Նորություններ

1993թ. այս օրը զոհվել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը

1993թ. հունիսի 12-ին Մարզիլու գյուղի շրջակայքում զոհվել է Հայաստանի ազգային և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը:

1980թ. մայիսից Մոնթե Մելքոնյանը եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) զլխավոր ռազմական մարզիչ:

1983թ. հեռացել է ՀԱՀԳԲ-ից և հիմնել «ՀԱՀԳԲ-Հեղափոխական շարժում» կազմակերպությունը: 1990թ. հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991թ. սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը: 1992թ.-ից Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար է եղել:

Մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԱՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու, Քարվաճառի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Հերոսի անունով է կոչվում ՀՀ ՊՆ ռազմական վարժարանը: ԱՀ Մարտունի քաղաքում տեղադրված է Մոնթեի հուշարձանը: 1994թ. Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու, 23.11.1993), ՀՀ «Բարձրագույն Հայրենիք», «Ոսկե Արծիվ» շքանշաններով: Այս օրերին Մայր Հայրենիքում և Արցախում կազմակերպվում են հիշատակի միջոցառումներ՝ նվիրված հերոսի հայրենանվեր կյանքին ու գործունեությանը:

Back to top button
Close