Նորություններ

«Հիմարություններ էին անում մեկը մյուսի հետեւից, ինչը մեր հակառակորդի մոտ տպավորություն ձեւավորեց…». Ռ. Քոչարյան

«Փորձում են տարածել, որ իմ իշխանության գալով՝ պատերազմի վտանգը կարող է մեծանալ, եւ ենթադրում եմ, որ քարոզարշավի ժամանակ սա իմ դեմ օգտագործվող ամենակարեւոր թեզն է լինելու։ Հայաստանի պատմության մեջ ամենախաղաղ տարիները եղել են 1998-2008 թվականները։ Կանխատեսումն այլ էր։ 1998-ին փորձում էին մեր ժողովրդին համոզել, որ իմ նախագահ ընտրվելու պարագայում պատերազմ է լինելու։ Եղավ ճիշտ հակառակը։ Այս տարածաշրջանում խաղաղության գրավականը առաջին հերթին երկրի քաշային կարգն է, թե ինչպես է ընկալվում երկիրը, բանակը մարտունա՞կ է, թե չէ, երկիրն իր դաշնակից երկրների հետ ինչ կարգի հարաբերությունների մեջ է»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ երկրի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական ոտնձգություն անհնարին է դառնում, եթե ճիշտ քաղաքականություն է իրականացվում.

«Մենք ունեցանք այս պատերազմը եւ այս խայտառակ պարտությունը հենց այն պատճառով, որ լիքը նման կարգի ֆունդամենտալ բաներ խաթարվել էին։ Հիմարություններ էին անում մեկը մյուսի հետեւից, ինչը մեր հակառակորդի մոտ տպավորություն ձեւավորեց, որ սա հենց այն պահն է, երբ նա կարող է իր հարցը լուծել պատերազմի ճանապարհով։ Այդ փաստաթղթի մեջ ինչ վատ բան կար, որ կարող էր կատարվել մեզ հետ, արդեն եղել է։ Սա այն դեպքը չէ, երբ մի մեծ մաս արդեն կատարվել է, իսկ հետագայում էլի ինչ-որ բան ներկայացնեն` Հայաստանին լրացուցիչ վնասներ հասցնելու համար։ Այո, այդ փաստաթուղթը չի փոխվելու, որովհետեւ դրանով Քարվաճառը, Լաչինը, ամբողջ տարածքները հանձնեցինք։ Բայց մենք կանխելու ենք լրացուցիչ խնդիրներ ստեղծող փաստաթղթերի ի հայտ գալը։ Սա միանշանակ է»։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ ստորագրվածը համաձայնագիր չէր, այլ կապիտուլյացիայի ակտ. «Պետք է անկեղծ լինենք, որ ստորագրվածը համաձայնագիր չէր։ Դա կապիտուլյացիայի ակտ էր։ Ուղղակի, կարծում եմ, որ ռուսական կողմը, մեզ խնայելով, դրա անունը չդրեց կապիտուլյացիայի ակտ»։

Back to top button
Close