Նորություններ

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արտաշատում. 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զոհին

 

Այսօր՝ հունիսի 12-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանն ու Արտաշատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, ով տեղափոխվել է իր տանից։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։

Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։

Ն. Այվազյանի որոշմամբ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close