Նորություններ

«Դեռևս 200 հայ գերի գտնվում է Ադրբեջանում. վարչապետի պաշտոնակատարը չի կարող Ադրբեջանին իրավունք վերապահել հետաձգել այդ անձանց վերադարձը». Ս. Սահակյան

Օրերս ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը հրապարակել էին տեսանյութ՝ կից հրապարակումով, որ փնտրում են ադրբեջանական գերության մեջ հայտնված նշված անձանց: Տեսանյութի արձագանքների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

«Մենք միայն տարածել ենք այն տեսանյութերը, որոնցում նույնականացման առնչությամբ դեռ խնդիրներ կային, և օգտագործել ենք տեսանյութեր, որոնք իրենց բնույթով նույնականանալի են, այսինքն՝ ունեն ընդգծվող տարբերակիչ հատկանիշներ և տեսանելիություն:

Հետադարձ կապը շատ ակտիվ է եղել, և կարող ենք ասել, որ 80%-ով արդյունավետ է եղել այս գործողությունը:

Մեր ձեռք բերված ապացույցները վկայում են, որ գերիների վերադարձից հետո դեռևս 200 հայ գերի գտնվում է Ադրբեջանում:

Սիրանուշ Սահակյան

Ընդ որում՝ նրանցից 150-160-ի պարագայում մենք ունենք անհերքելի ապացույցներ, իսկ մյուսների պարագայում ունենք անուղղակի ապացույցներ, որոնք խոսում են գերեվարման օգտին:

Մեր բարձրաձայնած թվաքանակը այս պահին անփոփոխ է, այսինքն՝ ոչ նոր գերեվարման դեպքեր են հաստատվել Ադրբեջանի կողմից, ոչ էլ ունենք հայրենադարձության հարցում լուրջ տեղաշարժ»,- հայտարարեց Սահակյանը:

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը, անդրադառնալով մայիսի 27-ին ՀՀ տարածքից 6 հայ զինծառայողների գերեվարմանը և հայկական կողմի քայլերին, հայտարարեց.

«Կառավարության լիազորության ներկայացուցչի գրասենյակ միջպետական գանգատի շրջանակում դիմում է ներկայացվել, և թերևս մեզ չեն պատասխանել: Այս պահին Բաքուն պաշտոնապես հաստատում է նշված 6 անձանց գերեվարումը: Փորձում է այլ իրականություն լուսաբանել, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակով փորձելու են նրանց ներկայացնել որպես հանցագործներ, ահաբեկիչներ և այլն»,- նշեց Սիրանուշ Սահակյանը:

«Նույնիսկ եթե նրանց մեղադրում կամ դատապարտում են հանցագործության մեջ, այդ հարցով նրանք չեն կորցնում իրենց ռազմագերու կարգավիճակը: Այլ հարց է, որ դատական գործընթացների իրականացումը դառնում են գործոններ, որոնք կարող են երկարաձգել հայրենադարձության գործընթացը:

Քանի որ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության խնդիրը ՄԻԵԴ-ում է, ըստ էության, իրավունքների խախտումները պետք է համալրվեն նոր խնդրով՝ ապօրինի դատապարտումներ, հետապնդումներ ռազմագերիների նկատմամբ: Եվրադատարանը Ադրբեջանից պահանջելու է քրեական գործի նյութերը, և կարծում եմ այդ փուլում մերկացվելու է ադրբեջանական դիրքորոշումը, և մենք կունենանք միջազգային դատական արձանագրում, որ գերիների դեմ հարուցված գործերը կեղծ և շինծու են և միտված են եղել հայրենադարձման գործընթացի ձգձգմանը:

Մինչև դատական գործընթացները պետք է ակտիվ աշխատանք տանել քաղաքական հարթակներում: Կան կոչեր, որ Բաքուն անհապաղ վերադարձնի հայ ռազմագերիներին: Կարևոր է, որ այդ կոչերը զուգակցվեն պատասխանատվության միջոցների կիրառմամբ: Եթե Ադրբեջանի բարձր քաղաքական ղեկավարությունը սեփական մաշկի վրա զգա հայ ռազմագերիների նկատմամբ ապօրինությունների հետևանքները, և վստահ եմ, որ ճնշումների ներքո նրանք հարկադրաբար կսկսեն հարգել իրավունքը: Սակայն եթե անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվում, և ճիշտ ճնշում չի բանեցվում Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանը վայելելու է անպատժելիության պտուղները: Դրա համար պետք չէ սպասել Եվրադատարանի վերջնական դատական ակտերի կայացմանը. դրանք ժամանակ են պահանջելու: Պետք է ակտիվ աշխատել միջազգային տարբեր կառույցների և երկրների հետ և գտնել այն ընդհանուր շահերը, հանուն որի այդ կառույցները կօգտագործեն իրենց ուժն ու ազդեցությունը հանուն հայ ռազմագերիների»,- ընդգծեց Սահակյանը:

Վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար: Ինչպիսի՞ անդրադարձ կունենա վարչապետի պաշտոնակատարի նման հայտարարությունը հայ գերիների վերադարձի գործընթացի վրա:

Հարցին ի պատասխան՝ Սիրանուշ Սահակյանը հայտարարեց.

«Խիստ բացասական ազդեցություն է թողնելու, որովհետև միջազգային պարտավորություններով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Եթե որոշ բարեխիղճ կառույցներ կանգնել են հայ ժողովրդի և հայ իշխանությունների կողքին և կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, ապա վարչապետի պաշտոնակատարը չի կարող թույլատրել, Ադրբեջանին իրավունք վերապահել հետաձգել այդ անձանց վերադարձը:

Պետությունը պետք է հետևողական լինի Ադրբեջանի ուշացումների նկատմամբ:

Փաստորեն պետությունը իր տեղում գտնվելու փոխարեն կարծես թե Ադրբեջանին նոր թույլտվություններ է արձակում, որպեսզի ավելի ազատ և հանգիստ կերպով շարունակաբար խախտեն մեր ռազմագերիների իրավունքները: Խոսքը միայն անձնական ազատության իրավունքի մասին չէ: Հայերը երբևէ անվտանգ չեն եղել և չեն լինի ադրբեջանական հսկողության ներքո, բայց վերաբերմունքի որոշ դրսևորումներ ունենում են ճակատագրական ավարտ, և դա վերահսկելի չէ:

Մյուս կողմից մշտապես հոգեբանական տառապանքի մեջ են գտնվում ընտանիքները և մեծ հաշվով հասարակությունը: Ես՝ որպես հասարակության անդամ, ստիպված եմ իմ պետության անզորության ամոթանքը կրել, որը ինձ ևս հոգեբանական տառապանք է պատճառում:

Ուստի անթույլատրելի եմ համարում բարոյական, իրավական տեսանկյունից մեզ պատճառվող տառապանքի արդարացումը և մեր իրավունքները խախտելու թույլտվություն կամ հայեցողություն Ադրբեջանի իշխանություններին տրամադրելը»,- եզրափակեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close