Նորություններ

«Ասում էր՝ մամ ջան, բանակից գամ, կյանքդ լրիվ կփոխեմ. նկատի ուներ, որ կամուսնանա, և իմ մյուս որդու մահը կսփոփվի». գյումրեցի 19-ամյա հերոսի մոր պատմությունը

Լուրջ, հավասարակշռված, զուսպ, հումորով, խաղաղ. այսպես է նկարագրում արցախյան պատերազմում զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Գրիգորյանի մայրը հերոս որդուն:

«Շփվող էր, ուրախ… հիմնական դպրոցն ավարտեց, հետո ավագ դպրոցն ավարտեց, բուհ ընդունվեց. երեք միջավայրից էլ գոհ էր, շատ ընկերներ ուներ. համադասարանցիները միշտ գնում-գալիս էին մեր տուն: Հիմա Արմենի գերեզմանին են այցելում դասընկերներն ու ընկերները:

Պատերազմը երբ սկսվեց, Արմենիս երկու ամիսն էլ չէր լրացել, որ զորակոչվել էր բանակ: Մատաղիսում էր ծառայում, չէր դժգոհում ծառայությունից: Հարմարվել էր ծառայությանը, որ հարցնում էինք՝ հե՞շտ է արդյոք ծառայությունը, ասում էր՝ ամեն ինչ հանգիստ է, լավ է: Ասում էր՝ եթե դու քեզ հանգիստ պահես, քեզ բան ասող չի լինի, քեզ կհարգեն էլ, կսիրեն էլ: Ծառայակից ողջ մնացած ընկերները պատմում են, թե ինչքան դուխով է եղել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ժամկետային զինծառայող Արմեն Գրիգորյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:

Տիկին Գայանեն պատմում է, որ իր որդին հեշտ էր մարդկանց հետ լեզու գտնում, շփվում էր բոլորի հետ:

Նրա խոսքով՝ Արմենն անգամ պատերազմի օրերին հումորի զգացումը չէր կորցրել:

«Վերջին անգամ հոկտեմբերի 1-ին էր զանգել… հարցրի՝ Արմեն ջան, ո՞նց ես, ասաց՝ մամ ջան, ամեն ինչ ոնց որ դեպի լավն է գնում: Որդիս զոհվել է հոկտեմբերի 3-ին:

Իրականում էդ ամեն ինչը ասում էր մեզ հանգստացնելու համար: Ծիծաղելով ասում էր՝ մամ, գիշերը կրակոցները տոնածառի էֆեկտ են տվել: Միգուցե վախեցել է, բայց երբեք մենք դա չենք զգացել:

Ասում էր՝ մամ ջան, ես իմ տեղում եմ, ինձ չեն տեղափոխել: Ծառայակից ընկերները պատմում են, որ ռիսկով է եղել:

Դաժան ցավ է, Արմենը իմ երկրորդ որդին է, որ կորցրել եմ: Ինձ հերոս պետք չէ, ինձ իմ երեխեն է պետք: Ինչ էլ ասեն, դրանք դատարկ սփոփանքներ են… Արմենը ոչ միայն իմ կորուստն էր, այլ բոլորի:

Ասում էր՝ մամ ջան, բանակից գամ, կայնքդ լրիվ կփոխեմ, երևի նկատի ուներ, որ կամուսնանա, և իմ մյուս որդու մահը կսփոփվի: Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ, բայց ասում էր:

Արմենը բոլորին համախմբում էր, եթե մի տեղում Արմենը չլիներ, ուրեմն այդտեղ դատարկ էր, իր տեղը երևում էր»,- շարունակում է գյումրեցի հերոսի մայրը:

Արմեն Արթուրի Գրիգորյանը ծնվել է 2001թ. հունվարի 18-ին Գյումրիում: Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է բանակ՝ 2020թ. օգոստոսի 3-ին: Ծառայությունն անցել է Արցախի Մատաղիսի զորամասում:

Սեպտեմբերի 27-ից կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, չի ընկրկել. հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 3-ին:

Տիկին Գայանեն ասում է՝ այս պահին իրենց ցավը ոչինչ չի կարող մեղմել, բայց միջնեկ տղային, ով նույնպես մասնակցել է արցախյան պատերազմին, ամուսնացրել է, և ամեն հույս հիմա կապված է դեռ չծնված, բայց Գրիգորյանների ընտանիք ուրախություն բերող փոքրիկների հետ:

«Փոքրիկներն ուղղակի մխիթարանք կլինեն մեզ համար, բայց չեմ հավատում, որ Արմենս է վերածնվելու: Ճիշտ է, էլի կապրեմ, ու կյանքն էլ կշարունակվի իրենց համար»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արմեն Գրիգորյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button