Նորություններ

«Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հուսամ շատ շուտով մենք կունենանք ռեալպոլիտիկից բխող պրագմատիկ արտաքին քաղաքականություն: Դրա այլընտրանքը վերջնական կործանումն է:
Վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները կարողացել են միաժամանակ հարաբերություններ փչացնել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ:
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են:
Հայաստանը ինքնաիզոլացվել է միջազգային հանրությունից և միջազգային քաղաքականությունից, պրոֆեսիոնալիզմի բացակայության և անադեկվատ որոշումների կայացման պատճառով:
Հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես չեն համապատասխանում ռազմավարական դաշնակիցներին բնորոշ հարաբերություններին: Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: Միակ օրակարգային հարցը ամերիկյան օգնության տրամադրման հարցն է: Հայ-չինական հարաբերությունները, որոնք մշտապես եղել են երկկողմ հարաբերությունների էտալոն, վերջին երեք տարիների ընթացքում ստացել են անադեկվատ բնույթ:
Եվրպական Միության ուղղությամբ որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, չի ձևավորվում ադեկվատ օրակարգ: Ամբողջ օրակարգը պտտվում է բացառապես ԵՄ-ից եկող ֆինանսական աջակցության շուրջ:
Լուրջ համագործակցություն չկա ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ, որոնց մենք անդամակցում ենք կամ համագործակցում ենք երկկողմ անհատական ծրագրերով:
Մեր վարած քաղաքականությունից ընդհանրապես գլուխ չեն հանում մեր հարևան և բարեկամ Իրանն ու Վրաստանը:
Հրատապ գործել է պետք՝ դառնալու համար կանխատեսելի, ադեկվատ, վստահելի գործընկեր: Մեր պրագմատիկ՝ այլ ոչ թե չհաշվարկված որոշումները աշխարհի կողմից ընկալելի են լինելու»:
Back to top button
Close