Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Տաթևի վանական համալիրում կայացել է «Ախթամար» լարային քառյակի համերգը

«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում հունիսի 16-ին Տաթևի վանական համալիրի բակում տեղի ունեցավ «Ախթամար» լարային քառյակի (Ֆրանսիա, Բելգիա) բացօթյա համերգը՝ միտված Տաթևի մշակութային կյանքի զարթոնքին։

Այս տարի լարային քառյակը համերգներով է հանդես եկել Երևանում, Գյումրիում, Հառիճավանքում, Վանաձորում, Եղեգնաձորում, Ջերմուկում, Գորիսում և նաև Տաթևում։ Քառյակի համերգները Հայաստանում կազմակերպել է «Կադանս» անսամբլը՝ ՀՀ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։

Արտասահմանում հայտնի «Ախթամար» քառյակի առաջին ջութակը հայազգի Կոլին Ալեսյանն է: Քառյակի կազմում հանդես են գալիս Ջենիֆեր Պիոն (2-րդ ջութակ), Օնդին Սթասիկը (ալտ) և Սիրիլ Սիմոնը (թավջութակ):

Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև Տաթևի մանկական երգչախումբը, որը գործում է 2013 թ․-ից՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շնորհիվ։

Համերգին ներկա էին Տաթև համայնքի բնակիչներ, երիտասարդներ և Տաթևի վանական համալիր այցելած զբոսաշրջիկներ։

Back to top button
Close