ՄիջազգայինՆորություններ

Չեչնիայի ուժայինները գրոհել են Դաղստանում ընտանեկան բռնության զոհերի ապաստարանը եւ իրենց հետ տարել չեչեն աղջկան

Մախաչկալայում ոստիկանները մուտք են գործել ճգնաժամային կենտրոն, որտեղ ապաստանում են ընտանեկան բռնության զոհերը: Նրանց նպատակն էր գտնել չեչենուհի Խալիմաթ Թարամովային, ով փախել էր իր հարազատներից: Ավելի վաղ նրա ձայնագրած տեսանյութից հետեւում է, որ աղջկան անընդհատ նվաստացրել ու ֆիզիկական բռնության են ենթարկել, ինչի պատճառով նա լքել էր իր տունը և խնդրում էր իրեն չփնտրել:

Իրավապաշտպան Սվետլանա Անոխինան, ով հարձակման պահին գտնվել է ճգնաժամային կենտրոնում, նշել է, որ նախ բնակարան է այցելել Դալգաթ անունով ոստիկանը: Աղջիկները նրան ներս են թողել: Ոստիկանը մի քանի հարց է տվել ու հեռացել, սակայն որոշ ժամանակ անց Չեչնիայից եկած ոստիկաններն ու անհայտ տղամարդիկ ներխուժել են բնակարան: «Նրանք ինձ ու չորս աղջիկներին բռնի ուժով դուրս են հանել բնակարանից, քաշքշել են ոտքերից ու ձեռքերից և մի քանի անգամ հարվածել»,- պատմել է Անոխինան:

Իրավապաշտպանը ենթադրում է, որ իր ոչ ավանդական կողմնորոշման պատճառով հարազատների կողմից հետապնդումների ենթարկված և ծեծի ենթարկված Թարամովային հավանաբար հետ են տարել Չեչնիա: Բացի Թարամովայից, ապաստանից տարել են ևս երեք կնոջ՝ ընտանեկան բռնության եւս մեկ զոհի և երկու կին կամավորի:

ՆԳՆ մամուլի ծառայությունից չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը:

Այս ամբողջ աղմուկի պատճառը Թարամովան է, ով Չեչնիայից մի բարձրաստիճան պաշտոնյայի դուստր է: Այուբա Թարամովը նախկինում զբաղեցնում էր Չեչնիայի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և հանրապետության բնակկոմունալ տնտեսության փոխնախարարն էր:

Back to top button
Close