Նորություններ

Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն այցելել Գյումրի. ասաց՝ քարոզարշավ չի անում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում էր: Նա մասնակցեց աշխատանքային խորհրդակցության, որին ներկա էին մարզպետարանի ոլորտային պատասխանատուները և համայնքների ղեկավարները: 2018-2020 թվականներին ի՞նչ աշխատանք է արվել Շիրակի մարզում, ի՞նչ է նախատեսված 2021 թվականին: Թեման, որի շուրջ խոսեցին, սա էր:

ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե արդյոք քարոզչական նպատակ չէր հետապնդում տեղի ունեցած հանդիպումը, Պապիկյանը նշեց. «Յուրաքանչյուր մարզում փոքրիկ հաշվետվություն եմ տալիս, որովհետև հիմա է իմ լիազորությունների ավարտը»:

Քարոզարշավով կզբաղվեն ճիշտ ժամանակին, ասաց՝ չի խախտի օրենքը: Հրաժարվեց պատասխանել նաև հարցադրմանը, թե ինչու պետք է Հայաստանի քաղաքացին իրենց քվե տա:

Ընտրական ցուցակների շուրջ քննարկումները մեկնարկել են, ասաց Պապիկյանը:

Իսկ խորհրդակցության շրջանակներում արձանագրեցին՝ ներդրումներն ու կապիտալ ծախսերը Շիրակի մարզում ավելացել են:

2021 թվականին քաղաքաշինության ոլորտում իրականացվելու են շուրջ 40 մլրդ 580 մլն դրամի կապիտալ ներդրումներ։

Աշխատանքներ կիրականացվեն թե՛ բնակարանաշինության, թե՛ կրթական ու առողջապահական օբյեկտների շինարարության, թե՛ ճանապարհաշինության մասով։

Նախատեսվում է մի քանի դպրոցի և մոդուլային մանկապարտեզների կառուցում։ Լուրջ աշխատանքներ կիրականացվեն ճանապարհաշինության բնագավառում, ընդհանուր՝ 24 մլրդ 385 մլն դրամի։

2021-ին կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր։

Հանդիպումից հետո Պապիկյանը պատասխանեց նաև համայնքապետերի հարցերին, ապա տեղում ծանոթացավ Գյումրիի Չայկովսկի և Մայակովսկի փողոցներում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

Back to top button
Close