ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Մամ, չեմ կարող երկար խոսել, մեզ վրա վերևից ինչ-որ բան է թափվում, բայց մի անհանգստացիր». 18-ամյա գյումրեցի հերոսի մոր պատմությունը

2020թ.-ի օգոստոսին բանակ զորակոչված 18-ամյա Արտյոմ Գրիգորյանը, դեռ զինվորական կյանքին չընտելացած, մասնակցեց արցախյան պատերազմին: Մեկ ամիս 3 օրվա ծառայող էր, և նրա մարտական մկրտությունը եղավ Ջրականի (Ջաբրայիլ) մարտերում:

Ամենաթեժ հատվածում կռվելու, պայքարելու, պահելու բեռն իրենց վրա են վերցրել նորակոչիկ Արտյոմն ու իր ծառայակից ընկերները:

«Հոկտեմբերի 6-ն էր, հետը խոսեցի, ասացի՝ Արտյոմ ջան, ի՞նչ վիճակում ես, ասաց՝ մամ, չեմ կարող երկար խոսել, հազիվ ընկերներիս հասնեմ, մեզ վրա վերևից ինչ-որ բան է թափվում, բայց ես լավ եմ, մամ, դու մի անհանգստացիր:

Ասացի՝ Արտյոմ ջան, դե այնպես արա, որ միշտ հետդ կապ ունենանք, ձայնդ լսենք: Ասաց՝ մամ ջան, ձայնս կիմանաս հաստատ: Դա վերջին իր զանգն էր ինձ, որ ես որդուս ձայնը լսել եմ: Հոկտեմբերի 17-ին ամուսինս եկավ ասաց, որ խոսել է Արտյոմիս հետ: Մինչև հոկտեմբերի 20-ը կապեր ունեցել է ընկերների հետ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված գյումրեցի 18-ամյա ժամկետային զինծառայող Արտյոմ Գրիգորյանի մայրը՝ Ասյա Գրիգորյանը:

Գյումրեցի հերոսի մայրն ասում է, որ պատերազմի օրերին իր սիրտը հանգիստ է եղել, բայց մշտապես իրեն տանջել են հարցերը՝ երեխես ո՞ւր մնաց, ի՞նչ եղավ:

Գրիգորյանները 8 ամիս որդուց լուր չեն ունեցել, նրանց որևէ պատշաճ բացատրություն չի տրվել՝ իրենց որդին ո՞ղջ է, զոհվե՞լ է, թե՞ վիրավորվել:

Տիկին Ասյան ասում է, որ թակել են բոլոր դռները, դիմել են ամեն տեղ, որտեղ հնարավոր եղել է: Մինչև վերջին պահը հավատացել են, որ Աստված իրենց աղոթքներին անհաղորդ չի մնա, և որ իրենց որդին գերեվարվել է:

«Դիմել էինք Կարմիր խաչին, Արման Թաթոյանին, ԴՆԹ-ի թեստ ենք հանձնել, ուր ասես դիմեցինք, որ երեխուս գտնենք»,- ասում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի մայրը:

Որոնումների 8-րդ ամսում Գրիգորյաններին հաջողվել է գտնել իրենց որդու մարմինը: Հերոս Արտյոմին օրերս են հուղարկավորել:

«Պատերազմ է, չէ՞, ամեն ինչ կարող էր լինել, բայց ոչ զոհվել: Ես մինչև վերջին պահը չէի հավատում, որ Արտյոմս զոհվել է: Մենք մտածում էինք, որ գերության մեջ կարող է լինել, բաց կթողնեն, և երեխես կգա կհասնի տուն: Ես հավատում էի, որ որդուս գտնելու եմ, բայց ոչ էս ձևով:

Գիշեր-ցերեկ քուն չունեի, սպասում էի ու հավատում: Մորգերում, հիվանդանոցներում, որտեղ ասես փնտրում էինք Արտյոմիս… ասում էինք երեխուցս գոնե մի մաս գտնենք, հանձնենք հողին:

Երեխուս 3-4 օր է հանձնել ենք հողին, բայց էլի տեղս չեմ գտնում… ամեն դռան բացվելուն գիտեմ՝ Արտյոմս է ներս մտնելու:

Ես մինչև կյանքիս վերջ էլ չեմ հաշտվի իմ կորստի հետ, որովհետև ես անունով, պատվով երեխա եմ կորցրել, իմ տղեն հատուկ էր»,- պատմում է Արտյոմի մայրը:

Արտյոմ Սամվելի Գրիգորյանը ծնվել է 2001թ. հոկտեմբերի 18-ին Գյումրիում: Արտյոմը շատ է սիրել ֆուտբոլը, նաև ստեղծագործել է: Սամվելի ստեղծագործության առանցքում եղել է սերը, մայրն ու իր այնքան սիրելի հայրենիքը, որի համար չխնայեց իր կյանքը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close