Նորություններ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հանքավանի ճանապարհին բախվել են Mercedes GLA-ն ու Mercedes C-ն, վերջինը գլխիվայր հայտնվել է ձորում, կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GLA և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Օպերատիվ են գործել նաև «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո նրանցից մեկին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը։ Փաստի առթիվ Ա. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close