Նորություններ

«Հայ ժողովրդի իրական թշնամիներին արձագանքելն ընդհանրապես օրակարգից դուրս է մնացել». թուրքագետ

«Էրդողանի այցը Շուշի պայմանավորված էր Թուրքիայի տարածաշրջանում ավելացած դերակատարման հետ, դրանով փորձ արվեց ցույց տալ, որ Թուրքիան ևս գործոն է Հարավային Կովկասում, և Ադրբեջանում Թուրքիայի ներկայությունը այլևս փաստ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ Էրդողանը ցույց տվեց, որ կարող է գալ Արցախի  կենտրոն և հայտարարել, որ այնտեղ ունենալու է հյուպատոսություն:

«Սա լուրջ մարտահրավեր է Իրանին և Ռուսաստանին և լրջագույն սպառնալիք Արցախի և Հայաստանի հայերին, քանի  որ Էրդողանի և Ալիևի կողմից համատեղ ստորագրված Շուշիի հռչակագիրն իր  մեջ պարունակում է անթույլատրելի մոտեցումներ և ձևակերպումներ հայերի հասցեին՝ սկսած «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունից, վերջացրած իրենց ռազմական  համագործակցության կետերից:

Ցավոք, ընդամենը ԱԳՆ-ի մակարդակով արձագանք եղավ: Վարչապետի, նախագահի, ընդհանուր կառավարության կողմից որևէ արձագանք չկա: Սա լրջագույն սպառնալիք է հայերի նկատմամբ, և քայլերը պետք է լինեն բավականին մտածված»,- ընդգծեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն  Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»:

Իսպիրյանի խոսքով՝ պետք է դաշնակիցների հետ  ճիշտ աշխատել, երկրի ներքին և արտաքին անվտանգային հարցերը շատ արագ կազմակերպել:

«Իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո այդ ուղղությամբ ոչինչ չեն արել, չեն զբաղվել այդ հարցերով:

Մենք դա տեսանք, երբ թշնամին մտավ Հայաստանի ինքնիշխան տարածք: Սահմանամերձ բնակավայրերում անասուններ են գողանում, գյուղացիներին են վախեցնում, մեր 6 զինծառայողներին էին գերեվարել:

Ցավոք, տեսնում ենք, որ քաղաքական ուժերը հիմնականում կենտրոնացած են ընտրապայքարի  վրա և մեկը մյուսին վերաբերվում են այնպես, ինչպես  կվերաբերվեին թուրքին:

Հայ ժողովրդի իրական թշնամիներին արձագանքելն ընդհանրապես օրակարգից դուրս է մնացել»,- եզրափակեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close