«Ընտրությունները հանդարտ չեն անցնելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարումն ամբողջովին հիմնված է հին կառավարման համակարգի վրա». Ն. Ներսիսյան

«Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց ընտրությունները հանդարտ չեն անցնելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարումն ամբողջովին հիմնված է հին կառավարման համակարգի վրա, և ուղղակի հեղափոխությունը հանգեցրեց իշխանափոխության»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Նարեկ Ներսիսյանը:
Նրա խոսքերով՝ այս ընտրությունների հետ կապված մեծ հույսեր չունի:
«Որովհետև նոր ձևավորված Ազգային ժողովը նորից քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն մեկը մյուսին վիրավորելով է զբաղվելու, և կարծում եմ, որ երկար կյանք չի ունենալու»:
Նարեկ Ներսիսյանը, անդրադառնալով այն կարծիքներին, որ ընտրությունը լինելու է նախկինների և գործող իշխանության միջև, հայտարարեց.
«Իրականում դրանով քաղաքացուն կանգնեցրել են փաստի առջև, և դրա համար է, որ մեծամասնությունը չի ցանկանում ընտրություններին մասնակցել, որովհետև շատերն են կարծում, որ իրենց ձայնը կորելու է: Եթե անգամ իրենց քվեն փորձեն առողջ ուժերին տալ, ովքեր փորձում են քաղաքականությամբ զբաղվել, արժեքաբանություն բերել, գաղափարախոսություն և ծրագրեր բերել, այս առումով էլ քաղաքացիները բարդ դրության մեջ են հայտնվել:

Ես շատերի հետ եմ խոսում, անգամ ենթադրաբար երկու մեծ ուժերից չեն կողմնորոշվում՝ որ մեկին ձայնը տան, որ ճիշտ լինի:
Դրա համար չեն էլ ուզում գնալ ընտրություններին և հարաբերական փոքր ուժերին իրենց ձայնը տալ, որովհետև չեն հավատում, որ այդ ուժերը կարող են ԱԺ մտնել:
Ես այդ քաղաքացիներին հորդորում եմ, որ գնան ընտրությունների և ընտրեն այն քաղաքական ուժերին, ովքեր արժեքային և ծրագրային տրամաբանությամբ են գալիս ընտրություններին:
Քաղաքական ուժն իրական, ինքնիշխան քաղաքականություն վարող ուժ պետք է լինի, պետք է ազնիվ լինի իր ժողովրդի հետ. եթե ինքնիշխանության մասին է խոսելու, բայց տանելու է ՌԴ, ավելի լավ է ազնվորեն խոսի այդ մասին: Դա ավելի ազնիվ կլինի, քան թե խոսել ինքնիշխանությունից և բերել այնպիսի իրավիճակի, երբ մենք փաստացի այս վիճակում լինենք:
Քաղաքացու հետ պիտի ազնիվ լինես, և ընտրվելուց հետո պետք է այդ ազնվությունը չափելու գործիքակազմ կիրառվի, օրինակ՝ գոյություն ունեն հետ կանչի մեխանիզմներ:
Ես այսպիսի ուժ եմ տեսնում, որ կարող է Հայաստանը այս իրավիճակից դուրս բերել»,- նշեց Ներսիսյանը:
Նա այն կարծիքին է, որ այս ընտրությունները կարող են նաև ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
«Ես հակված եմ նրան, որ ավելի շատ քաղաքական ուժեր մտնեն Ազգային ժողով և ստիպված լինեն բանակցությունների միջոցով համերաշխության եզրեր գտնել ընդհանուր պետական շահի շուրջ և այդ կառավարությունով փորձեն Հայաստանը դուրս բերել այս վիճակից:
Ընտրությունները, այո, կարող են լիցքաթափել ստեղծված լարված իրավիճակը, բայց ոչ այս ձևով, ինչպես որ կազմակերպվեց:
Պետք էր չեզոք վարչապետի պաշտոնակատար, ով ո՛չ կներկայացներ հայտնի 17 ուժերին, ո՛չ կառավարող ուժին, ո՛չ այլ ուժի:
Այդպես կլիներ ավելի վստահելի, ավելի կայուն գործընթաց, քան այն է, ինչ այս պահին ունենք, բայց չարիքներից երևի ամենափոքրը սա է»,- նշեց փաստաբանը:
Մայիսի 12-ից ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. նոր բախման սպառնալիքի տակ գտնվելով՝ արդյո՞ք ընտրությունների գնալը նպատակահարմար է:
Հարցադրմանը անդրադառնալով՝ փաստաբանը հայտարարեց.
«Նախ պետք է նայենք, թե ընդհանուր համաշխարհային կոնսենսուս կա՞ պատերազմ լինելու, թե՞ չէ: Եթե կա, ուրեմն այդ պատերազմը լինելու է, եթե կա կոնսենսուս, որ այստեղ պետք է խաղաղություն հաստատվի, ուրեմն հաստատ կհաստատվի:
Ուղղակի խնդիրն այն է, որ մենք չենք նպաստում այդ կոնսենսուսի ձևավորմանը: Մենք չենք օգտվում միջազգային ինստիտուտներին դիմելու մեր հնարավորությունից: Միևնույն է, ես չեմ պատկերացնում պատերազմ, որը կարող է այս կառավարող ուժը ղեկավարի»,- եզրափակեց Նարեկ Ներսիսյանը:
Անահիտ Չալիկյան