«Փորձում են հեռավորություն պահպանել 2 կողմն էլ, եթե միջադեպն անընդհատ կրկնվի, հետևանքը կլինի այն, որ կանցնեն զենքի և դա կվերածվի փոխհրաձգության». Գեղամասարի համայնքապետ

«Ես վստահորեն ասում եմ, որ այս պահի դրությամբ ադրբեջանցիներն առաջ չեն եկել, առաջխաղացում չկա ադրբեջանցիների կողմից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Այս պահին համայնքում իրավիճակը, համեմատած նախորդ օրերի հետ, հանգիստ է, բայց չես կարող ասել ինչ կլինի 10 րոպե հետո:
Այս մի քանի օրերին ավելի հանդարտ է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ շատ լավ է: Համենայնդեպս, սկզբի օրերին ավելի լարված էր իրավիճակը:
Սկզբի օրերին իրավիճակն անհասկանալի էր. առաջ էին գալիս, չէինք հասկանում ինչ է կատարվում՝բախում կլինի, թե՝ չէ:
Էս պահին ամեն մեկն իր դիրքում կանգնած է, որպես էդպիսին լուրջ ընդհանրումներ չեն եղել: Փորձում են հեռավորություն պահպանել երկու կողմն էլ, եթե միջադեպն անընդհատ կրկնվի, դրա հետևանքը կլինի այն, որ կանցնեն զենքի և դա կվերածվի փոխհրաձգության:
Երկու կողմն էլ վախենում են զենք կիրառել և չեմ կարծում, որ միջադեպեր լինեն»,- հայտարարեց Գեղամասարի համայնքապետը:
Հակոբ Ավետյանի փոխանցմամբ մարդիկ բոլորն էլ անհանգստացած են, բայց խուճապի չեն մատնվում:
«Որովհետև պատերազմի ժամանակ էնքան բաներ են տեսել, որ արդեն ամրացել են: Բոլորն էլ պատրաստ են կարիքի դեպքում զենք վերցնել ու պաշտպանել իրենց հողը»,- եզրափակեց համայնքապետը: