Նորություններ

«Եթե Հայաստանից զբոսաշրջիկը ունի հետաքրքրություն, ուզում է գնա համայնքի կյանքին ծանոթանա, եթե ինքը չիմանա և ճանապարհը մի փոքր աջ-ձախ անի, կհայտնվի ադրբեջանական զորքերի ձեռքում»

Իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանը այցելել է Սյունիքի սահմանամերձ դարձած համայնքներ, տեղում ծանոթացել խնդիրներին, լսել սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչների մտահոգությունները:

«Տունը, որտեղ ես եմ մնում, ձախ կողմում՝ Վերիշեն, Ակներ գյուղերն են, իսկ դրա վերևի հատվածում Սև լիճն է, որտեղ մխրճվել են ադրբեջանական զորքերը: Գորիս քաղաքի վերևի հատվածում ադրբեջանցիները նստած են: Քաղաքից ներքև դեպի Քարահունջ Կապան տանող հատվածն ենք նայում, էդ մասում ընկնում են Որոտան, Շուռնուխ գյուղերը, ճիշտ է, այդ մասում ռուսներ կան, բայց այդ մասում ադրբեջանական զորքերն ավելի բարձրադիր հատվածներում են դիրքավորված: Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ՝ էդ հատվածների վտանգն էլ մի ուրիշ ձևի վտանգ է:

Խնձորեսկ գյուղից ճանապարհ է իջնում դեպի Ներքին Խնձորեսկ, այդ հատվածում է, որ ադրբեջանական զորք չկա, բայց գյուղի մյուս 3 կողմերում ադրբեջանական զորքեր են տեղակայված, և ճիշտ է՝ մեր զորքերն էլ են տեղակայված, բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական դիրքերն ավելի բարձրադիր հատվածներում են, ու հայկական զորքը ստացվում է, որ գյուղի և ադրբեջանական զորքի մեջտեղում են: Մեր դիրքերի վիճակը բավականին անբարենպաստ է. մեր դիրքերը ադրբեջանական դիրքերի դիտակետում են:

Ներքին Խնձորեսկ գյուղի ներքևի հատվածի վերջին տները ամբողջությամբ ադրբեջանական զորքերի դիտակետում են: Նույնը վերաբերում է նաև Որոտանին, Շուռնուխին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Նարե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ տրամադրությունը խուճապային չէ, մարդիկ առօրյա կյանքով ապրում են.

«Բայց դա չի նշանակում, որ վտանգ չկա. հասարակ տրամաբանություն է՝ եթե մեր դիրքն ադրբեջանական դիրքերի դիտակետում է, մեր դիրքի տեղակայումը անբարենպաստ է, և այստեղ վտանգը բավականին մեծ է:

Եթե խոսում ենք Ներքին Խնձորեսկի մասին, այստեղ խնդիրն այն է, որ պետությունը որևէ կերպ գյուղի խնդիրներին ուշադրություն չի դարձնում:

Նախկինում ադրբեջանական զորքերը մոտ 150 կմ հեռու են եղել գյուղից: Դիրքերը, սահմանները, հողերը նվիրելուց հետո ադրբեջանական զորքերը մոտեցել են գյուղին, իսկ դա նշանակում է, որ գյուղատնտեսական կարևոր նշանակություն ունեցող հողերի մոտ 90%-ը, եթե ոչ ավելի, ադրբեջանական վերահսկողության տակ են գտնվում: Մարդիկ, որպես այդպիսին, ապրում են, բայց կենսապայմանները էականորեն վատացել են։

Մարդիկ, ովքեր զբաղվում էին անասնապահությամբ, գյուղատնտեսական աշխատանքներով են իրենց կյանքը հոգացել, հիմա այդ հնարավորությունը չունեն: Նախ չունեն արոտավայր, որտեղ կարող են իրենց անասուններին պահել, հիմա այդ հատվածների մեծ մասը անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, և տարածքների մոտ 10%-ն է մնացել հայկական կողմի վերահսկողության տակ: Երբ խոսում էի գյուղի բնակիչների հետ, ասում էին՝ խոտի գինը հասել է 1700-2000 դրամի: Այսինքն՝ մարդն իր անասուններին խոտով չի կարողանալու առաջիկայում պահել. տարածք չկա, որտեղ պիտի անասուններին տանեն արածեցնելու:

Գյուղացիները մեկ այլ մտահոգություն էլ ունեն, ասում են՝ հիմա մենք անասունին տարել ենք արածեցնելու, բայց անասունները մեխանիկորեն գնում են այն տարածքները, որտեղ սովոր են, և դրանք Ադրբեջանի վերահսկողության ներքո են: Այսինքն՝ իր անասունին հետ բերելու գյուղացու քայլը կարող է այդ մարդու կյանքի համար շատ լուրջ սպառնալիք դառնալ»,- նշեց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ դիրքերի սահմանագծումները հստակ չեն.

