Նորություններ

«Այդ 2 քաղաքական ուժերից որևէ մեկի հաղթանակը խայտառակություն է մեր հասարակության համար». իրավապաշտպան

«Ընտրարշավը նույնիսկ ընտրարշավ էլ չէ, այլ ավելի շատ լեզվակռվի է նման, և դրա արդյունքում ձևավորված ապագա խորհրդարանը և իշխանությունը, ընդհանրապես ընտրության արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ ընտրողը գնալու է ընտրության հայհոյանքների, զազրախոսությունների, թշնամանքի ֆոնին և կատարելու է հերթական զգացմունքային ընտրությունը:

«Մենք ակնկալում էինք կամ հույս ունեինք, որ կլինեն սառը դատողության վրա հիմնված ընտրություններ:

Զգացմունքային ընտրությունների արդյունքները երբեք գոհացուցիչ չեն լինում, և ցավալին այն է, որ կարող են հանգեցնել հետընտրական անցանկալի զարգացումների, ինչից կարող է տուժել մեր պետությունը, մեր պետականությունը, և երկիրը ևս մեկ անգամ կանցնի ցնցումներով»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Վարդան Հարությունյանի խոսքով՝ որ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն, այդտեղ իր առանցքային մեղավորությունն ունի Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը ստանալու պահից սկսած՝ սկսվեց իր պայքարը նախկինների դեմ Քոչարյանի դեմքով: Այն դեպքում, երբ այդ նախկինները 2018թ.-ի ապրիլ-մայիսին արդեն գոյություն չունեին:

Փաշինյանը օպոնենտ ընտրելով նրանց՝ ներքաշեց քաղաքական դաշտ, և այսօր նրանք են նրա համար թիվ մեկ օպոնենտները, ցավոք սրտի:

Ես կուզենայի, որ այսօրվա իշխանությունը չլինի, բայց նաև կուզենայի, որ այսօրվա իշխանությունների համար մեկ մրցակիցները բոլորովին այլ ուժեր լինեին:

Փաշինյանը արել է ամեն ինչ, որ նախկինները «վերակենդանանան», ուժ հավաքեն և վերադառնան իշխանության:

Եվ այս զարգացումների պատասխանատուն, շատ դեպքերում կարող եմ ասել՝ միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և իր գլխավորած ուժը»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած խայտաբղետ ուժերի պայքարում գոյություն ունի 3 ուղղություն:

«Դա իշխանությունն է, որի գերխնդիրն իշխանությունը ցանկացած գնով պահելն է, որովհետև նրանք հասկանում են, որ իշխանությունն անվտանգություն է իրենց համար:

Երկրորդը՝ Քոչարյանի դեմքով նախկիններն են, որոնք այսօր դաշտում շատ են. սրանք ռևանշի և իշխանություն ձեռք գցելու խնդիր ունեն:

Գոյություն ունի նաև երրորդ բևեռ, և որպես այդպիսին ես տեսնում եմ ՀԱԿ-ին, որին արհեստականորեն փորձում են դուրս մղել ընտրապայքարից՝ ցույց տալով, որ պայքարի մրցավազքը տեղի է ունենում 2 ուժի միջև՝ Քոչարյան-Փաշինյան, չնկատելու են տալիս ՀԱԿ-ին, բայց ՀԱԿ-ը որպես առանձին միավոր այդ դաշտում կա: Իմ համոզմամբ՝ կա 3 ուղղություն»,- հայտարարեց իրավապաշտպանը:

«Գնալ և ընտրել պարտության, անպատասխանատվության սիմվոլին կամ ընտրել մի ուժի, որը դավաճանել է հեղափոխության սկզբունքները և կարգախոսները՝ իշխանությունը ձեռք գցելու հաջորդ օրվանից սկսած. սա կլինի խայտառակություն մեր երկրի համար:

Մինչդեռ առողջ հասարակություն ունենալու պարագայում Փաշինյանը պիտի ստանա 0 ձայն: Եթե նա կստանա ծանրակշիռ քվե, որն իր իշխանությունը կապահովի, նշանակում է, որ մեր հանրությունը հիվանդ է:

Քոչարյանի իշխանության վերադարձը կամ Քոչարյանի օգտին քվեարկելը կնշանակի, որ իր հասարակությունը իր կողմից մերժված ուժին 2-3 տարի հետո քվե է տալիս: Սա ևս խայտառակություն է: Այնպես որ, այդ 2 քաղաքական ուժերից որևէ մեկի հաղթանակը, իմ պատկերացմամբ, խայտառակություն է մեր հասարակության համար»,-եզրափակեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button