Նորություններ

«Մի կին ասաց ինձ՝ տիկին Թագուհի, չեմ վախենում. կացինը դրած է դռան մոտ, շորերով քնում եմ, շորերով արթնանում». Թ. Թովմասյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է՝ այս պահին ինչ իրավիճակ է Վարդենիսում:

«Ես հիմա Վարդենիսում եմ. քաղաքում իրավիճակը հանդարտ է, գյուղերում  մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքները շարունակում են իրականացնել, բայց վտանգի զգացողությունը կա: Այսօր մի կին ինձ ասաց. «Տիկին Թագուհի, չեմ վախենում. կացինը դրած է դռան մոտ, շորերով քնում եմ, շորերով արթնանում»,- պատմում է անկախ պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմաններին տիրող իրավիճակին, իշխանության կողմից արվող քայլերին, հայտարարեց.

«Իշխանությունը շարունակում է պնդել, որ «պայթյունավտանգ» բառը չի բնութագրում այն լարված իրավիճակը, որ առկա է Գեղարքունիքի մարզի սահմաններին: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները կրակել են և հովվի ձիուն սպանել են: 80 գլուխ անասուն այս պահի դրությամբ գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո, և մենք չունենք իշխանություն, որ բանակցի և մարդկանց անասունները հետ բերի. սա է իրավիճակը»:

Մարդկանց մոտ կա՞ խուճապ, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց.

«Եթե անզեն աչքով մարդը թշնամուն տեսնում է իր դիմացի սարերի վրա, ամեն օր լսում է, որ կրակոցներ են լինում, կովեր են գողանում, գերիներ են վերցնում այդ հատվածից. կա՞ մի խելամիտ մարդ, որ  այդ հատվածում իրեն կզգա անվտանգ և կասի, որ այստեղ որևէ խնդիր չկա, ես այստեղ ապրում եմ, վճռական եմ»:

Պատգամավորը, անդրադառնալով սահմանների կահավորմանն ուղղված աշխատանքներին, նշեց.

«Ուշացած որոշ քայլեր իրականացվում են, բայց, ցավոք, ոչ այն հատվածներում, որը մենք կցանկանայինք: Փաստը այն է, որ շատ տեղերում ունենք բացեր, և որտեղ արվում են որոշակի աշխատանքներ, մենք հաստատ չէինք ուզենա, որ այդ հատվածներում իրականացվեին աշխատանքներ»,- եզրափակեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  ՊՆ-ն տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների՝ ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close