Նորություններ

44-ամյա վարորդը Nissan-ով Արցախից Երևան ժամանելիս գլորվել է ձորը. բժիշկները պայքարում են 5 վիրավորների՝ այդ թվում երեխաների կյանքի համար

Այսօր՝ հունիսի 18-ին, տեղեկություններ էին տարածվել, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոշոր ավտովթար տեղի է ունեցել, սակայն ոչ թե ավտոբուս է եղել, այլ՝ մեկ այլ տրանսպորտային միջոց: Ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 44-ամյա Սամվել Մանգասարյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 41-ամյա Իննա Մանգասարյանը, 15-ամյա Դիանա Մանգասարյանը, 10-ամյա Պավլիկ Մանգասարյանը, 36-ամյա Օգսաննա Գաբրիելյանը տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ս. Մանգասարյանը՝ Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորներից Ս. Մանգասարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մնացածները՝ ծանր կայուն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

 

Back to top button
Close