակ բազմահազարանոց բողոքի ակցիաներ անցկացվեցին խորհրդարանի դիմաց: Ցուցարարները պահանջում էին ձերբակալվածների ազատ արձակում, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և 2020 թվականի ընտրությունների՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով անցկացում:

Իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ցուցարարներին խոստացավ բավարարել համամասնական ընտրությունների մասին նրանց խնդրանքը։ Աշնանը, սակայն, իշխող կուսակցությունը տապալեց սահմանադրական փոփոխությունների ընդունումը, իսկ ավելի ուշ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան երկրի վարչապետ նշանակվեց:

Այսօր, 2021 թվականի հունիսի 20-ին երկու տարի առաջ տուժած ակտիվիստները հավաք կանցկացնեն խորհրդարանի դիմաց` «Ո’չ օկուպանտի համաներմանը» գրությամբ: Այս անգամ նրանք բողոքարկելու են «Վրացական երազանք» խմբակցության համաներման օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել է երկու ընթերցմամբ, համաձայն որի՝ 2019 թ. հունիսի 19-21-ի իրադարձությունների հետ կապված հանցագործություն կատարած բոլոր անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից:

aliq.ge

Back to top button
Close