Նորություններ

Եթե չենք կարողանում համախմբվել, ապա ողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա. Մարուքյանը՝ Գյումրիում

Ամենակարևոր ուղերձը համախմբման ուղերձն է, եթե չենք կարողանում համախմբվել, ապա ոչ մի լավ ծրագիր կյանքի կոչվել չի կարող, որովհետև ներուժ չի լինելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Գյումրիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

«Ամբողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա, ինչպես որ մինչև այսօր եղել է։ Եվ դրա համար ԼՀԿ-ն առաջարկում է հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր վերցրեց թիվ 9 քվեաթերթիկը և քվեարկեք հանուն համերաշխության, քվեարկեք հանուն միասնության, քվեարկեք հանուն մեր բոլորի համախմբման, բոլորի ռեսուրսները մեկտեղ հանուն մեր պետության օգտագործման։ Սա է մեր օրակարգը, այս օրակարգով ենք այստեղ»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին. «Ձեր իրավունքից օգտվեք, որ վաղը չէ մյուս օրը չասեք դժգոհ ենք այս մեկերից, այն մեկերից։ Կատարեք ընտրություն, պատասխանատու կերպով մոտեցեք այդ մեկ ձայնին»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը խոսեց Գյումրու տնակային ավանների խնդրի մասին, նշելով որ  «հազար ու մի առաջարկ» են ներկայացրել խնդիրները լուծելու համար, բայց հնարավորությունները չեն ներդրել խնդիրները լուծելու համար։

«Մենք միակ ուժն ենք, որ պայքարել ենք տարածքային համաչափ զարգացման համար, որ Երևանում ապրող մարդու կյանքի որակը չտարբերվի Գյումրիում, Վանաձորում, Կապանում ապրող մարդու կյանքի որակից: Մենք ենք ասել, որ եթե Երեւանում մանկապարտեզներն անվճար են, անվճար պետք է լինեն նաեւ մյուս մարզերում: Մեր բոլոր առաջարկները մերժվել են, որովհետեւ մեր ունեցած հնարավորությունը սահմանափակ է եղել»,- ընդգծեց նա։

Back to top button
Close