ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Հրամանատարը պատմել է, թե էնքան ուժեղ են եղել երեխեքը, որ անգամ դանակով են կռիվ տվել». շիրակցի հերոսի մոր պատմությունը

Տիկին Սաթենիկը նախքան հերոս որդու մասին պատմելը Կառլենի նոթատետրն է բացում ու ընթերցում որդու գրառումները: Ասում է՝ Կառլենը չէր թողնում, որ նոթատետրը բացեմ: Հետո որդու նկարներն է ցույց տալիս, հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասում՝ Կառլենս կյանքով լի մարդ էր, խաղաղ էր, իմ տղեն ուրիշ էր:

«Կառլենը հաղթանդամ տղա էր, երբ Մարտունի 3-ում էր ծառայում, գնացինք տեսնելու, շատ էր նիհարել: Սկսեցի լաց լինել, ասաց՝ մամա, ամոթ է, տղերքը կանգնած են, դու լաց ես լինում: Ասաց՝ մամ ջան մի մտածիր, կամաց-կամաց տեղը կգա: Խիզախ էր, զգոն… բայց ինքը դեռ 2019թ.-ին զգացել էր, որ պատերազմ պիտի լինի: 2019թ.-ին նոթատետրում գրել էր, որ մենք ամեն վայրկյան պատերազմի ենք սպասում, տանեցիներին շատ բան չեմ ասում, մամաս իմանա՝ կգժվի:

21 տարեկանում գնաց բանակ «Ես եմ» ծրագրով, ասում էր՝ մամ ջան, ես էդ ծրագրով եմ գնալու: Ասում էր՝ գնամ ծառայեմ գամ, ես պարտք ունեմ հայրենիքին, պիտի կատարեմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Կառլեն Առաքելյանի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը:

Կառլեն Մառլենի Առաքելյանը ծնվել է 1998թ.-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1 տարի 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը: Ծառայել է Արցախի Մարտունի 3 զորամասում: Մասնակցել է Հադրութի համար մղվող մարտերին: Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Շիրակցի հերոսը ամբողջ վաշտի զինակիցների հետ միասին զոհվել է հոկտեմբերի 11-ին Հադրութում:

«Պատերազմից մեկ շաբաթ առաջ էր, զանգեց, ասաց՝ մամ, գիտես ինչ եմ արել, 18 տարեկան երեխեքին քաղցրավենիք եմ առել, երեխեքին չեն թողնում, որ տուն գնան:

Սեպտեմբերի 27-ն էր, զանգեց, ասաց՝ մամ ջան, մեզ անտառ են տանում, որ ցախ հավաքենք, բայց ես հեռուստացույցով լսել էի, որ պատերազմ է: Ասացի՝ Կառլեն ջան, ես լսել եմ, որ պատերազմ է. ասաց՝ մամ ջան, հանգիստ եղիր, ինչ լսել ես, սուտ է, ինչ էլ ասեն, հանկարծ չհավատաս: Ասացի՝ չէ, ազիզ ջան: Հոկտեմբերի 10-ին զանգեց, ասեց՝ մամ, գիտե՞ս՝ դու հպարտանալու առիթ ունես, ինձ մեդալ են տվել, կլսեք անունս:

Ամսի 20-ին իմացանք, որ մեդալ են տվել, բայց ոչ հետմահու: Զանգեցինք նախարարություն, ասացին՝ ի՞նչ եք խառնվել, ձեր երեխեքը մարտական գործողությունների մեջ են:

Ամսի 9-ին Հադրութը հանձնել են, բայց մեր երեխեքին ամսի 11-ին ուղարկել են Հադրութ, բայց այնինչ Հադրութն արդեն հանձնած են եղել: Երեխեքը զոհվել են հոկտեմբերի 11-ին սխալ հրամանի պատճառով:

Ամսի 10-ին ամբողջ վաշտի երեխեքին հեռախոսը տվել են, որ տանեցիների հետ խոսեն:

Կառլենն էդ օրը ընկերոջն ասել է՝ Վազգեն, պատերազմ է, երևի տուն չհասնեմ… քարտիս վրա գումար կա, անպայման կփոխանցես ծնողներիս: Իմ տղեն իմացել է, որ պիտի չլինի:

Հրամանատարի հետ են մեր ծնողները խոսել, պատմել է, որ էնքան ուժեղ են եղել երեխեքը, որ անգամ դանակով են կռիվ տվել»,- պատմում է հերոսի մայրը:

Կառլեն Առաքելյանի եղբայրը՝ Մանվելը, 3 ամսվա ծառայող էր պատերազմի ժամանակ, մասնակցել է Ջրականի մարտերին, ստացել վիրավորում:

Մանվելը չցանկացավ խոսել պատերազմում տեսածի, լսածի ու գլխով անցածի մասին: Լուռ է և մոր պատմածը հստակեցնելու համար համեստորեն մասնակցում էր տիկին Սաթենիկի պատմություններին:

Մայրը նայում է որդուն, հայացքը թաքցնելով ասում՝ Մանվելիս պատերազմը միանգամից հասունացրեց:

«Մանվելս զանգեց ասաց՝ մամ, մեզ Հոկտեմբերյանից Սիսիան են տանում, ասացի՝ ինչի՞, ասաց՝ մամ ջան, լուրջ բան չկա, զորավարժության գնանք, հետ գանք:

Ամսի 20-ին, երբ Կառլենիս մեդալ տվեցին, էդ նույն օրը Մանվելս վիրավորում է ստացել: Զանգեց Մանվելս, ասաց՝ մամ, ես վիրավորվել եմ: Ես առողջ երեխեք եմ տվել բանակին, իսկ ի՞նչ տվեց բանակը ինձ…»:

Կառլենին հարազատները փնտրել են 56 օր, տղայի մարմինը գտել են դեկտեմբերի 6-ին:

«Մենք ամեն տեղ դիմել ենք, երբ դիմում էինք հրամանատարին, ասում էր՝ մենք տեղյակ չենք: Այնինչ ինքն է երեխեքին հրաման տվել, ուղարկել Հադրութ:

Ծնողների ջանքերով գտան երեխեքին… մեկի մարմինը, մեկի ոտքը: Կառլենս ձեռքին դաջվածք ուներ, դաջվածքը կրծքին սեղմված էր եղել, էդ դաջվածքով ենք գտել: Մենք Կառլենիս ամբողջական մարմինն ենք գտել:

Ինձ հերոս պետք չէր… հետո հպարտանում եմ, որ Կառլենի մայրն եմ։ Չափված-ձևված, համեստ էր իմ տղեն»,- եզրափակեց Կառլեն Առաքելյանի մայրը:

Տիկին Սաթենիկն ասում է՝ ոչ մի մեդալ, ոչինչ չի կարող սփոփել որդեկորույս ծնողին: Կորստյան վիշտը մեծ է, իսկ բառերով դա հնարավոր չէ փարատելը:

Կառլեն Առաքելյանը Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան էր, զբաղվում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ Այնուհետև ուսումը շարունակել է Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնում և ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է հայրենիքին պարտքը տալու:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close