ՆորություններՍպորտ

Էրիկսենը դիտել է Ֆինլանդիայի դեմ խաղի վերջին 10 րոպեն․ Դանիայի հավաքականի մարզիչ

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը պատմել է, թե կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ կապված իրավիճակն ինչպես է ազդում թիմի պատրաստության վրա։

«Այն, որ Էրիկսենի հետ ամեն ինչ լավ է, մեզ ուժ է տալիս։ Պարզապես զարմանալի է, որ լուսանկարում նա ժպտում է։ Լսել ենք նույնիսկ, որ նա դիտել է մեր խաղի վերջին 10 րոպեն։ Նրա վիճակի բարելավումը, նրա ժպիտը կօգնեն մեզ կենտրոնանալ առաջիկա խաղի վրա։ Մեզ համար շատ կարևոր է, որ Քրիստիանի հետ ամեն ինչ նորմալ է։ Հիմա կարող ենք շունչ քաշել ու շարժվել առաջ։

Ես կենտրոնացած եմ նրա վրա, որ օգնեմ խաղացողներին հնարավորինս լավ պատրաստվել աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ խաղին։ Երեկ լավ օր էր, այսօր՝ էլ ավելի լավ»,- Յուլմանի խոսքերն է փոխանցում BT-ն։

Հիշեցնենք, որ ԵԱ-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Ֆինլանդիայի դեմ խաղի առաջին կեսի վերջնամասում Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունն ու հոսպիտալացվել։ Այսօր նա լուսանկար էր հրապարակել հիվանդանոցից՝ դիմելով երկրպագուներին։

Back to top button
Close