ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Սիրած աղջիկ ուներ, ուզում էր կյանքն արագ դասավորել». 19-ամյա հերոսին նոյեմբերի 2-ին վիրահատել էին, բայց կյանքը փրկել չի հաջողվել

«Արենս հասուն էր, հավասարակշռված, համեստ ու գիտակից: Նախքան բանակ գնալն էլ միշտ իր հասուն մտածելակերպով տարբերվում էր: Ծառայության ընթացքում ավելի հասուն էր դարձել:

Մեկ տարվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Ծառայությունից շատ գոհ էր, անգամ պատերազմի օրերին ոչինչ չէր պատմում, մեզ անընդհատ վստահեցնում էր, որ ինքը ապահով տեղում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Արեն Միրզոյանի մորաքրոջ աղջիկը՝ Անի Ասատրյանը:

«Արենը տանը ուրիշ էր, ընկերական միջավայրում՝ ուրիշ: Տանը համեստ էր, զուսպ, հավասարակշռված, իսկ ընկերական շրջապատում ավելի ակտիվ էր ու ազատ: Իրեն հատուկ բնավորության գծեր ուներ…

Նպատակասլաց էր, եթե ինչ-որ նպատակ էր դնում իր առջև, անպայման հասնում էր դրան:

Սիրած աղջիկ ուներ, ուզում էր կյանքը արագ դասավորել: Համառ չէր, բայց շատ լավ գիտեր՝ ինչ է անում, երբ է անում ու ինչի է անում:

Մարդկանց հետ հեշտությամբ էր լեզու գտնում, և բոլորը սիրում էին Արենին: Ինքը գիտեր՝ ում հետ ոնց պիտի շփվի, ում հետ ինչ պիտի խոսի»,- պատմում է հերոսի քույրը:

Անիի խոսքերով՝ պատերազմը իրենց կյանքը գլխիվայր շրջել է, ինքը հասցրել է հիասթափվել, ժամանակ առ ժամանակ նաև չարանալ, բայց գիտակցում է, որ ապրել է պետք, և անմահացած հերոսների պատգամը հենց ապրելն է եղել:

«Պատերազմից հետո դեռ կյանք չտեսած հիասթափությունը, երբեմն նաև իմ կամքին հակառակ «ստիպում» է չարանալ: Ես շատ լավ հասկանում եմ, որ ինչ եղել է, էլ ոչինչ հնարավոր չէ հետ բերել: Գիտակցում ես, որ էլ առաջվանը չէ, բայց գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ ինչ մնացել է քեզ, պիտի պինդ պահես, ունեցածդ գնահատես:

Եղել են պահեր, որ մեջս ապրելու ցանկությունս պահ է եղել, որ կորել է, բայց հետո գիտակցել եմ, որ պետք է ապրել. դա է միակ լուծումը:

Ես ինձ հպարտ եմ զգում, որ հերոսի քույր եմ… ես իսկապես հպարտանալու տեղ ունեմ, բայց մի կողմից էլ ցավն ու կարոտը էդ հպարտության զգացողությանը ճնշում են: Իմ եղբայրը ինչ արել է, գիտակցված է արել: Մենք պիտի հարգենք եղբորս որոշումը և պատվով տանենք մեր ցավը:

Հիմա ես ապագայի մասին չեմ պատկերացնում, որովհետև իմ մեղքի զգացումը թույլ չի տալիս, որ Արենին թողնեմ հետևում և կյանքը շարունակեմ: Ես պիտի ժպտամ, որ մորաքույրս մեզ ընկճված չտեսնի: Ես Արենին մինչև կյանքիս վերջ կպահեմ իմ սրտում, այս սպին մինչև կյանքիս վերջ ինձ հետ է»,-պատմում է Անի Ասատրյանը:

Սերժանտ Արեն Աղաբեկի Միրզոյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 31-ին Իջևանում: Սովորում էր ԵՊՀ Ի/Մ-ում, ծրագրավորող էր դառնալու, բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ զորակոչվել է բանակ: Մեկ տարվա ծառայող է եղել, երբ սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը: Արենի ծառայությունն անցել է Խոջալուի զորամասում, բայց պատերազմի օրերին տեղափոխել են Մարտունի 2, Կարմիր շուկայի տարածք: Մասնակցել է թեժ մարտերին, նոյեմբերի 2-ին ստացել է գլխի շրջանում ծանր վիրավորում, բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը: Արեն Միրզոյանը նոյեմբերի 3-ին մահացել է:

«Պատերազմի օրերին մի քանի վայրկյանով էր զանգահարում, շատ հարցեր չէինք տալիս, որ խնդիրներ չլինեն: Մեզ միշտ հավատացրել է, որ ինքը ապահով տեղում է:

Հոկտեմբերի 29-ին Արենը թեժ մարտերի մեջ է եղել, էդ օրը իմ ծննդյան օրն էր ու ես գիտեի, որ ինքը ապահով տեղում է. հոգուս խորքում մի թեթև նեղացել էի, որ եթե ապահով տեղում է, կզանգեր, կշնորհավորեր… չմտածելով, որ Արենը թեժ հատվածում է կռվում:

Մենք Արենի մարմինը գտել ենք նոյեմբերի 23-ին՝ զոհվելուց 20 օր հետո: Միշտ մտածել եմ, որ ինքը ողջ է: Անգամ մտածում էի, որ Արենին պատմելու եմ, թե ոնց ենք մենք իրեն փնտրել: Նոյեմբերի 1-ին 5 հոգով հավաքվել են, որ տեղափոխվեն, նոյեմբերի 2-ին ԱԹՍ-ի հարվածից 2-ը զոհվել են, 3-ը վիրավորվել են:

Մենք վստահ էինք, որ Արենը վիրավոր է, և փնտրում էինք հոսպիտալներում և հիվանդանոցներում, մորգերի մասին չենք էլ մտածել: Նոյեմբերի 2-ին Արենին վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել… նոյեմբերի 3-ին մահացել է»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արեն Միրզոյանի մորաքրոջ աղջիկը՝ Անի Ասատրյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close