Նորություններ

«Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանին կամ ստիպում են, կամ պարտադրում են, և դա կարող է չբխել մեր ազգային և պետական շահերից»

Օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է թուղթ, որով եթե Բաքուն իրագործի պայմանները, 100%-ով համապատասխանում է ՀՀ շահերին: Ի՞նչ վտանգներով է հղի փաստաթղթի ստորագրումը, եթե հաշվի առնենք այն, որ դրա մասին հասարակությունը տեղեկացել է համացանցից, իսկ որևէ խորհրդարանական տեղյակ չի եղել այդ փաստաթղթի գոյության մասին։

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

«Ես որքան հասկացա վերջին օրերի վարչապետի և այլ քաղաքական ուժերի հայտարարությունների բովանդակությունից, խոսքը գնում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հստակեցման, ճշգրտման, սահմանազատման նպատակով դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ հայտարարությունը ստորագրելու մասին:

Նորայր Նորիկյան

Ուղղակիորեն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը, արտահերթ ընտրություններին նախորդող ժամանակահատվածը՝ ես ուղղակի հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ չստորագրել այդ հայտարարությունը: Խորհրդարանական ընտրություններից հետո որակապես նոր ձևավորված իշխանությունը համապատասխան քննարկումների, բանակցությունների միջոցով համապատասխան խորհրդակցություններ կանցկացնի և հետո նոր միայն համապատասխան որոշումներ կկայացնի: Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է այդ հայտարարության ստորագրմանը, այնպիսի տպավորություն է, որ նրան կամ ստիպում են, կամ պարտադրում են, և դա կարող է չբխել մեր ազգային և պետական շահերից:

Փաշինյանը պետք է ժողովրդի հետ անկեղծ լինի և ասի՝ իրեն արդյո՞ք որևէ ուժ կամ աշխարհաքաղաքական կեցվածք ստիպում է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչ նպատակ են հետապնդում այդ պահանջներն ու ստիպումները»,- հայտարարեց Նորիկյանը:

«Այն, ինչին կողմ է Հայաստանը, դեմ է Ադրբեջանը, հետևաբար ես չգիտեմ՝ ինչ 100 տոկոսանոց փաստաթղթի մասին է խոսում Փաշինյանը, որին կարող է հավանություն տալ Ադրբեջանը:

Բնականաբար Ադրբեջանի սադրիչ գործողությունները միտված են ապակայունացնելու տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունը՝ հավելյալ պահանջներ ներկայացնելով Հայաստանին և հասնելու «Զանգեզուրի միջանցքի» ձևավորմանը:

Հայաստանը պետք է կտրուկ մերժի «Զանգեզուրի միջանցքի» հասկացությունը, որովհետև չի կարող Հայաստանի սուվերեն տարածքի մաս կազմող որևէ հատված դուրս գալ Հայաստանի հսկողությունից և գտնվել որևէ սուբյեկտի իրավասության տակ և ապահովել կոմունիկացիա Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Ավելին, դա չի բխում 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունից, քանի որ հայտարարության 9-րդ կետում նշվում է կոմունիկացիաների ապաշրջափակումը, ոչ թե միջանցքի տրամադրումը: Այս առումով ես գտնում եմ, որ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ քայլերը միտված են իր կողմից գծագրվող օրակարգը սպասարկելու, որին պետք է մենք հստակ դեմ հանդես գանք:

Հասկանալի է, որ մենք պարտվել ենք պատերազմում, հետևաբար հասկանալի է մեր դրսևորած վարքագիծը, որքան հասկանալի է Ալիևի լկտի և անսանձ պահվածքը, բայց, այնուամենայնիվ, պարտված երկիր լինել դեռ չի նշանակում, որ մեր արժանապատվության, մեր պետականության, մեր ինքնիշխանության հաշվին պիտի փորձ արվի հավելյալ պահանջներ ներկայացնել: Մենք պիտի կարողանանք շտկել մեր ողնաշարը և դուրս գալ այս ստեղծված իրավիճակից՝ ապահովելով մեր կենսական շահերի պաշտպանությունը:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, և դա նշանակում է, որ ուղղակիորեն թքած ունի իր կողմից ստորագրված հայտարարության վրա, որով ընդ որում արհամարհում է նաև այդ հայտարարությունը ստորագրած ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դիրքորոշումը:

Հետևաբար այստեղ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը մտորելու խնդիր ունեն»,- եզրափակեց Նորայր Նորիկյանը:

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close