Նորություններ

«Իբրահիմ Քալընը նշել է, որ իրենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո են այցելում Շուշի, ինչը բնականաբար չի կարող ողջունվել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Իրանի կողմից»

«Իրականության մեջ նման այցը պետք է բնութագրել որպես սադրիչ բնույթ ունեցող, և ընդհանրապես սա սադրանք է ոչ միայն Արցախի և ՀՀ նկատմամբ, այլ նաև Ռուսաստանի և Իրանի նկատմամբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Շուշի կատարած այցին:

Իրանագետի խոսքով՝ ակնհայտ է, որ թուրքերը չեն կարողացել որևէ պարագայում հաստատվել կամ երկարաժամկետ գտնվել Արցախի տարածքում, քանի որ օսմանյան ծավալապաշտությանը հակազդել է իրանական կայսրությունը:

«Արդեն 1828թ.-ից հետո, երբ այս տարածքներն անցան ռուսական կայսրությանը, բնականաբար, օսմանցիները նույնպես այս տարածքում որևէ անելիք չեն ունեցել:

Թուրքական պետության նպատակներից մեկը Հարավային Կովկասում հաստատվելն է, սա տեղավորվում է էրդողանական վարչախմբի ծավալապաշտական ծրագրերի շրջանակում:

Վարդան Ոսկանյան

Էրդողանի խոսնակի և խորհրդականի թվիթերյան գրառման մեջ ակնհայտ սադրիչ հանգամանք կար, որովհետև Իբրահիմ Քալընը նշել էր, որ իրենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո են այցելում Շուշի, ինչն անուղղակի ցուցիչ է այն բանի, որ թուրքական կողմը փորձում է ՆԱՏՕ-ական իր ներգրավվածությունը բերել Հարավային Կովկասի տարածաշրջան, ինչը բնականաբար չի կարող ողջունվել ո՛չ ՌԴ-ի կողմից, ո՛չ Իրանի կողմից, քանի որ հակասում է այս 2 պետությունների շահերին:

Մյուս կարևոր հանգամանքը, որը պետք է նկատի ունենալ (դա քարոզչական համատեքստում էր արդեն), այն էր, որ թուրքական կողմը պնդում է, թե վերաշարադրվում է Կովկասի պատմությունը, ինչը բնականաբար լկտի պահվածքի նշան է, որովհետև Հարավային Կովկասի պատմությունը վերաշարադրելու որևէ ելք և որևէ հավակնություն թուրքական կողմը չի կարող ունենալ, քանի որ այս տարածաշրջանում օսմանցիները երկարաժամկետ կտրվածքով գոյություն չեն ունեցել: Ուստի սա ևս ցուցիչ է այն հավակնությունների, որը ունի էրդողանական վարչախումբը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ:

Այս ամենը նաև ստեղծում է հնարավորություն, որ Հայաստանի ապագա ազգային իշխանությունը կարողանա, օգտվելով ստեղծված հնարավորությունից և դիմակայելով առկա մարտահրավերներին, ձևավորել հարթակ, որտեղ ներգրավված կլինեն Հայաստանը, ՌԴ-ն և Իրանը՝ հակազդելով էրդողանական ծավալապաշտական նկրտումներին նաև այս համատեքստում»,- հայտարարեց Ոսկանյանը:

Ալիևի և Էրդողանի ցուցադրական շոուների և նրանց հռետորաբանության ֆոնին ինչքանո՞վ եք հավանական համարում իշխանությունների՝ այդ երկու հարևանների հետ խաղաղասիրության և համակեցության մասին թեզերի իրականացումը:

Հարցադրմանն ի պատասխան՝ Վարդան Ոսկանյանը հայտարարեց.

«Ակնհայտ է, որ դեռևս Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբը նմանատիպ հայտարարություններով ջուր է լցնում ադրբեջանա-թուրքական քարոզչական ջրաղացին: Երկու կողմերից էլ ի ցույց է դրվում 2 հանգամանք. առաջին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես թշնամի պետություն, և այդ երկու խաղացողների հեռահար շահերը կապված են ոչ միայն Արցախի տարածքների բռնազավթմանը, այլ նաև ՀՀ Սյունիքի մարզի անվտանգության խաթարմանը:

Կարելի է եզրակացնել, որ թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին ձեռնտու է, որպեսզի այս ապաշնորհ վարչախումբը շարունակի իր կառավարումը, քանի որ այն պարտվողական է և զիջողական»,- եզրափակեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button