ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ես շատ հպարտ եմ, որ իմ եղբայրը չի նահանջել ու մենակ չի թողել իր զինվորներին. նա էգոիստաբար չի վարվել, ինչպես արել են շատերը». 25-ամյա սպայի քրոջ պատմությունը

25-ամյա Պատվական  Ենգոյանը ոչ միայն սիրահարված էր զինվորականի մասնագիտությանը, այլ նաև Արցախին։ Երիտասարդ  հրամանատարը սիրում էր  Թալիշը և մինչև վերջին շունչը կռվել է աննահանջ, որ չընկնի Թալիշը:

Պատվական Արամի Ենգոյանը ծնվել է 1995թ. նոյեմբերի 29-ին Աշտարակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2013 թվականին, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 4 տարի զինվորականի կրթություն ստանալուց հետո՝ 2017 թվականից անցել է սպայական ծառայության Արցախում:

«Եղբայրս դեռ փոքր  տարիքից էլ սիրում էր զինվորականի մասնագիտությունը, իր սեփական ցանկությամբ էլ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Սիրում էր Թալիշը… շատ  են եղել դեպքերը, երբ հնարավորություն է ունեցել Հայաստան տեղափոխվելու, բայց չէր ուզում: Շատ նվիրված էր իր զինվորներին, ապրում էր  իրենցով: Երբ տուն էր գալիս, մտքով  անընդհատ Թալիշում էր իր զինվորների հետ: Եղբայրս վաշտի հրամանատար էր, ամեն ինչ անում էր, որ իր վաշտն ամենալավը լինի:

Շատ խստապահանջ  էր, բայց  միևնույն ժամանակ նաև շատ հոգատար էր, նվիրված:

Եղբորս հետ կապված բոլոր հիշողություններս շատ վառ են, այդ հուշերով ենք շարունակում ապրելը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Պատվական Ենգոյանի քույրը՝ Գրետա Ենգոյանը:

Նրա խոսքերով՝ եղբայրը չէր պատմում իր երազանքների մասին, այդ առումով մի քիչ փակ էր բնավորությունը, հետո ավելացնում, որ գուցե իր գործի բնույթից էլ էր կախված, որ չէր խոսում ապագայի մասին:

«Պատերազմից  2 օր առաջ Պատվականը դիրքերից իջել էր, և մենք չէինք էլ պատկերացնում, որ նորից կհայտնվի դիրքերում: Մենք մտածում էինք, որ  պիտի տուն գա, երբեմն շաբաթ-կիրակի էր լինում, գալիս էր տուն: Պատերազմի նախորդ  օրը պապայիս հետ խոսել է, ասել էր՝ հետո կզանգեմ:

Ծառայակից ընկերները պատմում են, որ եղբորս ասել են՝ մի  գնա այդտեղ, արդեն գրաված է «Սիս» դիրքը, բայց Պատվականը  չի  լսել և գնացել է, իր հետ են եղել նաև մի քանի ժամկետային զինծառայողներ, միասին բարձրացել են: Նրանք իմացել են՝ այդտեղ ինչ է կատարվում, բայց չեն նահանջել… գնացել են՝ հստակ իմանալով, թե իրենց ինչ է սպասվում:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան, մենք մտածում էինք՝ ուղղակի կապ չկա, և եղբայրս մեզ հետ անպայման կապի դուրս կգա, որովհետև կապի հետ խնդիր կար, կարծում էինք՝ էդ պատճառով է անհասանելի:

Մտքերիցս  չէր էլ անցնում, որ էս մասշտաբի պատերազմ է, մտածում էինք՝ հերթական դիվերսիան է, էլի էին եղել դեպքեր, երբ հարձակվել են, բայց ծնողներիս հայացքը մի տեսակ էդ օրը ուրիշ էր. երևի ինչ-որ ներքին զգացողություն կար:

Անընդհատ զանգում էինք, զանգում, բայց հնարավոր չէր եղբորս հետ կապ հաստատել:

Հոկտեմբերի 7-ին զոհված զինծառայողների անունների ցուցակում եղբորս անունը կարդացինք, բայց փետրվարին ենք մարմինը գտել: Նոյեմբերին ադրբեջանական կողմը փոխանցել էր եղբորս մարմինը, բայց փետրվարին նոր հաստատվել է ԴՆԹ-ի պատասխանը»,- պատմում է Գրետա Ենգոյանը:

25-ամյա սպայի քույրն ասում է, որ պատերազմն իրենց կյանքը գլխիվայր շրջել է, իրենք առաջ երջանիկ էին.

«Մարդկային կյանքը ամենաթանկն է, որ չես կարող հետ բերել: Պատերազմից հետո հիմա մենք զուտ ապրում ենք տվյալ օրով, աշխատում ենք, մեկ-մեկ ժպտում ենք, բայց դա այն չէ, ինչ առաջ էր:

Ես շատ հպարտ եմ, որ իմ եղբայրը չի նահանջել ու մենակ չի թողել իր զինվորներին: Եղբայրս իր զինվորներին շատ էր սիրում ու միշտ էր զգում պարտավորվածություն նրանց հանդեպ: Իմ եղբայրը էգոիստաբար չի վարվել, ինչպես արել են շատերը:

Ես մտածում եմ, որ ինքը ֆիզիկապես մեզ հետ չէ, ես  հիմա էլ մտածում եմ, որ եղբայրս աշխատանքի է, ու իրեն հարմար չէ, որ զանգի:

Ես ամեն ինչ փորձում եմ անել, որպեսզի ծնողներս  չտեսնեն իմ տխրությունը, իմ ապրումները, որովհետև  ես եմ էս պահին իրենց  միակ սփոփանքը: Ես ապրում եմ իմ ծնողներով  ու իմ հիշողություններով»:

Գրետան ասում է, որ եղբորից չի նեղացել, որ հայրենիքի հանդեպ սերը ամեն ինչից  վեր է գնահատել:

«Մենք հիմա անհայրենիք կլինեինք, եթե հայրենիքի սերը ավելի բարձր չլիներ: Նրանք զոհվել են հենց այս պահի համար, որ մենք խաղաղ ապրենք: Նրանք մեր մասին մտածելով են այդպես արել:

Մենք հավատում էինք, որ հաղթելու ենք, բայց մեղադրելու էլ չէ, որ չհաղթեցինք: Մենք փոքր լինելով հանդերձ կռվում էինք հզոր երկրների դեմ:

Մենք իրականում հաղթել ենք. ես չեմ մտածում, որ պարտվել եենք Հաղթել են այն  տղերքը, ովքեր զոհվել են, հաղթել են վիրավոր զինվորները, հաղթել են մեր  գերիները, հաղթել  ենք մենք: Պարտությունը ես չեմ ընդունում, որովհետև պարտությունը զուտ հողերի առումով է եղել, որ մենք կորցրել ենք»,- եզրափակում է արցախյան պատերազմում զոհված 25-ամյա սպա Պատվական Ենգոյանի քույրը՝ Գրետա Ենգոյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close