Գործարար կանայքՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններ

Օր, որը 24 ժամից ավելի է. Կրաշենի թռչնաֆաբրիկայի տիրուհու բանաձևը՝ ինչպես զարգացնել երկիրը

Աքաղաղի կանչով կրաշենցի Հռիփսիմեի օրը սկսվում է շատ վաղ: Արդեն ժամը 4-ին, արևը դուրս չեկած, նա արթուն է: Գործերը շատ են, այնքան, որ կողքից նրան հետևողները միշտ հարցնում են՝ քեզ համար օրը քանի՞ ժամ ունի, որ ամեն ինչ հասցնում ես… «24 ժամից մի քիչ ավելի»,- ուրախությամբ նկատում է Հռիփսիմեն:

Հարցեր կան նաև ոչ հաճելիներից՝ ջահել աղջիկ ես, թռնաֆաբրիկան ո՞րն է: Այս դիտողության վրա քահ-քահ ծիծաղում է: Եթե կարող է տրակտոր վարել, հողագործությամբ զբաղվել, կով կթել, ինչո՞ւ չպիտի խոշոր թռչնաֆաբրիկա ունենալու երազանքն ի կատար ածի:

Կրաշենի թռչնաֆաբրիկայի տիրուհու համար սա միայն բիզնես չէ: Հաճելին համատեղում է օգտակարի հետ և օգտակար, էկոլոգիապես մաքուր սնունդ հասցնում սպառողին՝ Շիրակի մարզից Երևան: Առաքման գործն էլ է իրենը. պատվերները հավաքում է անձամբ, տնական թարմ ձուն և թռչնամիսը հասցնում պատվիրատուին:

Հռիփսիմեն զուգահեռաբար հասցնում է դասընթացների մասնակցել, անձամբ վարել դասընթացներ, դրամաշնորհային ծրագրեր գրել, օգնել մարդկանց տարբեր հարցերում, մտնել այգի՝ մայրիկին օգնելու և այսպես շարունակ… Իսկ թե երբ է հասցնում հանգստանալ, կրկին լայն ժպտում է՝ Կրաշեն-Գյումրի-Երևան ճանապարհներին…

Երեք կազմակերպություն է իրեն օգնել՝ այս բիզնեսի ստեղծման գործում. Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ երիտասարդ կանանց ասոսացիան ու IRIS Business Incubator-ը:

Հռիփսիմեն չի սիրում դժգոհել, լացել… Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես ապրել: Ասում է՝ մեկը որոշում է բազմոցին հեռուստացույցի վահանակը ձեռքին ֆիլմ նայել, իսկ ինքը չի էլ հիշում՝ երբ է վերջին անգամ այդ պարապ գործով զբաղվել: Դա իրենը չէ: Հռիփսիմեն գործի մարդ է, իսկ գործը հիմա կրկնապատկել է: Հենց հյուրասենյակում ինկուբատոր է տեղադրել, ավելի քան 80 ճուտիկի խնամքով է զբաղվում: Հյուրասենյակում, որպեսզի փոքրիկ ճուտիկները լինեն բոլորի ուշադրության կենտրոնում:

Երկիրն ամրացնելու միակ եղանակը գործ անելն է: Այլ տարբերակ չկա, ասում է նա: Սեր, խնամք, հոգատարություն սեփական երկրի, համայնքի նկատմամբ: Ոչ թե բողոքել, որ համայնքային սեփականություն հանդիսացող կառույցի տանիքը քամին քշել է, այլ մուրճը վերցնել և նորոգել…

Back to top button
Close