ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ուներ ընտրյալ, իր առաջին մեծ սերն էր. խոստացել էի՝ բանակից գա, 2 օր հետո հարսանիքը կանենք». 19-ամյա Կոլյան մինչեւ վերջ մնաց համոզված, որ իր դիրքը չի հանձնել

«Աշխույժ, խելացի, կամային, համեստ, աշխատասեր ու խոսքի տեր տղա էր Կոլյան»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Կոլյա Մկրտչյանի կնքահայրը՝ Արամ Գրիգորյանը, հետո հավելում՝ Կոլյային դժվար է մի քանի բառով նկարագրելը:

«Կոլյայի մոտ աշխատասիրությունը դրսևորվել է դեռ պատանեկան տարիքից: Դպրոց գնալուն զուգահեռ նաև աշխատում էր, փորձում էր իրեն տարբեր բնագավառներում, ուզում էր ընտանիքին ինչ-որ բանով օգուտ տալ:

Շատ խելացի էր, սիրում էր մաթեմատիկան և շատ լավ էր մաթեմատիկայից: Լսելու ունակություն ուներ, եթե մի բան որոշում էր, ապա անպայման լսում էր նաև այլ կարծիքներ, հետո նոր վերջնական որոշում կայացնում: Եթե ինչ-որ բան սխալ էր հաշվարկել, անպայման հաշվի էր առնում դա արդեն ուղղված տարբերակով:

Իմ և Կոլյայի հարաբերություններում առաջնայինը իրար հետ խորհրդակցելն էր: Ասում էր՝ քավոր, ընտանիքս, ծնողներս ինձ համար սրբություն են, բայց որոշակի հարցեր կան, որ վերջնական որոշումը մենք իրար հետ պիտի կայացնենք:

Ծառայության տասը ամիսների ընթացքում մենք ամեն րոպե կապի մեջ ենք եղել: Վերջին անգամ Կոլյայի հետ խոսել եմ իր զոհվելուց 5 օր առաջ: Ասում էր՝ իրավիճակը լարված է, բայց դե, քավոր, դու գիտես սանիկիդ դուխը: Ես հետ կանգնող չեմ, եթե մինչև անգամ խնդիրներ էլ ի հայտ գան, ես առաջիններից մեկն եմ լինելու, և դա հաստատ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արամ Գրիգորյանը:

Կոլյա Մկրտչյանն իր ապրած 19 տարիների ընթացքում հասցրեց շատ բան անել՝ կրթվել, աշխատել, սիրահարվել, բանակ զորակոչվել և անմահանալ հանուն հայրենիքի:

Կրտսեր սերժանտ Կոլյա Գևորգի Մկրտչյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 8-ին Գյումրիում: Կոլյան ընդունվել էր ՀԱՊՀ «Էլեկտրոնիկայի» բաժինը, 2019թ. դեկտեմբերին բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ զորակոչվել է բանակ:

Աշխույժ, աչքի ընկնող, հավակնոտ ապագայի մասին երազող տղան գիտեր, որ իր սխրանքների մասին դեռ շատ է խոսվելու:

Ինչպես առաջին արցախյան պատերազմում, ապրիլյան քառօրյայում, այնպես էլ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում շատ էին հերոսական դրվագները: Հայ զինվորն ու սպան պատմություններ են կերտել՝ անխախտ պահելով գիտակցումը, որ հայրենիքի համար արժե մեռնել:

Արամ Գրիգորյանը պատմում է, որ ծառայությունը շատ էր փոխել իր սանիկին, ասում է՝ …չնայած, որ ես միշտ Կոլյայի հետ շփվել եմ որպես հասուն տղայի:

«Դեկտեմբերի 17-ին մեկնեց ծառայության, մեր հաջորդ հանդիպումը եղավ զինվորական երդմնակալության արարողության ժամանակ: Մոտ 1-2 ամիս էր անցել, բայց Կոլյան փոխվել էր. ասացի՝ Կոլ, մեծացել ես: Գյումրիում 6 ամիս ծառայեց, հետո տեղափոխեցին Իջևան: Պատերազմից 1-2 ամիս առաջ, երբ տեսա Կոլյային, ասացի՝ Կոլ, լրիվ ուրիշ տղա ես դարձել, ապրե՛ս, այդպես շարունակիր: Ասաց՝ քավորիս սանիկն եմ, բա ի՞նչ ես ուզում:

Ուներ ընտրյալ, սերը փոխադարձ էր, իր առաջին մեծ սերն էր: Խոստացել էի՝ բանակից գա, 2 օր հետո հարսանիքը կանենք: Մենք պիտի ամուսնացնեինք Կոլյային իր սիրած աղջկա հետ:

Տղերքը կյանքը տվել են ինչ-որ բանի համար, ու մտքիդ մեջ սկսում ես մտածել, որ մարդիկ իրենց կյանքը տվեցին մեր խաղաղության, մեր հաղթանակի համար, բայց այս պարագայում ես էլի զուր չեմ համարում նրանց զոհվելը, որովհետև շատ հնարավոր էր այլ ելք լիներ, ու նույնիսկ մենք հիմա առիթ էլ չունենայինք իրար հետ խոսելու: Նրանց շնորհիվ մենք կանք ու էլի ահագին կանք»,- ասում է արցախյան պատերազմում զոհված գյումրեցի կրտսեր սերժանտի կնքահայրը:

Գրիգորյանն ասում է՝ ցավում եմ և ափսոսում, որ Կոլյան չկա, և այդ ափսոսանքի հետ մեկտեղ կա նաև հպարտություն:

«Հպարտ եմ, որ Կոլյայի նման սանիկ եմ ունեցել: Երբ ափսոսանքն ու Կոլյայի բացը սկսել է հաղթել, հպարտությունը եկել և ասել է, որ ինքը այստեղ է»:

Կոլյա Մկրտչյանը ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում, այնուհետև տեղափոխել են Իջևան:

19-ամյա ժամկետային զինծառայողը հրամկազմի համար վստահելի էր, որովհետև չկար մարտական խնդիր, որ դրվեր Կոլյայի առջև, և նա փայլուն չկատարեր:

Պատերազմի ընթացքում Կոլյա Մկրտչյանը ՀՀ ազգային հերոս, գնդի հրամանատար Թաթուլ Ղազարյանի հետ աննահանջ կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ:

Կոլյայի մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի բազմաթիվ տեխնիկա, ինչպես նաև մարդուժ: 19-ամյա զինծառայողը փրկել է վիրավորներին, օգնել զինակից ընկերներին:

Կոլյա Մկրտչյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին Իշխանասարի մատույցներում:

Գյումրեցի 19-ամյա ժամկետային զինծառայողը մասնակցել է նաև 2020թ.-ի տավուշյան մարտերին:

Կոլյան չի ասել, որ մասնակցել է տավուշյան մարտերին, հարազատները դրա մասին իմացել են հրամանատարներից ու ավելի ուշ:

Կրտսեր սերժանտ Կոլյա Գևորգի Մկրտչյանը հայրենիքին մատուցած բացառիկ և անձնվեր ծառայության համար զորամասի հրամանատարության կողմից արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի, ներկայացվել է կառավարական պարգեւի:

Կոլյան և մյուս հերոս տղերքը հավատացել են, որ իրենք դիրքը չեն տվել և որ իրենք հաղթելու են:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close