ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ես սիրո երգիչ կլինեմ». գյումրեցի 19-ամյա հերոսը բանակ գնալուց առաջ մորն ասել էր՝ մամ, երգեր եմ թողել, որ մահանամ, կլսես էդ երգերը

Հենրիկը Ասատրյանների ընտանիքի ավագ որդին էր, իրենից 4 տարով փոքր քույր ունի: Հասուն, նպատակասլաց, խաղաղ, հանգիստ, համբերատար, հավասարակշռված, ընկերասեր. այսպես են նկարագրում արցախյան պատերազմում զոհված հերոսի ծնողները իրենց որդուն:

«Հենրիկը բոլորի մեջ կարծես խաղաղության աղավնի լիներ, ամեն հարցին գիտակցաբար էր մոտենում: Ասում էր՝ բռունցքով չեն լուծում հարցերը, խելքով են լուծում, խոսելով: Երբ խոսում էիր հետը, իր տարիքից ավելի հասուն էր երևում, Հենրիկը իրենից մեծերի հետ էր ձգտում շփվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի 19-ամյա հերոսի մմայրը Անահիտ Ասատրյանը:

Տիկին Անահիտը  ասում է, որ որդին շատ երազանքներ ուներ, բայց հայրենիքի  հանդեպ պարտքը տալուց  հետո էր դրանք իրականություն դարձնելու:

«Շատ էր ուզում, որ Արցախում ծառայի, ասում էր՝ մամ ջան, ես  անպայման պիտի Արցախում ծառայեմ: Ես, ճիշտն ասած, չէի ուզում, որ Արցախում ծառայեր: Ես  որդուս հանգիստ եմ բանակ ճանապարհել, ես չէի ուզում, որ երեխես ինձ արցունքով տեսնի, ուզում էի, որ որդիս հանգիստ խղճով  ծառայեր:

Վախ զգացել եմ այն ժամանակ, երբ իմացա, որ որդիս Թալիշում պիտի ծառայի, այդ  ժամանակ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմը  աչքիս առաջից անցավ: Ասացի՝ Հենրիկ,  Թալիշ. ասաց՝ մամ, ապրիլյանի Թալիշում եմ:

Որդիս շատ ծանր էր տանում Ռոբերտ Աբաջյանի մահը, ասում էր՝ ափսոս են էդ տղերքը: Ապրիլյան պատերազմի ժամանակ չէր թողնում, որ քույրը  հեռուստացույցը միացներ, ասում էր՝ տղերքը մեզ համար զոհվեցին, որ մենք երաժշտություն լսե՞նք:

Հենրիկը սիրում էր կյանքը, ինքն ուզում էր  ապրել: Ամբողջ սեպտեմբերի  ընթացքում, երբ  խոսում էի հետը, ասում էր՝ մամ ջան, բան չմնաց, 20 տարեկանից հետո տես ոնց  է կյանքս փոխվելու, անընդհատ շեշտում էր՝ 20 տարեկանի դեռ չհասած։ Ասում էր՝ ուզում եմ 20-ամյակիս տանը լինեմ, ասում էի՝ ոչինչ,  բալես, կգաս, 21-ամյակդ կնշենք:

Ասում էր՝ մամ ջան, գիտես՝ ինչ փորձանքներից եմ պրծել, մատաղ կանենք… պլանավորել էինք, որ  խնջույք  ենք անելու, բայց էսպես եղավ:

Սեպտեմբերի  26-ին  խոսեցի Հենրիկիս հետ, դա վերջին անգամն էր: Սեպտեմբերի 27-ի իրիկունը պիտի զանգեր, իր դուդուկն էր  ուզել, նկարներն էր ուզել… մեզ համար չեկավ 27-ը»,- պատմում է Հենրիկ Ասատրյանի մայրը:

Կրտսեր սերժանտ Հենրիկ Աշոտի Ասատրյանը ծնվել է 2001թ.-ին ապրիլի 20-ին Գյումրիում: Հենրիկը մասնագիտությամբ  երաժիշտ էր:

