Նորություններ

«Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ ստորագրած հռչակագրում ես երեք ուղերձ եմ տեսնում». Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Շուշիում էր: Ադրբեջանի և Թուրքիայի  նախագահները ստորագրել են հռչակագիր, որով Թուրքիայի նախագահը խոստացել է լուծել գրավված տարածքների պաշտպանական և ռազմական խնդիրները:

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի նախագահի այցը Շուշի համարում է պրովոկացիոն՝ հավելելով, որ Թուրքիան դրանով սադրում է Արցախին,  Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին:

«Ադրբեջանի հետ ստորագրած հռչակագրում ես երեք ուղերձ եմ տեսնում:

Առաջին՝ դա ուղերձ էր՝ ուղղված հայ ժողովրդին, և  դրանով ցույց  են տալիս՝ տեսեք, մենք հաղթել ենք և շարունակելու ենք ձեզ վրա մեր ագրեսիան և ճնշումները:

Երկրորդ ուղերձը ուղղված է տարածաշրջանին. ընդհանրապես որպես աշխարհաքաղաքական միավոր ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում սկսվում է նոր փուլ, և դա Թուրքիայի գերիշխանության փուլն է:

Ռուբեն Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյան

Պատահական չէ, որ հայտարարություն արվեց, որ պետք է նորից գրեն, շարադրեն Հարավային Կովկասի պատմությունը: Ուժի միջոցով Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը:

Թուրքիայի ազդեցության ուժեղացումը հնարավոր է Ռուսաստանի ազդեցության թուլացման հաշվին:

Այդ հռչակագիրը, ես կարծում եմ, որ  իր մեջ ունի նաև պանթուրքիստական ուղերձ: Թուրքական աշխարհին ցույց է տալիս, որ տեսեք՝ մենք, համագործակցելով Ադրբեջանի հետ, կարողացանք  այսպիսի կարևոր հաղթանակ տանել, իսկ Շուշին հայտարարվում է, որ  թուրքական մշակույթի կենտրոններից պետք է լինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց թուրքագետը:

Սաֆրաստյանը, անդրադառնալով Էրդողանի խոսնակի և խորհրդականի թվիթերյան գրառմանը, որ իրենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո են այցելում Շուշի, հայտարարեց.

«Շատ կարևոր է, որ այցը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում անձնական հանդիպում է եղել Բայդենի և Էրդողանի միջև: Էրդողանը հետևյալ փորձն է արել ցույց տալու, որ  Թուրքիայի ագրեսիվ գործողությունները տարբեր տարածաշրջաններում ոչ միայն Թուրքիայի շահերից է բխում, այլ նաև ՆԱՏՕ-ի, ընդհանուր Արևմուտքի շահերից:

Այսինքն՝ Թուրքիան, տեսնելով, որ իր  հարաբերություններն Ամերիկայի հետ  այդպես ցածր  մակարդակի վրա են, քայլեր է ձեռնարկում, որ իր հարաբերությունները բարելավի ԱՄՆ-ի հետ, որովհետև կախվածություն ունի: Եվ այդ հարաբերությունները բարելավելու նպատակով ուզում է Ամերիկային ցույց տալ, որ ինքը կարևոր դերակատարում ունի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև Հարավային Կովկասում: Իբրահիմ Քալընի գրառումը Թուրքիայի նպատակների մասին է վկայում, և ես այն դիտարկում եմ երկկողմ հարաբերությունների ընդհանուր տիրույթում»,- նշեց թուրքագետը:

«44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը  ոչ միայն չի թուլանում, այլ նաև ուժեղանում է: Միանգամայն  չեմ կիսում այն տեսակետը, որ հնարավոր է հարաբերություններ կարգավորել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ: Դա ես բացառում եմ ոչ միայն հռետորաբանության պատճառով, այլ նաև ագրեսիվ գործողությունների, որ Ադրբեջանն իրականացնում է Սյունիքում:

Եթե մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան Հայաստանի հանդեպ հարկադրման քաղաքականություն էր վարում, ապա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ես բնութագրում եմ որպես բացահայտ թշնամական:

Կեղծ հայտարարությունները, որ արվում են Թուրքիայի ղեկավարության կողմից՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, զուտ քարոզչական նպատակ ունեն, որովհետև Թուրքիան իրականում ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ  ուղղությամբ: Թուրքիան սպասում է, որ Հայաստանը գնա զիջումների՝ թուրքական և ադրբեջանական պայմաններով»,- հայտարարեց Սաֆրաստյանը:

Թուրքագետը նաև  մի կարևոր հանգամանք է մատնանշում, որ դա ևս ապացուցում է, որ այս իրավիճակում հնարավոր չէ խոսել Ադրբեջանի և Թուրքիայի  հետ բարիդրացիական հարաբերությունների մասին:

«Մենք չունենք խաղաղության  մասին պայմանագիր Ադրբեջանի հետ: Դեռ ձևականորեն մենք ունենք միայն զինադադար: Եվ մինչև այդպիսի պայմանագիր չլինի, դա հնարավոր չէ: Մյուս կողմից Արցախի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և դա պետք է լուծվի բանակցությունների միջոցով»:

Անահիտ Չալիկյան

Back to top button