Նորություններ

«Փաշինյանի խոսքերում ջերմություն կար, 3 տարի անց այդ խոսքերի հետքն անգամ չի մնացել… մենք ծրագրեր չլսեցինք՝ ո՛չ Քոչարյանից, ո՛չ Փաշինյանից»

«Այսպիսի քաոսային ընտրություններ Հայաստանում երբեք չի եղել. ամեն ինչ կա այս ընտրություններում՝ սպառնալիք, հայհոյանք, և դա արդեն անլուրջ է: Ես մտածում եմ, որ Հայաստանը կորցնում է իր հեղինակությունը միջազգային հանրության աչքին: Բոլորը հետևում են այս ընտրություններին և տեսնում են, որ իսպառ բացակայում է ինտելեկտուալ պոտենցիալը Հայաստանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի՝ հիմնական համարվող թեկնածուներն ուղղակի խայտառակում են Հայաստանը միջազգային հանրության աչքին:

«Ես սպառնալիքներին էլ լուրջ չեմ վերաբերվում: Որքան Նիկոլ Փաշինյանի խոսքից հասկացա, «մուրճի» հարվածներ՝ նկատի ունի իրավական հարվածներ, հավանաբար նկատի ունի այն մուրճը, որով դատական սեղանին են խփում, բայց իր ձեռքում դա այլ կերպ է ընկալվում և դիտվում է որպես սպառնալիք:

Իսկ Քոչարյանի հաշվեհարդարներին, սպառնալիքներին մենք ականատես ենք եղել: Քոչարյանը բազմիցս ասել է, որ բոլորի փեշից բռնած հետ է բերելու: Ես գնահատում եմ շատ վատ, անմակարդակ ընտրություններ»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյան

Ալեքսանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չի վերահսկում իր խոսքը:

«Եթե մենք հիշենք հեղափոխության օրերը, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերում ջերմություն կար: 3 տարի անց այդ խոսքերի հետքը անգամ չի մնացել: Այն ժամանակ արժեքներն այլ էին, հիմա այլ է: Երեք տարիների ընթացքում իշխանությունը ոչինչ չարեց, և իրենք էլ դա գիտակցում են, որ ոչինչ չեն արել:

Նիկոլ Փաշինյանը ինչ մտածում է, այն էլ խոսում է, և մեկ-մեկ ինքն իր դեմ էլ է խոսում. սա կոչվում է անկառավարելի, չգիտակցված խոսք:

Փաշինյանն իր կողքին չունի մարդիկ, ովքեր կզգուշացնեն՝ ինչ խոսի, ինչպես խոսի: Ես այն տպավորությունն եմ ստանում, որ ոչ ոք իրեն ոչինչ չի ասել, և ինքը չի էլ պատրաստվում լսել:

Ես շատ եմ ուզում, որ ընտրություններից հետո բախումներ չլինեն, եթե անգամ ընտրությունների 2-րդ փուլ լինի, և կրքերը բորբոքվեն, ժողովուրդը զերծ մնա այդ բախումներից»,- շարունակեց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ թե՛ Քոչարյանը, թե՛ Փաշինյանը ունեն իրենց ընտրազանգվածը, բայց կա նաև հանրության մի զանգված, որը դեռևս չի կողմնորոշվել՝ իր քվեն որ քաղաքական ուժին է տալու կամ առհասարակ մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ:

«Ինձ երբեմն հարցնում են՝ ո՞ւմ ընտրենք, քանի որ մյուս քաղաքական ուժերը հայտնի չեն, մարդիկ վախենում են, որ կսխալվեն: Ես հավատում եմ, որ նրանք, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել, կկատարեն ճիշտ ընտրություն՝ չընտրելով Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին:

Եթե Ռոբերտ Քոչարյանն ընտրվի, ապա կլինեն հաշվեհարդարներ, վրեժխնդրություն, այսինքն՝ այն, ինչ գիտենք իր մասին: Շատ հնարավոր է, որ այդ ամենը հիմա ավելի սաստիկ լինի:

Իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում՝ ես իր խոստումները լուրջ չեմ ընդունում:

Կուզենայի, որ երկրորդ փուլ լիներ, և միավորվեին այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, բայց մեծ ճանաչում չունեն: Ես չէի ուզենա, որ Քոչարյանը կամ Փաշինյանը, այսինքն՝ նրանցից որևէ մեկը գա իշխանության»,-հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ընտրությունները խորացրին և բացահայտեցին Հայաստանում առկա ճգնաժամը:

Վերջինիս խոսքով՝ դրա լուծումը տեսանելի չէ, որովհետև այս պահին Հայաստանում ոչինչ չի գործում, և իշխանությանը ոչինչ չի անհանգստացնում:

«Այս ընտրություններն ի՞նչ են փոխելու. մենք ծրագրերի մասին չլսեցինք՝ ո՛չ Քոչարյանից, ո՛չ Նիկոլ Փաշինյանից. նրանց մոտ առաջնայինը մրցակցությունն է, թե ով պետք է առաջ ընկնի և ինքը հասնի աթոռին, և ուրիշ մտահոգություն գոյություն չունի»,- եզրափակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close