2019 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ բաժինը: 2019 թվականին վերցնելով տարկետում՝ հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ: 6 ամիս Լուսակերտի զորամասում անցնելով ականանետի ուսումնական դասընթացներ՝ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը  շարունակել է Արցախի Թալիշի զորամասում:

Գյումրեցի հերոսը  մորն ասել է, որ Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում երգելու է «Մայրիկ» երգը, հետո իջնելու է բեմից  և մորը ծաղիկներ  է նվիրելու:

Սեպտեմբերի 27-ին տագնապով բարձրացել է «Սիս» մարտական հենակետ: Հենրիկ Ասատրյանը աննահանջ կռվել  է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, զոհվել է սեպտեմբերի 27-ին:

Ասատրյանների ընտանիքին ամիսներ անց  է հաջողվել գտնել որդու մարմինը: Որդու մասին տևական ժամանակ լուր չեն ունեցել, հույս են ունեցել, որ  որդին կարող է գերեվարված լինել:

Հենրիկ Ասատրյանի  աճյունը գտնվել է  նրա ծննդյան 20-ամյակից օրեր անց:

«Հենրիկը ծառայությունից երբեք չէր դժգոհում, ուղղակի վերջին ամիսներին շատ էր կարոտել, ասում էր՝ մամ ջան, գոնե  մի 5 օրով տուն գամ, տեսնեմ ձեզ, կարոտս առնեմ:

Պատերազմից տասը օր առաջ երազ տեսա՝ Արցախում պատերազմ էր… արթնացա, շատ վատ զգացի ինձ: Երազիս մեջ տանկեր էին, ինքնաթիռներ ու մեր զինվորների արյունոտ դեմքերը: Պատմեցի երազս, ասացին՝ էս դարում ինչ պատերազմ: Ես երազիս մեջ էդ պատերազմում իմ Հենրիկին էի կորցրել, ես անընդհատ փնտրում էի, փնտրում: Երկար միջանցք էր, ու էդտեղից վերջապես գտա իմ բալին: Ու էդ նեղ միջանցքում միայն Հենրիկը չէր, էլի զինվորներ կային: Մտածում էինք, որ երեխեքին գուցե  գերի են պահել, Հենրիկը  դեմքիս չնայեց, բայց այտին արցունքի կաթիլ կար: Հետո, երբ մեկնաբանում եմ երազս, հասկանում եմ, որ երկար միջանցքը սառնարաններն էին, որտեղ մեր երեխեքի մարմիններն էին գտնվում:

Մեր ցավը ոչինչ չի կարող սփոփել… ես Հերոս չեմ ուզում, իմ երեխեն կյանքը սիրում էր, պիտի ապրեր:

Ասում էր՝ մամ ջան, լավ ծառայեմ, որ զինվորական գրքույկս  ինձ  շատ  է պետք  գալու: Հենրիկը ինչ-որ բան զգում էր, ասում էր՝ մամ, ես բախտ չունեմ, ես գնացի բանակ, պատերազմ կլինի: Բանակ գնալու վերջին օրերին  ասաց՝ մամ, երգեր եմ թողել, որ մահանամ, կլսես էդ երգերը:

Ինքը  շատ ծանր էր տանում, երբ իմանում էր ինչ-որ մեկը մահացել է, ասում էր՝ մեղք են, բայց ինքն ամենամեղքը եղավ»,- շարունակում է հերոսի  մայրը:

Տիկին Անահիտն ասում  է՝ Հենրիկը միշտ թախծոտ երգեր է երգել, Վահան Տերյան է շատ սիրել կարդալ: Ինչ-որ բանից միշտ  տխուր է եղել, բայց երբեք  չի  ասել  այդ մասին:

Մայրը երբ ասել է՝ ախր, Հենրիկ ջան, շատ տխուր երգեր ես երգում, ասել է՝ ոչինչ, մամ, ես սիրո երգիչ կլինեմ:

Գյումրեցի  19-ամյա հերոսը հայրենիքին մատուցած անձնվեր  ծառայության դիմաց հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close