ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Մեզ այդ պահին թվաց, որ վիրավոր է, բայց ասաց, որ մրսում է ուղղակի». պատերազմում զոհված հերոս Սաշա Խուրշուդյանի քրոջ հուզիչ պատմությունը

«Պատերազմի սկսվելուց երկու օր  առաջ Սաշը դիրքերից վերադարձել էր զորամաս, եւ մորս առաջին ու միակ անգամն էր, որ ասաց՝ մեզ կարոտել է և ուզում է տուն գալ, հոկտեմբերի 3-ից հետո պիտի գար Երևան վիրահատվելու, սպասում էր այդ օրվան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Սաշա Խուրշուդյանի քույրը՝ Նունե Խուրշուդյանը:

Բարի, նվիրված, խստապահանջ էր. այս հատկանիշներով է եղբորը  բնութագրում Նունեն:

«Եղբայրս շատ ուժեղ անհատականություն էր, առաջնորդող տեսակ է: Դեռ փոքրուց մեծերը նրա կարծիքի հետ հաշվի էին նստում: Սաշս սիրում էր, որ ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ լինի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Այդպիսին էր  նա նաև բանակում։ Եղբայրս բանակ պիտի չգնար, մենք այդպես գիտեինք, առողջական խնդիրներ ուներ, բայց  բժշկական ստուգումների ժամանակ ամեն ինչ անում էր, որ քիչ ուշադրություն դարձնեին իր խնդիրներին. ասում էր, որ պիտի անպայման  գնա ու ծառայի՝ տղան անպայման պիտի բանակ գնա և պարտադիր Արցախ։

Սաշը ծառայում էր Մարտունի-3 զորամասում: Ուրախացել էր, որ հենց այդ զորամասում է ծառայության անցել, որովհետև ընկերներից շատերն էին այնտեղ ծառայում։ Սիրում էր բանակը, մեկ-մեկ ասում էր, որ ուզում է մնալ շարունակել ծառայել հայրենիքին, բայց այնքան դառն էին լսվում այդ բառերը մեր ականջին… շատ էինք կարոտել։ Ծառայությունից գրեթե ոչինչ չէր պատմում, միշտ ասում էր, որ ամեն ինչ շատ լավ է։ Սիրում էր դիրքերը, մեզնից ծաղիկների սերմեր էր ուզել, որ սիրունացնի իրենց դիրքը, քնի ժամերին արթուն էր մնում, ինչ-որ բաներ էր պատրաստում դիրքերի համար՝ աթոռներ, նստելու, հանգստանալու ծածկով տաղավարներ։ Ասում էր՝ որ գա, պիտի միասին գնանք ու շրջենք Արցախով, որ ես նկարեմ (նկարչուհի եմ մասնագիտությամբ)։ Բանակը Սաշին չէր փոխել, նա միշտ է հասուն ու կշռադատված եղել»,- պատմում է Նունե Խուրշուդյանը:

Նունեն պատմում  է, որ մինչև պատերազմը իրենք խաղաղ ու երջանիկ են ապրել, և իրենց բոլոր  նպատակները կապված են եղել Սաշի բանակից գալու հետ։

«Մեկ տարի տասը ամիս մենք ապրում էինք  Սաշի զանգերով, իսկ պատերազմի օրերին միայն Սաշի զանգն էր, որ մեզ ապրելու ուժ էր տալիս: Երբեք կրակոցի և պայթյունների ձայներ չլսեցինք եղբորս  հետ խոսելու ընթացքում: Միայն զոհվելու օրը լսեցինք ձայներ… ամեն ինչ անում էր, որ մենք տանը հանգիստ լինեինք։ Մի օր ասացի, որ վախենում եմ, «վախ» բառը լսել անգամ չէր ցանկանում, երկար բացատրեց, որ պիտի չվախենամ, որովհետև ինքը չի վախենում ոչնչից։ Որոշել էինք վերադառնալու օրը մկրտվել, ես պատրաստվում էի այդ օրվան՝ նկարներ էի ուղարկում, միասին ընտրում էինք, թե ինչը ինչպես պիտի լինի, եղբայրս մկրտվեց պատերազմի դաշտում՝ Գիշիում, թեժ մարտերից մեկից հետո, երբ ողջ էին մնացել ընդամենը մի քանի զինվոր։ Մենք այլևս նպատակներ և երազանքներ չունենք, կյանքը կանգ է առել Սաշիս զոհվելու օրը։

Վերջին անգամ  նոյեմբերի 8-ին եղբայրս զանգել է ինձ՝ 2-ն էր, երեկոյան զոհվում է, առավոտյան մայրիկիս ասել էր, որ տեղափոխվել է իր կամքով, և որ ինքն է ցանկանում լինել այդտեղ, ուր գնացել է, ասաց՝ հրաման չի տրվել իրեն,  ինքն է ուզում ընկերների հետ լինել, ինչպես միշտ, խաբեց մեզ, ասաց, որ քնած էր ու նորից գնում է քնելու, այդ պահին լսվեցին պայթյունների ձայներ, ես սկսեցի մորս հանգստացնել, որ հեռվից են ձայները, գոռացի՝ որ արթնանաս, կզանգե՛ս Սա՛շ, ասաց՝ լավ, ու անջատեց։ Մայրս շատ վախեցավ, մեզ այդ պահին թվաց անգամ, որ վիրավոր է, բայց ասաց, որ մրսում է ուղղակի։ Զոհվելուց հետո անընդհատ կրկնում էինք՝ ախր ինչի գնաց, ինչի որոշեց գնալ ուրիշ դիրք, մայրս երազ էր տեսել, Սաշս ասել էր՝ բա ի՞նչ անեի, որ չգնայի, մարդ չկար»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը:

Սաշա Խուրշուդյանը ծնվել է 2000թ.-ին Կոտայքի մարզի  Բջնի գյուղում: Սաշան մասնակցել է Մարտունու համար մղվող մարտերին: Նոյեմբերի 8-ին ինքնակամ միացել է գումարտակներից մեկին՝ շրջափակումից  զինվորներին փրկող  խմբին: Խումբը  կարողացել է միջանցք բացել և դուրս բերել գումարտակը: Սաշա Խուրշուդյանը զոհվում է նոյեմբերի 8-ին հրադադարից ժամեր առաջ՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր:

Նունեն ասում է՝ լինել հերոսի քույր անասելի դժվար է.

«Ես պատրաստ էի հրաժարվել իմ կյանքից, իմ երազանքներից, միայն թե վերադառնար եղբայրս, բայց Աստված չլսեց իմ աղոթքները, Սաշի տեղը միշտ բաց ու դատարկ է լինելու, իմ կյանքը այլևս երբեք չի լինելու այնպիսին, ինչպիսին էր։ Սկզբում ապրել չէի ցանկանում, հիմա գիտակցում եմ, որ նրանք զոհվեցին հանուն մեր կյանքի, և իրավունք չունենք ապրել չցանկանալ, ամեն ինչ անելու եմ, որ Սաշս երկնքից հպարտանա ինձնով, ցանկացած որոշում կայացնելիս մտածում եմ, թե ինչ կարծիք կունենար եղբայրս. նա ինձ հետ չէ միայն ֆիզիկապես, ես միշտ զգում եմ իր ներկայությունը, միշտ»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված Սաշա Խուրշուդյանի քույրը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close