ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Հունիսի 20-ի «դատավարության» մեջ մենք ամբաստանյալ չենք. իրենք բոլորն ամբաստանյալ են, որովհետև մեղք ունեն երկիրը այս վիճակին հասցնելու համար

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արևմտյան գործընկերներին կոչ է արել «մտահոգիչ» հայտարարություններից զատ սանկցիաներ կիրառել Ալիևի ընտանիքի և Ադրբեջանի նկատմամբ:

«Նույն սանկցիաները կիրառում եք, չէ՞, Բելառուսի նկատմամբ, Բելառուսի նախագահի նկատմամբ, դե Ալիևի նկատմամբ էլ կիրառեք, թե՞ միայն հայտարարություններով ենք սահմանափակվում»:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ պրոցեսներին չպետք է նայենք միակողմանի և չխաբվենք «քաղցր խոսքերով», թե հիմա կգան Արևմուտքից և կփրկեն մեզ:

«Մի իրավիճակ է, երբ մենք տուրբուլենտ ցնցումներով գնում ենք: Ադրբեջանը դարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի մաս, Ադրբեջանը դարձել է մեր քարոզարշավի մի մասը, և երկրում հենց հիմա Ադրբեջանը քարոզարշավ է անում. անդադար ինչ-որ պրոցեսներով մեր երկրի ներքաղաքական կյանքը խառնում է և ներքաղաքական կյանքը կառավարող գործոն է դառնում»:

Անդրադառնալով հարցադրմանը, թե չկա՞ արդյոք տպավորություն, որ ռուսական կողմից կան որոշակի ճնշումներ, որ Հայաստանը այլընտրանքային լուծումների ճանապարհով չգնա, Էդմոն Մարուքյանը նշեց.

«ՀԱՊԿ-ն էլ չհորդորեր, Հայաստանն այս պահին պատերազմի ներուժ չունի: Դա գաղտնիք չէ: Մենք չպետք է հիմա որևէ ձևով տուրք տանք սադրանքներին և նոր պատերազմի մեջ մտնենք: Մենք դեռ պատերազմի արհավիրքը չենք գիտակցել ըստ էության: Նայեք մեր երկրի վիճակին, մարդիկ անգամ չեն գիտակցում՝ ինչ է մեզ հետ տեղի ունեցել»:

Միջազգային իրավունքը փոքր երկրների գործիքն է, բայց ըստ Մարուքյանի՝ չպետք է նաև ժողովրդին կերակրել սին հույսերով, պատրանքներով:

«Այս տարածաշրջանը նույն Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների համար համարվում է ռուսական ազդեցության գոտի: Իրենք չեն մտել և չեն էլ մտնելու այդ ազդեցության գոտի: Պարզ է, հիմա պարարտ հող կա ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին քննադատելու, և ուժեր կան, որոնք օգտվում են այդ պարարտ հողից, ձայներ են հավաքում: Բայց ես ձեզ ասեմ՝ այդ ձայները վաղը կարող են վերածվել դագաղների, մի՛ արեք: Ձեր ձայները հավաքելու համար սահմանի վրա կանգնած մեր զինվորի կյանքը մի՛ վտանգեք: Ավելի լավ է ունենալ վատ բարեկամ, քան թշնամի: Քի՞չ թշնամի ունենք այս տարածաշրջանում: Այս պահին Հայաստանի պետական սահմաններից երկուսը ՌԴ զինուժն է պահում, դրան գումարած՝ Արցախում ռուս խաղաղապահներ են կանգնած: Էդ ի՞նչ եք բզբզում, որ բզբզում եք, վերջը տե՞ր եք լինելու էդ բզբզալուն»:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին երկու տասնյակից ավելի քաղաքական ուժերի մասնակցությանը՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ սա ձեռնտու է իշխանություններին, որովհետև որքան շատ ուժեր են մասնակցում, այնքան ձայներն ավելի են փոշիանալու՝ հօգուտ իշխանության:

«Կես տոկոս ձայն էլ տանեն, էլի բան է, մի տոկոս էլ տանեն՝ ոչինչ, բայց գնան և փոշիացնեն ձայները… Պետք է մարդկանց հստակ ուղերձ տալ՝ ոչ անցողիկ ուժերին ձայն մի՛ տվեք իզուր տեղը, ձեր ձայներն ափսոս են»:

Back to top button
Close