«Եթե Հայաստանի ներսից զբոսաշրջիկը կամ դրսից եկած զբոսաշրջիկը ունի հետաքրքրություն տվյալ տարածքի վերաբերյալ, ուզում է գնա համայնքի կյանքին ծանոթանա, եթե ինքը չիմանա և ճանապարհը մի փոքր աջ-ձախ անի, կհայտնվի ադրբեջանական զորքերի ձեռքում:

Այսինքն՝ սահմանագծումները, որպես այդպիսին, հստակ արված չեն, ուղղակի գյուղացիները տարածքին լավ տիրապետում են, գիտեն, որ այստեղից հետոն ադրբեջանական է, իրենցը չէ:

Ներքին Խնձորեսկում ապրող մարդիկ ուղղակի հերոսներ են, նրանք արտաքին թշնամուց որևէ կերպ ապահովագրված չեն, բայց միևնույն ժամանակ իրենք ապահովության, անվտանգության երաշխիքները չեն ստանում պետության կողմից:

Տխրահռչակ հայտարարության վավերացումից հետո գյուղի կենսապայմանների բարելավման ուղղությամբ պետությունը քայլեր չի ձեռնարկել, գյուղի ներսում էլ բնակիչները շատ խնդիրներ ունեն:

Գյուղացիները ասում էին, որ պայքարում են և՛ արտաքին, և՛ ներքին թշնամիների դեմ: Փաստացի մարդկանց կողքին կանգնած չեն իրավապահ մարմինները, արդարադատություն իրականացնող մարմինները, գյուղացին չի տեսնում, որ իր շահը պետությունը իր որևէ կառույցի միջոցով պաշտպանում է կամ առաջ է տանում:

Հերիք չէ, որ գյուղացու կենսական նշանակության հողերի մեծ մասը հանձնել են Ադրբեջանին, և այն հատվածն էլ, որ մնացել է Հայաստանին, ապօրինի սեփականաշնորհների հետևանքով հողի եկամուտը փաստացի նախկին գյուղապետն է վերցնում և գյուղացուն զրկում է նաև այդ տարբերակից:

Պետությունը այս պահին մարդկանց դիտարկում է որպես քվե ապահովող, բայց չի մտածում, որ ինքը այդ քաղաքացու առջև պարտավորություններ ունի, և պարտավորության տեսանկյունից այս պահին առաջնահերթ է անվտանգության և կենսագործունեության մինիմալ պայմանների երաշխավորումը»,- նշեց Նարե Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ սյունեցիները հերոսներ են, առանց խուճապի մատնվելու ապրում են իրենց հայրենի հողում:

«Այս պահին վտանգ չկա այնքանով, որքանով Ադրբեջանը ագրեսիվ քայլեր չի ձեռնարկում, բայց ցանկացած դեպքում, երբ Ադրբեջանը կորոշի որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկել, ընդհանրապես Սյունիքը, Հայաստանի մարզ լինելով, լինելու է վտանգված:

Խնդիրն այն է, որ մենք հողը չենք դիտարկում որպես հայրենիք, այդ լոբինգը 30 տարիների ընթացքում չի արվել:

Հողը եղել է բեռի նման ինչ-որ մի բան, ու երբ էդ «բեռը» հանձնել են, չեն գիտակցել, որ դրանով հայրենիքի լինելիությունն են վտանգում:

Երբ մարդկանց մոտ խուճապ չկա, դա չի նշանակում, որ վտանգ չկա, այլ մարդիկ պարզապես ապրում են իրենց հայրենի հողի վրա և իրենց հանգիստ են զգում այդտեղ, և այստեղ հողի գիտակցության հարցն է: Մարդիկ չեն գիտակցում, որ հողը հայրենիքն է, այլապես առաջին դեմքի մակարդակով ադրբեջանական քարոզչություն չեն անի, պրոադրբեջանական մեսիջներ չեն հղի ու չեն ասի, որ էդ սարի գլխին ամբողջ տարին ձյուն է, արժե՞ դիրք դնել: Այո, արժե դիրք դնել, որովհետև դա քո սահմանն է, և դու՝ որպես պետություն, պարտավոր ես ապահովել քո սահմանի անձեռնմխելիությունը և անվտանգությունը:

Հարց են տալիս՝ Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք մղելու. հարցն այն է, որ դու չես ճանաչում Սև լճի 30 տոկոսի հայկական լինելը, դու չես գիտակցում, որ դա քո հայրենիքի մի մասն է, ու դա քեզ համար կարևորություն չունի:

Նույնն էլ կարելի է ասել Տիգրանաշենի մասին. ԽՍՀՄ-ի ժամանակ Տիգրանաշենում և Հայաստանի այլ գյուղերում ապրել են ադրբեջանցիներ, դրանք ադրբեջանաբնակ հայկական գյուղեր են եղել, բայց հայկական հակառակ տեքստերը երբեք չեն ասի, որ սովետի ժամանակ Ադրբեջանի քանի քաղաքներում, գյուղերում քանի տոկոս հայ բնակչություն է ապրել: Գիտենք, որ ԽՍՀՄ-ի ժամանակ հայերն ապրել են Ադրբեջանի խոշոր քաղաքներում ու Ադրբեջանի գյուղերում, բայց այդ մասին չի ասվում, և այդ պարտադրանքը չի ներկայացվում Ադրբեջանին, որ Ադրբեջանը այդ գյուղերը ճանաչի հայկական: Մենք հակառակն ենք անում. Տիգրանաշենը, որը աշխարհագրորեն ընդհանրապես կապ պիտի չունենա Ադրբեջանի հետ, Հայաստանի ներսում մեր իշխանությունը ճանաչում է, և ինչ-որ ռեպորտաժ են պատրաստում, որ Տիգրանաշենը փաստացի եղել է ադրբեջանաբնակ գյուղ:

Հիմա Հայաստանում կան բազմաթիվ բնակավայրեր, որ բնակեցված են այլ ազգությունների ներկայացուցիչներով, բայց դա չի նշանակում, որ այդ գյուղը պատկանում է այդ ազգություններին: Դա նշանակում է, որ այդ գյուղերը հայկական են, բայց մասամբ կամ ամբողջովին բնակեցված չեն հայերով»,- եզրափակեց իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close